Հայցերս մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել Հանրային ռադիոյի աշխատակիցների ազատ խոսքի իրավունքը, ինչն ունեցել ենք տասնամյակներ շարունակ․ Ալիսա Գևորգյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է լրագրող Ալիսա Գևորգյանի հայցն ընդդեմ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի՝ անվավեր ճանաչելով վերջինիս որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին։

168am-ը թեմայով դեռ ամիսներ առաջ` «Իր կնոջ ֆեյսբուքյան հրապարակումները՝ հե՞չ, աշխատակիցներինը՝ մե՞ջ Արմեն Քոլոյանի նախապայմանները՝ Հանրային ռադիոյում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղեկացրել էր Ալիսա Գևորգյանին առնչվող պրոցեսի մասին՝ մասնավորապես գրելով․

«Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, ամիսներ առաջ Ֆեյսբուքում արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո վիրավորական մեկնաբանություններ էր արել՝ նրանց որակելով իբրև «աստծուց մոռացված դժբախտներ», նա նաև հավելել էր՝ «մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ»։

Արմեն Քոլոյանն այդ ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել իր կնոջ գրառումը, ավելին՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, թե չի կարդում իր կնոջ գրառումները։

Կարդացեք նաև

Պարզվում է՝ նա իր կնոջ գրառումները չի կարդում, բայց փոխարենը՝ հետևում է աշխատակիցների ֆեյսբուքյան անցուդարձին, ավելին՝ նկատողությունների, կարգապահական պատասխանատվությունների է ենթարկում նրանց, եթե մի բան իր սրտով չի լինում։

168am-ի տեղեկություններով, հենց այսպես, երկար տարիներ իր ու իր ընտանիքի կյանքը դրսում ապահոված Քոլոյանը, ում զավակներն այսօր էլ ապրում են արտերկրում, որոշել է խիստ նկատողությամբ, ապա՝ նաև նկատողությամբ «սաստել» Հանրային ռադիոյի երկարամյա աշխատակից Ալիսա Գևորգյանին, որի որդին՝ Դավիթ Գևորգյանը, 44-օրյա պատերազմի նահատակներից է»։

Այս հրապարակումն անելու ժամանակ Ալիսա Գևորգյանը չէր ցանկացել մեկնաբանություններ տալ, և մենք զրուցել էինք միայն նրա փաստաբան Կարինե Ղաշանգյանի հետ։

Այսօր արդեն՝ դատարանի որոշումից հետո, Հանրային ռադիոյի երկարամյա աշխատակից Ալիսա Գևորգյանը 168am-ին փոխանցեց․

«Հանրային ռադիոյի տնօրենի կողմից երկու նկատողություն եմ ստացել, և երկուսի պատճառն էլ քննադատություն պարունակող գրառումները կիսելն էր։ Այն հայցը, որը շահել եմ, վերաբերում էր Արամ Աբրահամյանի գրառման վերահրապարակմանը:

Հայցերս մեկ նպատակ ունեն՝ ընդամենը պաշտպանել Հանրային ռադիոյի աշխատակիցների ազատ խոսքի իրավունքը, ինչն ունեցել ենք տասնամյակներ շարունակ։ Մեզ համար կարծիք արտահայտելը, այդ թվում՝ մեր սոցիալական էջում, երբևէ չի հետապնդվել և դրա համար տնօրենների կողմից ոչ միայն նկատողության, այլ նաև՝ անգամ բանավոր քննադատության չենք արժանացել։

Ռադիոն միշտ առանձնացել է իր ներքին ժողովորդավարությամբ, ազատ խոսքով, և այն մթնոլորտը, որը ստեղծված է հիմա՝ վերջին մեկ տարվա ընթացքում, մեզ համար անբնական էր:

Ռադիոն շարունակում է մնալ իմ հարազատ տունը՝ անկախ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխություններից. Հանրային ռադիոյում ապրել եմ իմ կյանքի 30 տարիները, այնտեղ նաև իմ սիրելի գործընկերներն են, որոնց ուղղակի համբերություն եմ մաղթում»:

Ալիսա Գևորգյանի փաստաբան Կարինե Ղաշանգյանն էլ տեղեկացրեց․ «Դատարանը հայցը բավարարել է ամբողջությամբ, իր պատճառաբանական մասում շեշտադրումը կատարել է այն հանգամանքի վրա, որ որոշումը, որի հիման վրա էլ հենց տրվել էր կարգապահական նկատողությունը, ընդունված է եղել մի օրենքի հիման վրա, որը 2020 թվականից այլևս չի գործում: Խոսքը Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշման մասին է։ Նորմատիվ իրավական ակտն այլևս չի գործում, հետևաբար՝ նրա գործողության ժամկետն էլ»:

Անդրադառնալով նմանատիպ բովանդակությամբ երկրորդ նկատողության առնչությամբ հայցին՝ փաստաբանը նկատեց, որ 2-րդ գործի քննությունը ևս ավարտվել է;

«Սպասում ենք վճռի հրապարակմանը։ Հիշեցնեմ՝ 2-րդ գործը խիստ նկատողությանն էր վերաբերում։

Նույն հիմնավորումները ես ակնկալում եմ, որ պիտի 2-րդ գործը ևս ունենա, որովհետև 2 նկատողություններում էլ՝ և՛ խիստ նկատողության, և՛ ուղղակի նկատողության, իրավական հիմնավորումը եղել է 2019 թվականի այդ 52-Լ որոշումը, որը դատարանը գնահատել է ոչ իրավաչափ»,- հավելեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս