Ինչ լավն էին, ինչ թարմ էին վարդերը
Հայաստանի տնտեսական կյանքն իր հունով ընթանում է: Լրիվ ինքնուրույն ու հարահոս: Ոչ տնտեսական ներքին խնդիրներից ենք հասցնում գլուխ հանել, ոչ էլ, առավել ևս, արտաքին: Նոր կառավարությունն իր տնտեսական գործունեության ծրագիրը դեռ չի ներկայացրել:
Անկեղծ ասած, ոչ ոք էլ չի սպասում այդ ծրագրին: Ձևավորվող կառավարությունից նոր ու թարմ մոտեցումների ակնկալիք չկա: Հատկապես տնտեսության ոլորտում: Իսկ այդ ոլորտի արտաքին հատվածի հետ մեր երևութական կապը, կարծես, անտեսանելի է: Մինսկում հավաքվել էին Մաքսային միության հիմնադիր նախագահները: Դատելով օտար մամուլից` ահագին հարցեր են քննարկել: Երեկ նույնիսկ հայտարարվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը կոչ է անում ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միության հիմնական փաստաթղթերը:
Նա իրեն բնորոշ, հայտնի ոճով բառացիորեն ասել է. «Խնդրում եմ ավարտին հասցնել պայմանագրերը և վերջակետ դնել»: Որքան էլ արևմտյան երկրների ղեկավարները շարունակեն պնդել, որ «Պուտինը կորցրել է կապն իրականության հետ»: Պաշտոնական ՌԴ-ն փորձում է մի քանի երկրի, ներառյալ` նաև ՀՀ-ն, ռուսական եռաձի կառքի արագությամբ հասցնել Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններ: Այս գործընթացին Հայաստանը բավական ուշ և նույնչափ անակնկալ միացավ: Ու հիմա մեր երկրում ոչ ոք չի էլ հասցնում հասկանալ սպասվող հետևանքները: Մի կողմից` մեր ու ՌԴ պաշտոնյաների խրոխտ հայտարարություններն են, որոնցում նույնիսկ փաստաթղթերի ստորագրման ստույգ ժամկետներ են նշվում: Մյուս կողմից` մյուս հիմնադիրների` Ղազախստանի և Բելառուսի նախագահների զգուշավոր հայտարարությունները: Դրանցից ակնհայտ է, որ ստեղծվելիք կառույցների շուրջ դեռ ամեն ինչ հստակ չէ:
Մինսկի հավաքից հետո, օրինակ, Բելառուսի անփոխարինելի նախագահ Լուկաշենկոն հայտարարեց, որ դեմ է ՄՄ նոր անդամներին հատուկ կարգավիճակ տալուն: Մինչդեռ մեզ համոզում էին, որ Հայաստանը ՄՄ է մտնելու հիմնադիր անդամի կարգավիճակով: Լուկաշենկոյի հաջորդ հայտարարությունն ավելի անհասկանալի էր: Նա նշում է, որ մինսկյան գագաթաժողովից հետո իր մոտ «հարցերի շրջանակ է ծագել, որոնց շուրջ կարծիքները տարբերվում են, իսկ դրանց թվարկումը մտահոգիչ է»: Ի՞նչ հարցեր են, ի՞նչն է մտահոգում միությունների ակունքին կանգնած նախագահին, պարզ չէ: Գոնե՝ մեզ: ՄՄ-ին միանալու որոշման հայտարարությունից հետո ոչ ՀՀ ղեկավարները, ոչ աշխատանքային խմբերի փորձագետներն ու մասնակից պաշտոնատար անձինք ոչինչ չեն բացատրում:
Երբ Լուկաշենկոն իր դժվար թաքցվող անհամաձայնությունն արտահայտում է` «ԵՏՄ համաձայնագրում ավելի շատ տնտեսություն պիտի լինի, քան քաղաքականություն», ահագին բան հասկանալի է դառնում: Այսինքն` ակնհայտ, որ այդ տնտեսական հայտարարված կառույցի հիմնադիրներից մեկն անողոքաբար փորձում է կառույցը դարձնել զուտ քաղաքական: Կարելի է հետևել Բելառուսի նախագահի օրինակին ու բացահայտ չասել, թե ում մասին է խոսքը, բայց բոլորն էլ գիտեն: Մեր տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանը հայտնվել է միջազգային բավական նուրբ իրավիճակում: Իրավիճակ, որում առաջին հերթին` քաղաքական աջակցություն է պետք:
Ուկրաինայի հանդեպ իր կոշտ պահվածքի պատճառով արևմտյան բոլոր երկրները՝ ներառյալ ԱՄՆ-ը ու արևելյան Ճապոնիան, տնտեսական պատժամիջոցներ են կիրառում: Բայց նույնիսկ արևմտյան փորձագետների կարծիքով` այդ պատժամիջոցներն արագ արդյունք չեն տալու: ՌԴ-ն նախ՝ հասցրել է ոսկու և տարադրամի բավական լուրջ պահուստ կուտակել: Եվ երկրորդ՝ արևմտաեվրոպական երկրներին այդքան արագ չի հաջողվի ազատվել Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունից: Բայց, որ դրանք ի վերջո բացասական հետևանք են ունենալու, ոչ ոք չի վիճարկում:
Անգամ պաշտոնական Մոսկվան: ՌԴ Նախագահը հրապարակավ հայտարարել է` «Մենք մի կերպ յոլա կգնանք, իսկ մեր արևմտյան գործընկերները՝ ոչ»:
Պաշտոնական վերջին հրապարակված տվյալներով` 2012-ին ՀՀ-ի և ՌԴ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ մեկ մլրդ 340 մլն դոլար: Ընդ որում, մեկ մլրդ 57 մլն-ը ներմուծումներն են Ռուսաստանից: Եթե սրան գումարենք այն կիսապաշտոնական տեղեկատվությունը, որ տրանսֆերները ՌԴ-ից վերջին տարիներին համարյա համադրելի են երկու երկրների միջև արտաքին առևտրի ծավալներին՝ տխուր բան կստացվի: Մեր տնտեսությունը կտրուկ ու կայուն կապերով ամրակցվում է մի տնտեսության` որին ծանր ապագա է սպասվում:
Մեր աշխարհաքաղաքական միակ գործընկերը դառնում է անկանխատեսելի անցյալ ու ապագա ունեցող ՌԴ-ն: Նույնիսկ այս ոլորտում, նախկին վարչապետի բառապաշարով ասած, մեզ չի հաջողվում դիվերսիֆիկացնել տնտեսական ռիսկերը: 19-րդ դարի առաջին կեսին ռուս պոետ Մյատլեևը գրեց իր հանրահայտ բանաստեղծությունը՝ «Ինչ լավն էին, ինչ թարմ էին վարդերը»: 20-րդ դարի առաջին կեսի մեկ այլ պոետ՝ Սևերյանինը, կրկնեց՝ «Ինչ լավն էին, ինչ թարմ էին վարդերը»: Կրկնեց ու ավելացրեց, «Որ իմ երկիրը կշպրտի իմ գերեզմանափոս»: Հիմա 21-րդ դարի առաջին կեսն է: