Կայսրն ու ներքինին

«Ճապոնիայի կառավարությունը չափազանց ցավալի է համարում, որ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն խորհուրդ է տվել վերանայել Կայսերական գահատոհմի օրենքը, որպեսզի գահը ժառանգելիս ապահովվի գենդերային հավասարություն»,- նախօրեին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին՝ ի պատասխան ՄԱԿ-ի այդ կոմիտեի՝ ճապոնական իշխանություններին ուղղված հորդորի, որով կոչ է արվում ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոնք վերանայել են գահաժառանգության մասին իրենց օրենքները, և «փոփոխություններ մտցնել Կայսերական գահատոհմի մասին օրենքում՝ երաշխավորելու կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը գահը ժառանգելիս»։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»,- երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։

Այս երկու՝ միանգամայն տարբեր պատմությունները պետությունների կյանքում ազգային ինքնության ունեցած դերի, դրա պաշտպանության ու դրա վերացման մասին պատմություններ են։

Ճապոնիան երկրագնդի ամենազարգացած, Մեծ յոթնյակի անդամ երկրներից մեկն է՝ տնտեսական ցուցանիշներից՝ մինչև նորարարություն, տեխնոլոգիական առաջադիմությունից՝ մինչև կյանքի որակ։ Այդ կարգավիճակին Ճապոնիան հասել է սարսափելի դժվար, արյունալի ճանապարհով՝ սկսած 19-րդ դարին տեղի ունեցած Մեյձիի հեղափոխությունից, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած կապիտուլյացիա։ Անցած շուրջ երկու դարերի ընթացքում Ճապոնիան ենթարկվել է արմատական փոփոխությունների, որոնց մի մասը կատարել է սեփական որոշումների արդյունքում, մյուս մասը՝ որպես հաղթանակած երկրների պահանջներ։ Ճապոնիան համարվում է կամավոր ու հարկադրված փոփոխություններ իրականացրած պետության եզակի օրինակ, որը մշտապես գրավում է՝ ինչպես ակադեմիական շրջանակների, այնպես էլ՝ քաղաքականությամբ զբաղվողների ուշադրությունը։

Կարդացեք նաև

Քննարկվող թեմայի տեսանկյունից այդ փոփոխությունների դասն է, Ճապոնիան՝ անգամ պատերազմում կապիտուլյացիայից հետո հարկադրված ընդունելով իրեն առաջադրված պահանջները, համակերպվելով սեփական սահմանադրությունը ԱՄՆ-ի կողմից գրելու պարտադրանքին, բազմաթիվ համակարգային քայլեր կատարելով նույն արևմտյան ճնշման տակ և արևմտյան մոդելների կիրառմամբ (ճապոնացիաները ոչ թե կուրորեն փոխառել են այդ մոդելները, այլ դրանք ճշգրտորեն համապատասխանեցրել են իրենց առանձնահատկություններին), այդուհանդերձ ի սկզբանե ամրագրել է կարմիր գծեր, անփոփոխելի արժեքներ, որոնք անձեռնմխելի են մնացել անգամ ամենածանր ու ճգնաժամային պայմաններում։

Ի թիվս այլ կառուցակարգերի, ճապոնացիները որպես անձեռնմխելի են սահմանել իրենց լեզուն և Կայսեր պաշտամունքը։ Եվ այսօր՝ լինելով առաջադեմ աշխարհի առաջատար անդամներից մեկն ու արևմտյան տնտեսաքաղաքական գլոբալ համակարգի մի մասը, Ճապոնիան, այդուհանդերձ, նախանձախնդիր է իր համար անսակարկելի արժեքների՝ գործնականում զուտ արարողակարգային նշանակություն ունեցող Կայսեր կարգավիճակի պաշտպանության հարցում, թեև, եթե տուրք տար արևմտյան կաղապարներին, չպետք է առարկեր ոչ միայն Կայսեր սեռի մասին իրեն հղվող հորդորներին, այլ հրաժարված կլիներ Կայսեր ինստիտուտից։

Բայց Ճապոնիան վարվում է ճիշտ հակառակ կերպ՝ մաս լինելով արևմտյան՝ մասամբ քաղաքակրթական ու ամբողջությամբ  աշխարհաքաղաքական  գլոբալ համակարգին, այդուհանդերձ պաշտպանում է այն արժեքները, որոնք կարևոր են իրենց ազգային ինքնության համար։  

Միանգամայն հակառակ պատկերն է Հայաստանում, որը լինելով պատերազմում պարտված երկիր, հրաժարվել է նաև պարտվածներին հատուկ արժանապատվությունից և հանուն կոնյունկտուրային նպատակների, պատրաստ է խաչ քաշել այն հարցերի վրա, որոնք կազմում են հայկական ինքնության կարևոր մասը։ Ասվածը վերաբերում է հենց ինքնությանը և ոչ թե արտաքին քաղաքականությանը։

Զուտ արտաքին քաղաքական մարտավարության առումով՝ Հայոց ցեղասպանությունն օրակարգի առաջնահերթություն համարելը կարող է քննարկելի լինել։ Բայց այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը՝ պատմաբանի կարիերայի մի մասը Հայոց ցեղասպանության թանգարանում անցկացրած Արարատ Միրզոյանի շուրթերով, ոչ թե օրակարգի առաջնահերթությունների փոփոխություն է, այլ Հայոց ցեղասպանության ուրացում՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Միրզոյանի հնչեցրած արտահայտությունները գրեթե ամբողջությամբ նույնական են Թուրքիայի իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության բառապաշարին ու կոդերին, որը, ի դեպ, Ֆրանսիայում քրեական հետապնդման է ենթարկվում։ Միրզոյանին դիվանագիտական անձեռնմխելիությունը, իհարկե, կփրկի, և Ֆրանսիայում նա հազիվ թե դատապարտվի, բայց նաև նրա միջոցով հայկական ինքնության ամենազգայուն բաղադրիչներից մեկի հանդեպ իրականացվող ոտնձգությունը երբևէ նրան չի ներվելու։

Հայոց ցեղասպանության՝ Հայկական ինքնության անբաժանելի մաս լինելու իրողությունը դրա լավ կամ վատ նշանակության մասին չէ, ոչ էլ դրա ունեցած դրական կամ բացասական ազդեցությունների։

Իրողությունը հենց նրանով է իրողություն, որ այն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը։ Հայկական ինքնության կառույցում Հայոց ցեղասպանությունը կդադարի ունենալ ներկայիս իմաստն ու նշանակությունը միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա դրա արդարացի գնահատականն ու զղջումը՝ աշխարհի և Թուրքիայի կողմից։

Հենց դրան էլ ուղղված էր ՀՀ նախկին իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը։ Հայաստանի իշխանությունը, սակայն, շարժվում է ոչ թե Հայոց ցեղասպանության առնվազն պատմական, սոցիալ-մշակութային, հոգեբանական տրավմաների վերացմամբ, այլ գնում է ավելի հեշտ՝ դրա ուրացման ճանապարհով։

Կարելի է, իհարկե, տեղի ունեցողը դիտարկել աշխարհաքաղաքական ազդեցությունների տակ գտնվող ներքաղաքական զարգացումների համատեքստում և եզրակացնել, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը որոշվելու է Անկարայում ու Բաքվում, դրա համար էլ ՔՊ-ականները մրցում են ադրբեջանամետ ու թուրքամետ հայտարարություններ անելու հարցում՝ ապահովելով իրենց տեղը հաջորդ ընտրական ցուցակում։ Բայց դա, եթե անգամ հավանական է, ավելի մակերեսային շերտ է, որն ընդամենը կարող է ցույց տալ, որ սեփական ինքնություն հրաժարվելու պատրաստ մարդիկ ու նրանց կազմավորած քաղաքական ուժերը չունեն որևէ արգելակ ու կարմիր գիծ ու հանուն իրենց իշխանության՝ չեն կանգնում ոչնչի առջև։

Առանց ազգային ինքնության պետություններ չեն լինում։

Պետությունը վերացումը սկսվում է ազգային ինքնության վերացումով, ինչով և զբաղված է Հայաստանի իշխանությունը, որը մի կողմից՝ փորձում է դատարկել հանրային հիշողությունը (Միրզոյանի հայտարարությունը դրա խտացված արտահայտություններից է) և լցնել ստամոքսը («Այստեղ հաց, այստեղ կաց», ուտելիքի պաշտամունքի փաշինյանական, ՔՊ-ական այլ կարգախոսներ)։

 

Տեսանյութեր

Լրահոս