
Ապուշ քաղաքականության երջանիկ հպատակները

Տարբեր երկրներում երջանկության մակարդակը գնահատող համաշխարհային կազմակերպություններից մեկի վերջին զեկույցում արձանագրված է, որ Հայաստանը Հարավային Կովկասի ամենաերջանիկ պետությունն է։
Վերջին հինգ տարիներին իր պատմության ամենամեծ ողբերգությունն ապրած ու դեռևս շարունակվող աղետներ ապրող ժողովուրդը, փաստորեն, ավելի երջանիկ է, քան իրեն այդ աղետները պատճառած ադրբեջանցիները կամ կորուստներից խուսափել կարողացող վրացիները։ Այս պարադոքսը գուցե պայմանավորված է «պարտությունը հաղթանակ է» կամ «մենք մեզ պարտված չենք համարում» մեղմասացություններով, որոնք արդեն հինգ տարի իշխանությունը ներարկում է հասարակության մտքերն ու հոգիները։
Բայց դա կլինի մակերեսային բացատրություն, որովհետև իշխանության տարածած կարգախոսներն անիրական են, իսկ իրենց երջանիկ համարող քաղաքացիների կորուստները՝ միանգամայն մարմնական ու շոշափելի՝ հազարավոր զոհերի ու կորսված Արցախի տեսքով։
Այդ դեպքում պետք է լինի այլ բացատրություն՝ ինչպե՞ս են հազարավոր երիտասարդների հուղարկավորած ու հազարավոր քառակուսի կիլոմետրերով չափվող հայրենիքից զրկված ժողովրդի ներկայացուցիչներն իրենց համարում երջանիկ։
Կարող է կոպիտ հնչել՝ բայց դա հնարավոր է միայն մտավոր անհամարժեքության պարագայում, որը ժողովրդական լեզվով արտահայտվում է «երջանիկ ապուշ» բնորոշմամբ։ Որքան էլ տհաճ, բայց դա իրականությանը մոտ թվացող բացատրություն է։ Եվ պատճառը հայերիս մտավոր կարողությունները չեն, ոչ էլ էմոցիոնալ անհամարժեքությունը։ Ապուշացումը համաշխարհային միտում է, որին որոշ ազգեր տրվում են ավելի հեշտորեն, մյուսները փորձում են դիմադրել։
«Լաբորատորիա» հաղորդաշարի ընթացքում նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեջբերում է հեղինակավոր գիտնականներից մեկի հետազոտությունը, որը դիպուկ բնորոշում է վիրտուալ իրականության ազդեցությունը հասարակությունների վրա․ «Սոցցանցերի պարագայում քաղաքականությունը դառնում է ապուշ»,- եզրակացնում է հեղինակը։ Այդ ախտանիշը մենք տեսնում ենք ամենօրյա ռեժիմում։
Երջանիկ կամ դժբախտ լինելու համար անհատը, հանրույթը պետք է ունենա սեփական ապրումներ, սեփական մտածողություն, սեփական դատողություններ։ Սոցիալական ցանցերը մարդկանց տալով թվացյալ ամեն ինչ՝ իրականում զրկում են սեփական ինտելեկտուալ ու հոգևոր ապրումների կարողականությունից։
Զրկում են՝ ոչ թե բռնությամբ, այլ՝ միանգամայն կամավոր ու հաճելի հիմունքներով։ Սոցցանցերում վաղուց արդեն չեն տարածվում մաքուր տեղեկություններ, փաստեր, արձանագրումներ, այսինքն՝ օբյեկտիվ իրականություն։ Սոցցանցերն այդ օբյեկտիվ իրականության մասին սուբյեկտիվ գնահատականների՝ կարծիքների, մեկնաբանությունների տիրույթներ են, որոնցում ներգրավված մի քանի հարյուր կամ մի քանի հազար «երևելիները» շարքային օգտատերերին պահում են կարծիքների մշտական տիրապետության տակ։
Բովանդակային իմաստով դրանք ոչ թե սոցիալական ցանցեր են, այլ սոցիալական թակարդներ կամ մեկուսարաններ։ Կարևոր չէ՝ մարդիկ սպառում են իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր «կարծիք»։
Էականն այն է, որ դրանիցից որևէ մեկը սպառելով՝ նրանք ժամանակի հետ դադարում են ունենալ և ձևավորել սեփական կարծիք։ Իսկ եթե պատահում է, որ սեփական կարծիք ձևավորում են, ապա մեծ է վտանգը, որ ընդունված դոգմաներից տարբերվող այդ կարծիքից կարող են հրաժարվել՝ մեծամասնությանը պատկանելու և մարգինալ չդառնալու նպատակով։
Իհարկե, կյանքը Հայաստանում միայն վիրտուալ տիրույթում չէ և բազմապատիկ ավելի ընդգրկուն է սոցցանցերից դուրս։ Խնդիրն այն է, սակայն, որ քաղաքականության մեխանիզմում դերակատարում ունեն ոչ թե սոցցանցերից դուրս ապրող հարյուր-հազարավորները, այլ դրանցում բառի ուղիղ և ֆինանսական փոխհատուցման իմաստով ապրող մի քանի հազարները, որոնց հիմա վերամբարձ կերպով անվանում են «հանրային կարծիք ձևավորողներ», «հասարակական տրամադրություն ստեղծողներ»՝ մատնելով իրողությունը, որ նրանց գոյության նպատակը մարդկանց սեփական կարծիքից ու տրամադրությունից զրկելն է։
Իսկ առանց սեփական կարծիքի շատ հեշտ է պարտությունը համարել հաղթանակ, երբ այդ մասին գրում ու խոսում են հազարավորները, կամ կորուստն ընկալել որպես ձեռքբերում, երբ այդ կորուստը սոցցանցերում քննադատող մյուս հազարավորների մի մասը ձեռքբերումներ է ունենում իրական կյանքում։
Հենց սա է ընկած քաղաքականության ապուշացման ինդուստրիայի հիմքում, որի շահառուներն ամենևին ապուշներ չեն, այլ ընդամենը քաղաքականապես կապիտալիզացնում են մարդկանց ապուշացումից ստացվող դիվիդենտները՝ այդ նույն մարդկանց համոզելով, որ իրենց են պարտական ապուշացումից երջանիկ զգալու համար։