Սրբազանների կոչը մնում է նույնը՝ համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և որևէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նորից հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազաններին.

«Այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին: Ինչպես արձանագրել եմ բազմիցս, մեր հոգևոր հայրերն օժտված են զարմանալի տոկունությամբ, կամքով և վճռականությամբ:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունենալով այսպիսի նվիրյալ բարձրաստիճան հոգևորականներ՝ չի կարող պարտվել իշխանությունների հրահրած ճակատամարտում: Այս ծանր օրերին, երբ մեր ազգային եկեղեցին ենթարկվում է ասպատակությունների, այսպիսի մարդիկ խարիսխ ու հենասյուն են մեր արժեհամակարգն ու պետությունը պահպանելու արդարացի պայքարում:

Սրբազանների կոչը մնում է նույնը. համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և որևէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին: Վհատվելն անկարելի է ինքնության համար տարվող այս պատերազմում:
Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգևոր հայրերը որևէ պահի չեն տրտնջում: Շարունակում են իրենց աղոթքներն ուղղել մեր ժողովրդի, պետության անսասանությանը:

Օրվա իշխանություն հանդիսացող խմբակին չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու հալածանքներով, բանտարկություններով ընկճել անսասան ոգու տեր բարձրաստիճան հոգևորականներին: Այս ճղճիմ քաղաքականությունը վնասելու է միայն իրենց և մոտեցնելու է արդարության հաղթանակի ժամը:
Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) տեղի ունեցավ միասնական աղոթք՝ հաջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ժամերն անցան րոպեների պես: Մշտապես հետաքրքիր է լսել հոգևոր հայրերի խոսքը, պատգամները:

Հավատավոր հայ ժողովուրդը սպասում է Ձեր վերադարձին, սիրելի՛ Սրբազաններ:
«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին»
(Սաղմոս Ա 1-2)»:

Տեսանյութեր

Լրահոս