Սա դիրիժորություն էր, բայց վատ առումով. Սերժ Սարգյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ ի սկզբանե գործող իշխանությունը հակված չէր վեր հանելու այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ, այդ պատճառով էլ չհրապարակեցին ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:
«Սա իմիտացիա չէր, քանի որ իմիտացիայի մեջ շատ մարդ պետք է խառնված լիներ, կարծում եմ՝ դիրիժորություն էր, բայց վատ առումով: Ամենայն հավանականությամբ հանձնաժողովի նախագահին և անդամներին ասել են, դե մանրակրկիտ աշխատեք և այլն, հասկանալով, որ այդ մանրակրկիտ աշխատանքը շատ ավելի ժամանակ է պահանջելու, քան օրենքով նախատեսված է քննիչ հանձնաժողովի աշխատանքի համար: Չգիտեմ, թե ինչ են կարողացել վեր հանել, բայց հետո էլ ցուցում են տվել ԱԺ նախագահին, ասել են, քանի որ ժամկետներն անցել են, ուրեմն պետք չէ, որ ԱԺ-ում այդ նիստը կայանա»,-«Իմնեմնիմի» փոթքաստի ուղիղ եթերում ասաց Սերժ Սարգսյանը:
Երրորդ նախագահը վստահ է, որ զեկույցի հրապարակումն առաջ էր բերելու շատ մեծ քննարկումներ, քանի որ պատերազմի ընթացքում այնպիսի խայտառակություններ են տեղի ունեցել, որ որքան էլ իշխանությունը ճարտար լեզու ունենա, սուտ ասելն իրենց համար սովորական երևույթ է, ուրիշներին վարկաբեկելը նույնպես, մեկ է՝ չէին կարողանալու դրա տակից դուրս գալ: Կամ էլ` հանձնաժողովն էր դառնալու ծիծաղի առարկա, եթե գոնե բազմաթիվ պրոբլեմներից մի քանի տասնյակը վեր չհաներ:
«Այս թեման այնքան ծավալուն է, որ օրերով կարելի է խոսել»,-հավելեց Սերժ Սարգսյանը:

