Մեր մասին

«168 Ժամը»սկսել է գործել 2004 թվականի սեպտեմբերի 9-ից: Այդ օրը լույս տեսավ «168 Ժամ» շաբաթաթերթի առաջին համարը: Կարճ ժամանակի ընթացքում «168 Ժամն» իր հաստատուն տեղը գրավեց հայկական լրատվական դաշտում, ինչը մեզ վստահություն ներշնչեց նախաձեռնելու մեր հետագա նախագծերը:

 

«168 Ժամ» թերթ

«168 ժամ» թերթը հիմնադրվել է 2004 թվականի սեպտեմբերի 9-ին և կանոնավոր լույս է տեսնում մինչև օրս: Հրապարակվում է շաբաթը երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Երեքշաբթի և շաբաթ օրերին լույս տեսնող թերթը առավելապես տեղեկատվական ուղղվածություն ունի, աշխատում է օրաթերթի ռեժիմով: Իսկ հինգշաբթի օրվա համարը, բացի լրատվությունից, առաջարկում է նաև բազմաբովանդակ վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ: «168 Ժամ» թերթի գործունեության ամենակարևոր սկզբունքը անաչառությունն է, որևէ երևույթի, հիմնախնդրի վերաբերյալ առավելագույն չափով և բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը: «168 Ժամը» քննադատում է ոչ թե անձանց, այլ երևույթները: «168 Ժամը» անդրադառնում է մեր կենսագործունեության բոլոր ոլորտներին` քաղաքականություն, տնտեսություն, հասարակական հարաբերություններ, կրթություն, մշակույթ և այլն: Անցած տարիների մեր գործունեության մեջ ընդգծված կերպով առանձնացել է սոցիալական բնագավառի հիմնախնդիրների լուսաբանումը: «168 Ժամի» էջերում հրապարակվել են սոցիալական ծանր պայմաններում ապրող, պետության ու հասարակության կողմից անտեսված հարյուրավոր մարդկանց պատմություններ: Բարեբախտաբար, այդ հրապարակումներից շատերին արձագանքել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ` օգնության ձեռք մեկնելով խոցելի խմբերի քաղաքացիներին: Այդ քաղաքականությունը «168 Ժամը» շարունակելու է նաև առաջիկայում` ավելի ընդլայնելով սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց պատմությունների լուսաբանման ձևաչափերը: Մեր գործունեության հիմքում ընկած է մարդը, քաղաքացին: «168 Ժամի» բոլոր հրապարակումների պատվիրատուն, գնահատողը և սպառողը քաղաքացիներն են: Մեր գործունեության հիմնական ուղենիշը մարդու` տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացումն է:

 

www.168.am

www.168.am ինտերնետային կայքը «168 Ժամի» գործունեության շարունակությունն ու ընդլայնումն է վիրտուալ տարածության մեջ: Կայքը տրամադրում է անընդհատ թարմացվող` on-line տեղեկատվություն մեր կյանքի բոլոր բնագավառների ու տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: www.168.am-ում կարող եք գտնել նաև վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ քաղաքականության, տնտեսության, հանրային կյանքի, մշակույթի վերաբերյալ: Կայքը հատուկ ուշադրություն է դարձնում գիտության ու կրթության ոլորտում կատարվող զարգացումներին, առաջին հերթին` տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող նորություններին: Մեր կայքի «Գիտություն» բաժնում կարող եք ծանոթանալ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում և Հայաստանից դուրս կատարվող բոլոր իրադարձություններին, ոլորտի տեղական ու համաշխարհային մասնագետների գնահատականներին ու կարծիքներին: Սոցիալական հիմնախնդիրների լուսաբանումը կայքում նույնպես լինելու է մեր գերակայություններից մեկը: Նման խնդիրներ ունեցող քաղաքացիների մասին մեր լրագրողները պատրաստում են ոչ միայն գրավոր հրապարակումներ, այլև ֆոտոպատմություններ ու տեսանյութեր: www.168.am-ում կպատրաստվեն նաև տեսանյութեր և հաղորդումներ: Յուրաքանչյուր շաբաթ մեր տաղավարներում կհյուրընկալենք քաղաքական գործիչների, փորձագետների, հանրային կյանքում ասելիք ունեցող մարդկանց:

 

«Pressing» ակումբ

«Pressing» ակումբը հիմնադրվել է 2007 թվականին: Անցած 5 տարիների ընթացքում ակումբում կազմակերպվել են ավելի քան 80 բանավեճ-քննարկումներ պետության ու հասարակության կենսագործունեությանն առնչվող գրեթե բոլոր թեմաների շուրջ: Այդ քննարկումներին մասնակցել են քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի գրեթե բոլոր ներկայացուցիչները` լրագրողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, փորձագետներ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ու պետական կառավարման մարմինների տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում` բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Pressing»-ի հաջողության գրավականը դարձել է այն, որ այստեղ հնարավոր է դառնում նույնիսկ ամենամոլի քաղաքական հակառակորդներին, տրամագծորեն հակադիր տեսակետներ ունեցող հանրային գործիչներին ներքաշել կառուցողական բանավեճի հարթություն` հնարավորություն տալով ոչ միայն ուղղակի արտահայտվել, այլև գտնել խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ: «Pressing»-ի առաքելությունն է` նպաստել Հայաստանում քաղաքական բազմակարծության ապահովմանը, բանավեճի քաղաքակիրթ մշակույթի արմատավորմանը և միավորել հասարակության ինտելեկտուալ հատվածին` ամենատարբեր բնագավառներից: «Pressing»-ում կազմակերպված քննարկումների ամփոփ հավելվածները նախկինում հրապարակվում էին միայն «168 Ժամ» թերթի էջերում: Առաջիկայում «Pressing»-ը www.168.am կայքում կներկայանա նաև վիդեոտարբերակով:

Տեսանյութեր

Լրահոս