Վազգենի մարմինը դեռ չսառած` նախագահին Կառավարության կազմի ցուցակն էին ներկայացրել. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոթքասթի ուղիղ եթերում անդրադարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգությանը և քննադատություններին` ուղղված իրեն, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԱԱԾ ղեկավարի պաշտոնը:
Ըստ նրա, տեղի էր ունեցել ողբերգություն և մարդիկ պատճառներ էին փնտրում:
«Այդ փորձերի ժամանակ ինչ ասես` կարող էին մտածել և նրանք, ովքեր ազդեցություն ունեին հասարակական կարծիքի վրա, նկատի ունեմ լրատվամիջոցներ կամ հեղինակավոր մարդիկ, այդ ամենը մի քիչ չափազանցրեցին: Բացի դրանից, նաև հատուկ մարդիկ կային, ովքեր այդ կրակը թեժացնում էին` ակնկալելով, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև իմ հրաժարականները: Հոկտեմբերի 27-ին դեռևս Վազգենի մարմինը չսառած, տարել և նախագահին ներկայացրել էին Կառավարության կազմի ցուցակը»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Շարունակելով, երրորդ նախագահն ասաց, որ այդ ողբերգությունից երկու օր առաջ նախագահը և Վազգեն Սարգսյանն իրեն ասել էին, որ անհրաժեշտություն կա, որպեսզի այցելի Արցախ, որտեղ կային որոշակի ներքաղաքական խնդիրներ: Գնալուց էլ Վազգեն Սարգսյանն ասել է, որ վերադառնալուց հարավ արևմուտքով գա՝ փորձված աչքով տեսնելու, թե տղաներն ինչպես են:
«Ես գնացի, առաջին օրն աշխատեցի Ստեփանակերտում, երկրորդ օրը եկա իմ ասած զորքերի տեղակայման վայր, այնտեղ էի, երբ ինձ զանգահարեց Գորիկ Հակոբյանը, ասաց, որ ԱԺ-ում կրակոցներ կան: Ասացի` արագ ճշտիր և զեկուցիր: Կարճ ժամանակ անց տեղեկացրեց, որ այնտեղ վատ բան է եղել՝ Վազգենը, Կարեն Սերոբիչը սպանված են, կան այլ զոհեր: Ասացի` ուղղաթիռ ուղարկիր, երկար չպատմեմ, բայց ուղղաթիռը շատ ուշ հասավ: Մենք Պն-ի հետ պայմանավորվածություն ունեինք էքստրեմալ պայմաններում ուղղաթիռ տրամադրել:
Կարծում եմ՝ ուղղաթիռը հատուկ է ուշացել, քանի որ ՊՆ-ն բավականաչափ ուղղաթիռներ ուներ: Երեկոյան ուղղաթիռը հասավ Սյունիք, մենք 3-4 հոգի էինք, ընթացքում անձնակազմից ասացին, որ խորհոուրդ են տվել վայրէջք կատարել ոչ թե Էրբունի օդանավակայանում, այլ «Զվարթնոցում», կարող են գալ, մեզ ձերբակալել և այլն: Ես ասացի` միայն Էրեբունի օդանավակայան, թող գան` տեսնեմ, այդ ով է ձերբակալողը: Ես միանգամից եկա ԱԺ, նախագահին տեղյակ պահեցի, որ ես եկել եմ, երկար մնացինք, հետո գնացի ԱԱԾ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա նաև ասաց, որ երկար ժամանակ լարվածությունը կար, վտանգը չեզոքացվել էր, բայց մեկ է՝ երկար ժամանակ դա շարունակվում էր: Դա ինչ-որ չափով մեղմացավ, բայց ոչ ամբողջովին, Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո:

