2020թ. սեպտեմբերի 30-ին ես այս աշխատասենյակում հանդիպել եմ ՀՀ-ում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ. Սերժ Սարգսյան
«Իմնեմի» փոդքասթի եթերում Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի, այդ օրերին Արցախ մեկնելու, ՀՀ երեք նախագահների կոնսոլիդացիայի մասին հարցադրումներին:
Կասե՞ք՝ ինչպե՞ս էիք պատկերացնում Ձեր ավանդը՝ հնարավոր ավելի դրական հանգուցալուծման մեջ և ի՞նչ խնդիրների բախվեցիք թե՛ Դուք, թե՛ Ձեր մասնակցությամբ նաև նախագահների այդ ընթացքը, հետաքրքրվեցին հաղորդավարները:
Ի պատասխան՝ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ այդ գաղափարը ծնվեց, երբ և՛ ՀՀ երկրորդ նախագահը, և՛ ինքը Արցախում էին:
«Իհարկե, տարբեր ժամանակահատվածներում էինք գնացել: Ես իմ մասին ասեմ՝ համոզվեցի, որ մեր գործերը շատ վատ են գնում… Խոսքը հոկտեմբերի ամենասկզբի մասին է, բայց մինչ այդ էլ մի բան ասեմ, որ երբեք չեմ ասել. սեպտեմբերի 30-ին ես այս աշխատասենյակում հանդիպել եմ ՀՀ-ում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ, որին, իր խնդրանքով, գնահատական եմ տվել տեղի ունեցող իրադարձություններին, և ասել, որ արդեն վատ զգացողություն ունեմ, կարծում եմ՝ մեր գործերն այդքան էլ լավ չեն գնում, և եթե տեղի ունենա ողբերգություն, ապա Հայաստանում իրավիճակը շատ է փոխվելու, առաջանալու են հակառուսական տրամադրություններ և սրանք փորձելու են Հայաստանը դուրս տանել մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող կառույցներից: Շարունակությունը չասեմ. ուղղակի իմ ասածի իմաստն այն է, որ արդեն սեպտեմբերի 30-ին ես այդ առումով վատ զգացողույթւոն ունեի»,-մանրամասնեց Սերժ Սարգյանը:
ՀՀ երրորդ նախագահը տեղեկացրեց նաև, որ երբ հասել է Արցախ, այնտեղ էին նաև ՀՀ երկրորդ նախագահը, Արցախի երկու պաշտոնաթող նախագահները, և իրենց մարտական ընկերներից մի քանի հոգի:
«Ես ուղղակի խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի կազմակերպի հանդիպում. ասացի՝ Արցախի նախագահին ասա, որ ես շատ եմ խնդրում, որպեսզի ինձ ընդունի: Ի՞նչ էի ուզում ասել այդ ընդունելության ժամանակ. նախ ուզում էի ասել, որ ես տեսնում եմ, որ մենք գնում ենք պարտության, և անհրաժետ է համոզել ՀՀ կառավարիչներին, որպեսզի դադարեցնեն պատերազմը՝ խնդրելով ՌԴ նախագահին:
Եվ երկրորդ, պետք է ասեի՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել. ի վերջո, տևական ժամանակ ես զբաղվել եմ այդ գործով, գրեթե անխտիր ճանաչում էի այնտեղ մարդկանց, որոնք ի վիճակի էին պաշտպանություն կազմակերպելու, տարբեր խորհուրդներ ունեի տալու:
Բակո Սահակայնը մի քանի ժամ հետո ինձ ասաց, որ այստեղ չի գործող նախագահը, գնացել է Մարտակերտ, այնտեղ վիճակը լարված է: Ես արդեն ինչ-որ բան զգացի, որովհետև եթե մարդն իմ խորհրդի կամ աջակցության կարիք ունենար, ձև կգտներ հանդիպելու:
Եվ, ցավոք, սրտի, իմ այդ վատ կանխատեսումը ինձ չխաբեց. հաջորդ օրը Բակո Սահակյանն ասաց՝ գործող նախագահը (Արայիկ Հարությունյանը,-հեղ.) ներողություն է խնդրում և չի կարող ընդունել, որովհետև… այդ «որովհետև»-ը չասեմ էլի…»:
Սերժ Սարգսյանը նկատեց, որ հենց այդ օրերին պայմանավորվածություն եղավ, ՀՀ նախկին նախագահները հանդիպեցին:
«Երևանում հավաքվեցինք, և որոշեցինք, որ ճիշտ կլինի՝ երկու հոգի՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները գնան Մոսկվա և շոշափեն տրամադրությունները՝ հնարավո՞ր է արդյոք հրադադար, կամ պատերազմի ավարտ հայտարարել: Ուղղակի մի խնդրանք կար, որ բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը պետք է համաձայնեցնեին ՀՀ կառավարչի հետ, որ գոնե ինքը զանգահարի, կամ տեղյակ պահի, որ ՀՀ առաջին և երկրորդ պաշտոնաթող նախագահները գալիս են այդտեղ շփվելու` ոչ թե ՌԴ նախագահի հետ, այլ ԱԳ նախարարի հետ, բայց, ցավոք սրտի, պատասխանը եղավ այն՝ դե, իրենք ուզում են, թող գնան… Բայց հո այդ մարդիկ սովորական քաղաքացիներ չե՞ն և ոչ էլ այդ ընդունող կողմն է միամիտ, որ առանց կառավարչի համաձայնության հանդիպեն:
Իմիջիայլոց, այդպիսի պատասխանել է եղել, որ՝ դե հենա, մեր արտգործանախարարը օրը մի քանի անգամ խոսում է Լավրովի հետ, էլ ո՞ւր եք գնում»,- մանրամասնեց նա:

