ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԼԻԵՎԻ ԱՓԻ ՄԵՋ Է, ԹՈՒՐՆ ԱՋ ՈՒ ՁԱԽ ԿՏՐՈՒՄ Է՝ ՆՐԱ ՆՄԱՆ ԳՈՐԾԻՔ ՈՒՆԻ, ԻՆՉՈ՞Ւ ՉԱՆԻ. ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Արցախի օկուպացմանն ու տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությանը հանգեցրած 44-օրյա պատերազմից 2020 թվականին հնարավոր էր խուսափել, եթե Ալիևը հասկանար, որ հարձակումը շատ ավելի թանկ գին է արժենալու իր համար, քան բանակցությունները շարունակելը։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց՝ Ալիևը, ինչպես ինքն է խոստովանել, 17 տարի սպասել է այդ օրվան՝ նախապատրաստելով իր բանակն այդ պատերազմին։

Ադրբեջանագետն ընդգծում է, որ Ադրբեջանի ղեկավարը երբեք էլ չի թաքցրել իր ծրագրերը և այժմ էլ հրապարակայնորեն խոսում է Հայաստանի դեմ իր հետագա զավթողական նկրտումների մասին։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ է Հայաստանի ղեկավարությունը հակադրում դրան և արդյո՞ք փորձում է կանխել դա։

«Ալիևի հայտարարությունները գալիս են հաստատելու Ադրբեջանի զավթողական ծրագրերն ու Ադրբեջանի համառությունն այս հարցում։ Նախ, շատ կարևոր է շեշտել, որ նա Գիտությունների ազգային ակադեմիայում էր ելույթ ունենում։ Բոլորը ֆիքսվեցին Սևանի թեմայի վրա, բայց նա ադրբեջանցի «գիտնականներին», բացի Սևանի թեմայից, շատ ավելի կարևոր ուղերձ տվեց՝ ասելով. «Դուք պետք է մեր ճշմարտությունը պարտադրեք բոլորին»։

Կարդացեք նաև

Ինքը հասկանում է, որ իր ասածը չունի փաստական հենք, պատմական որևէ հիմնավորում։ Այդ ամբողջը զրոյից հորինված կոնցեպտ է։ Ոչ մի պատմաբան ու ոչ մի քարտեզագետ այսօր չի կարող սեղանին դնել մի քարտեզ, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը երբևէ կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»։ Փոխարենը՝ կարող ենք սեղանին դնել քարտեզներ, որտեղ «Ադրբեջան» տարածքը չի կոչվել «Ադրբեջան»։ Այլ խոսքերով՝ եթե գանք պատմական բանավեճերի դաշտ, Ադրբեջանը շատ բարդ իրավիճակում կհայտնվի։ Դա փաստ է»,-  մեկնաբանեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ խնդիրն այստեղ ոչ թե մեր պատմական ճշմարտություններն ապացուցելն է, այլ այն հարցը, թե ինչո՞ւ է Ալիևն ասպարեզ բերում այս թեման։ Փորձագետը հիշեցնում է, որ Ալիևն այդ մասին հայտարարել է դեռ երեք տարի առաջ՝ 2022թ. դեկտեմբերի 24-ին, երբ Հայաստանի իշխանություններն Արցախն արդեն ճանաչել էին Ադրբեջանի մաս։

«Ալիևը հայտարարեց, թե «հիմա, երբ Լեռնային Ղարաբաղի թեման փակված է, ես արդեն այս հարցն եմ բացում», և ոչ ոք դա լուրջ չընկալեց։ Ադրբեջանի ղեկավարի 2022թ. դեկտեմբերի 24-ի այդ ելույթը, որին ես հղում արեցի, հայեցակարգային-քաղաքական ելույթ էր։ Այնտեղ նա, բացի այդ տեղանունների թեմայից, հստակ ասում է, որ «Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ներկայիս Հայաստանը մեր պատմական հողն է»։

Այս երկու նախադասությունը բավական է հասկանալու համար, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ դու խնդիր չես լուծում։ Հետո Ադրբեջանն անցավ դրա ինստիտուցիոնալիզացմանը՝ դա դարձնելով կրթական համակարգի մաս և դա ներառելով հանրակրթական դպրոցների դասագրքերում։

Ադրբեջանցի 5-րդ դասարանի աշակերտը, որն այլ տեղից առանձնապես գիտելիք ստանալու հնարավորություններ չունի, բացում ու կարդում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստան պետությունն իր պատմական հողն է։ Կրկնում եմ՝ մի բան, որը զուրկ է պատմական որևէ հենքից։ Դա զրոյից հորինված զավթողական ծրագիր է։ Այսինքն՝ Ադրբեջանի զավթողական ծրագիրը հիմա ստանում է ինստիտուցիոնալ բնույթ։ Ես այն ժամանակ խոսեցի այդ մասին, որ սա լուրջ խնդիր է, և ես երջանիկ կլինեմ երբեմն սխալվել իմ կանխատեսումներում, բայց պարզ էր, որ Ադրբեջանը գնում է դրան»,– մեկնաբանում է Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետը նաև ընդգծում է, որ Փաշինյանի կողմից կեղծ օրակարգեր խաղարկելու և Արցախի ու «Բասարգեչարի» միջև անհարկի համեմատություններ անելու փոխարեն՝ կարելի էր դրան հակադրել հստակ դիվանագիտություն և քաղաքական գնահատական, որ Հայաստանը դիտարկում է սա՝ որպես զավթողական ծրագիր։

 «Կոնկրետ հիմա մենք գործ ունենք տեղեկատվական, հոգեբանական, քաղաքական պատերազմի հետ, որը շատ հաճախ տեսանելի ու շոշափելի չէ, բայց դա կա, և այն մղվում է մեր ուղեղներում։ Ես ցավ եմ ապրում, որ երբ խոսում ենք այս խնդիրների մասին, Հայաստանում շատերը հասկանալու հետ կապված խնդիր ունեն։ Երբ խոսում ես ռիսկերի մասին, դրա նպատակն այն չէ, որ ինչ-որ մեկին վախեցնես, դրա նպատակն այն է, որ ժամանակին այդ ամենը չեզոքացվի և կանխվի, որպեսզի հետո չհասնի պատերազմի։

Ես չեմ ասում՝ վաղը հարձակվելու են, բայց իրենք հստակ, ագրեսիվ կերպով այս քաղաքականությունն առաջ են մղում, և մենք, ունենալով Արցախի հետ կապված հայատյացության հսկայական թղթապանակ, այսօր պատրաստ ենք անգամ միջազգային հայցերից հետ քաշվել»,– նշեց ադրբեջանագետը։

Տաթևիկ Հայրապետյանը նաև շեշտեց՝ Իլհամ Ալիևին պետք չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում, Ալիևին պետք է գործընթաց, որտեղ նա կստանա առավելագույն արդյունք։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Ալիևը ստացավ գործընթացի շարունակականություն, դրա համար էլ շարունակում է քայքայել մեզ՝ տանելով մեզնից հսկայական էներգիա և ջանք։

«Ադրբեջանը շարունակելու է հայատյացության քարոզչությունը, Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի ինստիտուցիոնալիզացումն այս փուլում, հետագայում դրանք ունենալու են լուրջ ռիսկեր։

Դա կանխելու ձևը կա, շատ ռեսուրսներ դրա համար պետք չեն. դրա համար պետք է քաղաքական կամք, միտք և դիվանագիտություն, և այդ ամենը կարելի է ժամանակին կանխել, որպեսզի երբեք հայ ժողովրդի և հայոց պատմության մեջ չունենանք 2020 թ. նոյեմբերի 9-ի նման մեկ այլ օր»,- կանխատեսում է փորձագետը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս