«Եթե 5 անգամ էինք պատը ծեծում, նշանակում էր՝ շատ շտապ է». Սերժ Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների մասին
«Գիտեի, որ Երևանում կա նվազագույնը մեկ մարդ, որին օրվա ցանկացած ժամի կարող էի զանգել»,-այս մասին այսօր AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատմելով այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ Արցախի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին։
Նա նշեց, որ Արցախի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զգացել է և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, և Վազգեն Սարգսյանի աջակցությունը։

«Իսկ Վազգենի հետ ընկերությունից ավելի խոր հարաբերություններ ենք ունեցել, և, այո, դա եղել է նաև մինչև Հայաստան՝ Երևան, տեղափոխվելը։ Ես գիտեի, որ Երևանում կա նվազագույնը մեկ մարդ, որին օրվա ցանկացած ժամի կարող էի զանգել և իմ ծայրահեղ անհրաժեշտությունները իրեն ներկայացնել»,-ասաց Սերժ Սարգսյանը։ Նրա հավաստիացամբ, Վազգեն Սարգսյանը հնարավոր ամեն ինչ անում էր այդ կարիքների լուծման համար։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց այն տեղեկությունները, որ Արցախից Հայաստան տեղափոխվելուց և ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Կառավարական ամառանոցում մեկ պատ է բաժանել Վազգեն Սարգսյանի և իր ընտանիքի տունը։
«Եթե պետք էր հանդիպել, պատը ծեծում էինք, եթե 5 անգամ էինք պատը ծեծում, նշանակում էր՝ շատ շտապ է»,-ծիծաղելով պատմեց Սերժ Սարգսյանը։ Նա նշեց, որ երբ անհրաժեշտություն կար խոսելու, իրար չէին սպասեցնում։
«Այնպես չէր, որ Վազգենը շուտ էր տուն գալիս, խնդիրն այլ բանում էր՝ Վազգենն այդ ժամանակահատվածում հիմնականում Սյունիքում էր՝ պետնախարար էր, այնտեղ էր լինում, հաճախ էր գալիս Երևան»,-ասաց Սարգսյանը։
ՀՀԿ ղեկավարն ասաց, որ չի ցանկանում խոսել այն տղաներից, ովքեր Հայաստանում չեն։ Խոսքը, Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին էր, մասնավորապես, Բակո Սահակյանի։ «Աստված տա, իրենք վերադառնան, միասին կպատմենք…»,-ասաց նա։

