«Սերժի վախտ» ես աշխատում էի. զենքով բեռնված 1500 չվերթ ԻԼ-76 է եկել Ռուսաստանից. Սերժ Սարգսյան

«Պետության ղեկավարը պետք է ընտրի` ուզում է հաճոյանա՞լ հանրությանը, թե՞ խնդիրներ լուծել։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք-զինամթերքի վաճառքի մասին հրապարակավ չխոսելով Հայաստանի ղեկավարությունը հասել է նրան, որ ռազմատեխնիկական մեծ օժանդակություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունից»,- այս մասին 2023 թվականին «Քաղաքացիական կրթության» դպրոցում իր բանախոսության ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Արմքոմեդի»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանի հարցին, որը հետաքրքրվել էր երրորդ նախագահից, թե այսքան բանակցային ձեռքբերումներ ունենալուց հետո ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսն այդքան արագ փլուզվեց, և ինչո՞ւ դեմարշներ չեղան։

Ուսանողների հետ այս հանդիպման տեսագրության հատվածներն առաջին էին հրապարակվում «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի ընդմիջման ժամանակ։

«Արտաքին քաղաքականությունն ունի բազմաթիվ առանձնահատկություններ։ Այն խնդիրները, որ դու փորձում ես լուծել, հրապարակայնացնելուց հետո դառնում են քեզ համար պրոբլեմներ։ Մեծ մասը։ Իրոք դառնում էին պրոբլեմներ, և ավելի նպատակահարմար էինք մենք գտնում, որ այդ խնդիրները լուծեինք լուռ, լուծեինք ներազգային շահերից ելնելով, քան թե սարքեինք պրոբլեմ։

Ի՞նչը նկատի ունեմ։ Կոնկրետ օրինակ կարող եմ բերել։ Մենք, իհարկե, ազգովի դժգոհ էինք, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Ես, իհարկե, հրապարակավ անդրադարձել եմ այդ խնդրին, բայց անդրադարձել եմ այնպես, որ որևէ ռուս փորձագետ չկարողանա կշտամբել։ Ես ասել եմ, որ ժողովուրդը ծանր է տանում, և ցանկացած հարցի պարագայում ես միշտ ասում եմ` բա ուզում եք հակառուսական տրամադրություններ առաջանա՞ն։ Ես կարող էի բազմաթիվ այլ ձևեր ասել, բայց հրապարակավ դրա մասին չխոսելով մենք հասանք նրան, որ ունեցանք մի հաստափոր ցուցակ ՌԴ-ից ռազմատեխնիկական օժանդակություն ստանալու, և նվազագույնը 1500 չվերթ ԻԼ-76 է նստել Երևանի օդանավակայաններում չհաշված նաև ավելի մեծ տարողությամբ ինքնաթիռներ, որոնց մասին հենց որ առիթը գա, կխոսեմ», – պատմել է Սերժ Սարգսյանը։

Հանրապետության 3-րդ նախագահն այս հարցի համատեքստում շեշտել է` կա ընտրություն ինչպես և որքան հաճոյանալ հանրությանը. «Եթե դու նախընտրում ես հաճոյանալ քո հանրությանը, դա նշանակում է, որ դու բազմաթիվ պրոբլեմներ ես կուտակում։ Սա շատ ակնհայտ է։

Դու պիտի հասկանաս, ես նկատի ունեմ կառավարիչը և կառավարության անդամները պիտի հասկանան, որ իրենց միայն Հայաստանում չեն լսում. զուգահեռաբար լսում են Ադրբեջանում էլ, Ռուսաստանում էլ, Թուրքիայում էլ, Իրանում էլ, Եվրոպայում էլ, գումարած այդ երկրներում գտնվող հայկական համայնքները, և շատ պարագաներում հայ ժողովրդի ակնկալիքները չեն համընկնում այդ երկրների կարծիքներին։ Դրա համար պետք է խնդիրներ լուծես և ոչ թե հաճոյանաս քո հանրությանը։ Իհարկե, հանրության հետ էլ պետք է աշխատել։ Միանշանակ պետք է աշխատել։ Դե մենք հնարավորինս չափ աշխատում էինք։ Միգուցե մեր պրոբլեմներից մեկն էլ հենց դա էր»։

Իսկ հարցի մյուս մասին, թե «Սերժի վախտ ինչո՞ւ այսպիսի հանդիպումներ չէիք կազմակերպում», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նարեկ ջան, «Սերժի վախտ» ես աշխատում էի»։

Տեսանյութեր

Լրահոս