Բանկերը հաշվում են միլիարդները, քաղաքացին դատարկում է գրպանները
Այն պարագայում, երբ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ճռռում են սպառողական վարկերի, դրանց բարձր տոկոսների տակ ու ամեն ամիս իրենց եկամուտների զգալի մասը հատկացնում են թանկարժեք վարկերը սպասարկելու համար, բանկային համակարգը ռեկորդային շահույթներ է ստանում։ Այս տարի էլ բանկային համակարգի շահութաբերությունը շարունակում է շատ բարձր լինել. մեծապես գերազանցում է տնտեսության շահութաբերությանը, առավել ևս՝ քաղաքացիների եկամուտների աճին։
Իսկ դա նշանակում է, որ բանկերը հարստանում են, իսկ տնտեսությունն ու քաղաքացիներն աղքատանում են։
Տարվա առաջին 9 ամիսներին առևտրային բանկերի զուտ շահույթները հասել են 308 մլրդ դրամի։
9 ամսում բանկերը 800 մլն դոլար են աշխատել քաղաքացիների ու տնտեսության հաշվին։ Նախորդ տարվա համեմատ բանկային համակարգի շահույթներն ավելացել են 14.9 տոկոսով, ինչն անհամեմատ ավելի բարձր է, քան տնտեսության ու քաղաքացիների եկամուտների աճը։
Տնտեսական ակտիվության աճն այս տարի տատանվում է 7 տոկոսի սահմաններում։
Բանկերի շահույթների աճը տնտեսական ակտիվության աճից առնվազն կրկնակի բարձր է։
Գրեթե 3 անգամ ավելի բարձր է, քան աշխատավարձի տեսքով քաղաքացիների ստացած եկամուտները։
Ու սա այն պարագայում, որ բանկերի շահույթները ստացվում են առաջին հերթին հենց քաղաքացիների հաշվին, որովհետև քաղաքացիներն են բանկերի վարկերի ու մատուցվող միջնորդական ծառայությունների հիմնական շահառուները։ Արտաքուստ տպավորություն են ստեղծում, թե միջնորդական ծառայությունների համար քաղաքացիները չեն վճարում։ Բայց իրականում հենց քաղաքացիներն են վճարում։ Վճարում են տնտեսության ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներից թելադրված գների բարձրացման միջոցով։
Գնաճը՝ մի, բանկերը՝ մյուս կողմից են դատարկում մարդկանց գրպանները։
Այս իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես է ֆինանսական համակարգը բեռ դառնում հասարակության վրա։ Քաղաքացիներին տրամադրված բարձր տոկոսներով վարկերը ոչ թե դառնում են ներդրումներ կամ սոցիալական ծրագրեր, այլ մի կողմից՝ ծանրացնում են նրանց ֆինանսական բեռը, մյուս կողմից՝ ավելացնում են բանկերի բաժնետերերի եկամուտները՝ խորացնելով հասարակության շրջանում առկա անարդարության զգացումը։
Բանկերը 9 ամսում 800 մլն դոլարի մաքուր շահույթ են ստանում, բայց իշխանությունները չեն բարեհաճում մեկ անգամ հարցնել, թե որտեղի՞ց այդ գումարները։ Ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ կառավարությունն ու քաղաքական իշխանությունը չտեսնելու են տալիս, թե ինչ է կատարվում ֆինանսական ոլորտում։ Նրանց համար «օքեյ» է, որ բանկերը մի քանի անգամ ավել են վաստակում, քան տնտեսության արտադրական հատվածը։
Այդպես էլ ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն վերցնել նրա համար, թե ինչո՞ւ են վարկերի տոկոսներն այսքան բարձր, երբ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է փողի գինը։ Կենտրոնական բանկն էժանացնում է փողը, իսկ բանկերը թանկացնում են վարկերն ու թալանում վարկառուներին։
Ոչ մեկը չի ուզում զսպել բանկերի ախորժակը։ Մի արդարացում են գտել իրենց համար՝ մեղքը փորձում են բարդել վարկերի բարձր պահանջարկի վրա։
Ասում են՝ պահանջարկը բարձր է, դրա համար էլ վարկերը չեն էժանանում։ Բանկերը հակված չեն էժանացնել վարկերը, դրանց հաշվին էլ շահույթներ են ստանում։ Իսկ եթե ավելի բարձր տոկոսներով հարկեին այդ շահույթները, արդյո՞ք բանկերը կշարունակեին բարձր պահել վարկերի տոկոսները։
Այս հարցի պատասխանը միանշանակ է, սակայն քաղաքական իշխանությունը չի ուզում նեղություն տալ բանկերին ու բանկերի բաժնետերերին, որոնք դարձել են իշխանության ոչ միայն փողի աղբյուրը, այլև հենարանը։
Խոսակցություններ են պտտվում, որ բանկերում միլիոնատերերից զատ՝ արդեն նաև միլիարդատերեր են ի հայտ գալիս։ Ո՞ւմ հաշվին են այս մարդիկ կուտակում իրենց միլիոններն ու միլիարդները, որոնք գոյանում են՝ ինչպես վարկերի բարձր տոկոսներից, այնպես էլ՝ բանկային համակարգի թանկարժեք ծառայություններից։
Բանկերը Հայաստանում վաղուց այլևս ոչ թե ֆինանսական միջնորդներ են, այլ իսկական վաշխառուներ, որոնք վարկային կախվածության մեջ են դրել հազարավոր ընտանիքների, թալանում են տնտեսությունն ու քաղաքացիներին։
Նախորդ տարվա համեմատ, բանկային համակարգն այս տարվա 9 ամիսներին 100 մլն դոլարով ավելացրել է շահույթները։ Բոլոր բանկերը շահույթով են աշխատել։ Բայց շահույթների կեսը գնացել է 2 բանկ։ Այդ բանկերն են՝ «Արդշինբանկն» ու «Ամերիաբանկը»։ Առաջինն 9 ամսում 103 մլրդ դրամից ավելի շահույթ է ստացել։ Սա համարժեք է 267-268 մլն դոլարի։
Բանկային համակարգի շահույթների մեկ երրորդը գնացել է 1 բանկ, ու այդ բանկը եղել է «Արդշինբանկը»։ Նախորդ տարվա համեմատ՝ այս բանկի շահույթներն ավելացել են գրեթե 31 մլն դոլարով։
«Արդշինբանկը» գնալով վերածվում է մոնստր բանկի բանկային համակարգում։ Ինչպես բանկային համակարգի ակտիվների, այնպես էլ շահույթների կենտրոնացումն այս բանկում չափազանց բարձր է։ Այն կրկնակի ավելի շատ շահույթներ է ստացել, քան շահութաբերության մակարդակով հաջորդած բանկը։ Խոսքն «Ամերիաբանկի» մասին է, որի շահույթները 9 ամսում կազմել են 51 մլրդ դրամ կամ ավելի քան 132 մլն դոլար։
Մի քանի տարի առաջ այս և ընդհանրապես մյուս բանկերը կերազեին նման շահույթներ ստանալ։ Բայց այդ շահույթները նրանք ստանում են ոչ թե նորարարությունների, նոր ծառայությունների, համակարգի կատարելագործման, ծախսատարության կրճատման ու արդյունավերտության բարձրացման, այլ առաջարկվող միջնորդությունների թանկացման հաշվին։ Բանկերը, բնականաբար, աշխատում են շահույթ ստանալու համար, բայց դա էլ պետք է լինի տրամաբանության շրջանակներում։ 2021թ. բանկային համակարգի շահույթները կազմել էին ընդամենը 87 մլրդ դրամ։ Այս տարվա միայն 1 եռամսյակում բանկերն ավելի շատ շահույթներ են ստացել, քան 2021թ. ամբողջ տարվա ընթացքում։
Այլևս պարզ է, որ այս տարի բանկերի շահույթները կգերազանցեն 1 մլրդ դոլարը։ Այն գրեթե 5 անգամ ավելի կլինի 4 տարի առաջվանից։ Ոչ մի այլ ոլորտում վերջին տարիներին եկամուտների այսպիսի աճ չի եղել, ինչպես բանկային համակարգում։ Հիշեցնենք, որ հայտարարվող անգամ «համաշխարհային մակարդակի» աճի պայմաններում, տնտեսության գումարային աճն այդ ընթացքում կազմում է հազիվ 30-35 տոկոս։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

