«Փողո՛ց իջեք․ սա լինելու է Փաշինյանի վերջի սկիզբը․ ուրիշ ի՞նչ կերպ ասի՝ ինձ հեռացրեք»․ Սևակ Հակոբյան 

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի համար դեռ 2018-ին Փաշինյանի Գյումրիից սկսած քայլերթից պարզ է եղել, որ լավ տեղ չի տանելու այդ ընթացքը, և այն ավելի շատ նման է գործուղման։

«Շատ հստակ էր, որ դրսից ուղղորդված կամ դրսից կազմակերպված է։ Մենք հայրենիք կորցրել ենք միշտ դրսից եղած գործուղումներով կամ դրսից եկած պատվերներով… Ոչ թե պատմությունն է կրկնվում, այլ մեր սխալներն են կրկնվում, և մենք պատմությունից ոչ մի դաս չենք ստացել։ Հետևաբար՝ Փաշինյանի հայտարարություններն այս տրամաբանության մեջ են»,- 168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությունները «սրբագրելուն» ուղղված Փաշինյանի ջանքերին, նկատելով, որ նման հայտարարություններ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանը կարող էր անել։

Ալիևը Սևանը «Գյոյչա»  էր անվանել, իսկ Փաշինյանը նշել էր, թե Ալիևը ոչ թե ասել է՝ Սևանա լճի անունը «Գյոյչա» է, այլ  ասել է՝ եթե նայենք Ցարական Ռուսաստանի քարտեզներին՝ այնտեղ Սևանա լիճ չկա, կա այլ անուն։

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավին, նա նկատեց, որ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը խոսում է Արցախի մասին․ «Ես կարծում եմ՝ դրա համար են հարվածում Եկեղեցուն, իսկ եկեղեցի հարվածելն ամենավտանգավոր բանն է։ Այսօրվա մեր առաջնահերթությունը սա՞ է, թե որ կրոնականն ինչքանով է կուսակրոն, դա այսօրվա իշխանության առաջնահերթությո՞ւնն  է։ Իսկ ամենավատն այն է, որ սրբազաններ են մեղադրվում զուտ ենթադրությունների հիման վրա։ Նորմալ դատական համակարգ ունեցող երկրի համար սա զավեշտ է»։

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ Սփյուռքի համար այս ամենը խորթ է․ «Մերձավոր Արևելքում սքեմով հոգևորականին այսպիսի ածականներով դիմելը հավասարազոր է մահացու մեղք գործելուն։ Օրինակ՝ երկրի վարչապետը 7 տարի է՝ կրոնական արարողությունների նորմալ չի մասնակցում, իսկ հիմա կարգալույծի արարողություններին է մասնակցում։ Եթե Լիբանանի օրինակը բերեմ, այնտեղ քրիստոնեական տոներին երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, թեկուզ, եթե իսլամի հետևորդ է, օրինակ՝ վարչապետը, ինքն անձամբ մասնակցում է քրիստոնեական եկեղեցու արարողությանը, որովհետև այդպիսի հարգանք կա։ Հետևաբար՝ մեզ համար այս ամենը խորթ է։ Տակավին չխոսենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք և այլն, դա դեռ մի կողմ, եթե Սփյուռքն այսօր հայկական է, ես հիմա Ձեզ հետ հայերեն եմ խոսում, դա Եկեղեցու շնորհիվ է, Եկեղեցին որոշիչ դեր է խաղում։ Իզուր չէ, որ Ցեղասպանությունից անմիջապես հետո աշխարհով տարածված մեր հայրենակիցները կամ մեր նախահայրերն առաջին բանը, որ արել են, եկեղեցի են կառուցել, իսկ եկեղեցուն կից՝ հայկական դպրոց։ Այսպես է, որ հայ ենք մնացել»։

Ըստ Հակոբյանի՝ Եկեղեցու դեմ սկսած Փաշինյանի շարժումը կարող է հենց իր վերջի սկիզբը դառնալ․ «Այս մարդն ուրիշ ի՞նչ կերպ պետք է ասի՝ եկեք՝ ինձ հեռացրեք, ամենահակաժողովրդավարական քայլերին նա դիմել է։ Մնացածը ժողովրդի դաշտում է։ Ասում են՝ ձեռքերս կոտրվեր, չքվեարկեինք Փաշինյանի օգտին․ թող ձեռքերը չկոտրեն, այլ փողոց իջնեն, որովհետև այս իշխանությանն ընտրողները բարոյական պարտավորություն ունեն այս մղձավանջը մեզնից հեռացնելու»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս