Սուրեն Պապիկյանին «պարտադրված» ասուլիսը. որտեղ փրկեց Փաշինյանի քաղաքական դեմքը, որտեղ չեզոքություն պահպանեց

2024 թ.տարեվերջին, երբ 168.am-ն ամփոփում էր ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լրատվամիջոցների հետ աշխատանքում, անդրադարձել էր պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպումների և պահանջվող ասուլիսի տարբերությանը կամ արդյունավետությանը:

Մենք գրել էինք, որ փակ հանդիպումների ժամանակ ՊՆ-ում հավատարմագրված լրագրողները հնարավորություն ունեն Սուրեն Պապիկյանից լսել այն հարցերի պատասխանները, որոնք, բնականաբար, չի կարելի ստանալ գրավոր հարցումների և բանավոր մեկնաբանությունների միջոցով, և հետո այստեղ «մեսիջներ» հղելու խնդիր չկա արտաքին կամ ներքին լսարանին, ուստի մթնոլորտն առավել անկաշկանդ է:

Իհարկե, մեր հոդվածում նշել էինք, որ ռազմական ղեկավարությունը պետք է նաև ասուլիսների միջոցով լրագրողների հարցերին պատասխանի, որի միջոցով մեսիջներ հղի, այդ թվում՝ արտաքին լսարանին:

Միաժամանակ ուշադրություն էինք հրավիրել հանգամանքի վրա, որ հաշվի առնելով գործող իշխանության որդեգրած արտաքին, ռազմական քաղաքականությունը, ՀՀ զինված ուժերի հանդեպ ՀՀ ղեկավարի թիրախավորված վերաբերմունքը, կաշկանդելու միտումը և այն, որ բանակը դեռ վերականգնելու տեղ ունի, ինչո՞ւ չէ՝ զինված ուժերի սպառազինմանը խոչընդոտող հանգամանքները և թուրք-ադրբեջանական պահանջները, արդյո՞ք այդ ասուլիսը, մեծ հաշվով, ինչ-որ բան է տալու, արդյո՞ք կարողանալու ենք պատկերացում կազմել առկա իրավիճակի մասին:

Կարդացեք նաև

«Այսինքն, լսելու ենք այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում, և պաշտպանական գերատեսչությունը նաև այս հարթությունում է հայտնվելու ոչ շահեկան և կաշկանդված վիճակում, առանց այն էլ նախարարությունը ստիպված է եղել իր հաղորդագրություններում փոխանցել Փաշինյանի՝ Ադրբեջանին ուղղված պահանջները հետաքննության մեխանիզմների ստեղծման հետ կապված. «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»»,– շարունակել էինք մեր համապատասխան հոդվածում:

Հունվարի 15-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսն էր, որտեղ համոզվեցինք՝ մեր դիտարկման մեջ չէինք սխալվում, պաշտպանության նախարարը, մեծ հաշվով, շահեկան դիրքում չհայտնվեց, մեղմ ասած: Եվ դեռ հարց է՝ արդյո՞ք լրագրողների հետ այս բաց և ուղիղ եթերով հեռարձակվող հանդիպման մտահղացումը Սուրեն Պապիկյանինն էր, թե՞ սա պարտադրված ասուլիս էր:

Եվ որքան էլ բնական է, որ ՀՀ պաշտպանության նախարարը պիտի փոխանցի երկրի ղեկավարի և իր վերադասի, քաղաքական առաջնորդիորդեգրած քաղաքականությունը ու դիրքորոշումները, բայց արդյո՞ք ասուլիսին ավելի շատ չտեսանք Նիկոլ Փաշինյանի թիմակցին, քան ՀՀ պաշտպանության նախարարի:

Այսինքն, կարելի էր չհակադրվել, բայց այդքան ուղիղ և շարքային ձևով փրկե՞լ:

Ի վերջո, այդ ձևակերպումները հասնելու է նաև մի քանի հազար մետր բարձրության վրա մարտական հերթապահություն իրականացնող դիրքապահ զինվորին և այն էլ՝ պաշտպանության նախարարի շուրթերից հնչած, ով, թերևս, զինվորի հանդեպ չունի այն վերաբերմունքը, ինչ Փաշինյանը, և կարող է անկեղծ ասել, օրինակ, «բա մեղք չի՞ զինվորն ամռան շոգին 24 ժամ «սապոգների» մեջ մնա, թող մի պահ էլ հանի և այլ բան հագնի, ոտքերը հանգստանան»:

Բայց ունենք այն, ինչ ունենք, որոնց հերթով կանդրադառնանք: Եվ այսպես:

Դրվագ առաջին

Պապիկյանը ևս դեմ է բանակի սրբագործմանը. պետք է «փրկել» Նիկոլ Փաշինյանին

2024 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակի սրբագործումը պետք է դադարեցվի, դա մեծագույն սխալ է:

«Այդ սրբագործման արդյունքում մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ դե լավ, բանակը կլուծի, մեր զինվորը, իրա ցավը տանե՜մ, իրա ցավը տանե՜մ, կուչ եկած, սառած, կանի ինքը։Կանի ինքը, բոլորի դեմը կկռվի, գիտեք՝ ինքը ում սերունդն է, ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հես ա այստեղից տալու է, դուրս գա Մադագասկար կղզի։ Դե չմտածեք, որ մենք բանակը սիրում ենք, դրա համար ենք անում, մենք անում ենք, որ գցեք իր վրա, այդ խեղճ ու կրակ զինվորի վրա։

Ասում եք, հերոսներին նսեմացրել ենք, ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, թե՞ ինչ ուզում՝ անում էին, բառիս բուն իմաստով։ Սիրելի հայ ժողովուրդ, անծանոթ բաների մասի՞ն եմ խոսում, որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանում էին, ուրիշ բաների չանդրադառնամ, որ դուք դեռ տեղ ունենաք մեզ մեղադրելու պարտության ու դավաճանության և էլի շատ բաների մեջ։ Եկեք ձև տանք, թե ամեն ինչ մոռացել եք»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշել էր, որ«բանակին պետք չի սրբացնել, բայց բանակում ծառայող մարդիկ, ովքեր փորձել են կամ կատարել են հերոսություն, պիտի սրբադասվեն»:
Եվ հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներից մեկի համապատասխան հարցին ի պատասխան՝նշել է՝ կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ պետք չէ բանակը սրբագործել:

Այնուհետև նա փորձել է բացատրել, որ և՛ ինքը, և՛ Նիկոլ Փաշինյանը սա ասում են՝ նկատի ունենալով, որ միայն զինված ուժերի վրա չպետք է լինի անվտանգային պատասխանատվությունը, որ անվտանգություն ասելով՝ միայն սահմանին կանգնած զինվոր չպետք է հասկանանք, այլ այդ պատասխանատվությունը պետք է լինի բալանսավորված, և անվտանգությունը պետք է լինի տնտեսական ու արտաքին քաղաքական:

Այո, անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը չպետք է բանակի վրա դրվի, պետք է ունենալ ուժեղ դիվանագիտություն և արտաքին քաղաքականություն, և երկրի շահերը դաշնակիցների և գործընկերների շահերի հետ համադրելու կարող ղեկավարություն, և ոչ թե երկրի շահերը զոհաբերող հակառակորդի շահերին: Սա՝ առաջին:

Երկրորդ, բանակը չսրբադասելուպահանջի այս փաթեթավորումը կարելի է ընդունել, եթե ասողը չլինի Նիկոլ Փաշինյանը, ով գտնում է, որ պետք է հերոսացնել հարկ վճարողին, որ կյանքը վտանգող դիրքապահ զինվորը պարտական է այդ հարկ վճարողին, ով գուցե չի էլ ծառայել, և եթե երկրի ղեկավարը 2 տարի չանտեսեր զինված ուժերի սպային, զինվորին և Նոր տարվա նախաշեմին այցելեր զորամասեր, մարտական հենակետեր և շնորհավորեր նրանց, ավելին, ամեն առիթի չնսեմացներ բանակի սպային, զինվորին, հրամանատարին:

Երրորդ, Փաշինյանը և Պապիկյանը խոսում են պատասխանատվության բալանսավորումից, այդ դեպքում՝ ինչո՞ւ է 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության պատասխանատվությունը դրվում միայն բանակի վրա, սպայի, հրամանատարի, գեներալի, ինչո՞ւ չի բալանսավորվում սա, երբ պատերազմը վարում է պետությունը, ինչո՞ւ պարտության պատասխանատվությունը չի կիսում գերագույն հրամանատար իրեն հռչակած և երկրի ղեկավարի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը, արտաքին գերատեսչությունը: Եկեք սա էլ բալանսավորենք, ձեռնտու չէ՞:

Դրվագ երկրորդ

Սուրեն Պապիկյանն էսկալացիայի հիմքեր չի տեսնում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը համաձայնել է  Նիկոլ Փաշինյանի արտահայտած ձևակերպումներից մեկի հետ, որ Ադրբեջանի հետ էսկալացիայի հիմք չկա:
«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, չեմ տեսնում հիմքեր, որ պետք է տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ։

Կարծում եմ՝ հնարավոր է՝ երկխոսությամբ, նաև մեր առաջարկները քննարկելով՝ կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,-շեշտել է Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Ալիևի վերջին հայտարարություններին, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Բայց Սուրեն Պապիկյանն անտեսում է փաստը, որ Ադրբեջանը հարձակման լեգիտիմ հիմքեր գտնում է  և ունի, ըստ երկրի նախագահի:

«Արմենպրեսին» տված իր հարցազրույցում Փաշինյանն ինքն էր ընդունել, որ Բաքուն Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, փորձում է տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» կամ «լեգիտիմություն» ձևավորել, բայցև շեշտել, որ Ալիևի ռազմական սպառնալիքները Հայաստանին չեն շեղելու խաղաղության օրակարգից:

Այն, որ Հայաստանը փորձում է չշեղվել խաղաղության օրակարգից, դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանն էսկալացիայի իրավիճակ չի ստեղծելու հարմար պահի: Եվ պետության ղեկավարի ու պաշտպանության նախարարի խնդիրն է աչքի տակ ունենալ վատագույն սցենար և դրան պատրաստվել՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական առումով:

Խոսքը նրա մասին չէ, որ պետք է բարձրագոչ հայտարարություններ անի պաշտպանության նախարարը, ինչպես ասուլիսին իրենց ներկայացվող պահանջները փորձում էր մեկնաբանել Սուրեն Պապիկյանը, այլ նրա մասին, որ պաշտպանության նախարարը նույնիսկ խաղաղության պայմանագրի առկայության պարագայում չի կարող բացառել էսկալացիայի վտանգը: Հնարավոր է՝ Սուրեն Պապիկյանը սա գիտակցում է, այս կարծիքին է, պարզապես ասուլիսին չէր արտահայտվել:

Դրվագ երրորդ

Սուրեն Պապիկյանը համաձա՞յն է իր կնքած ռազմական պայմանագրերը և պայմանավորվածությունները չեղարկելուն

Շարունակելով հնարավոր էսկալացիայի համար Ադրբեջանի՝ լեգիտիմ հիմքեր գտնելու վերոնշյալ միտքը, հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հստակ պահանջ էր դրել.
«Հայաստանը պետք է շատ արագ դադարեցնի վերազինումը: Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք զենք են մատակարարում Հայաստանին, պետք է չեղարկեն այդ պայմանագրերը: Իսկ արդեն մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի: Սա է մեր պայմանը»:

Արձագանքելով Ալիևի պահանջներին, Փաշինյանն Ադրբեջանին ներկայացված առաջարկների շարքում՝ բացի հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելուց և սպառազինության վերահսկման երկկողմ պայմանագիր կնքելուց, նշել էր. «Ձևավորել սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ»:

168.am-ն իր հերթին հոդված էր գրել, որ Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում: Այսինքն, Սուրեն Պապիկյանի առաջ Փաշինյանը կարող է հստակ խնդիր դնել ռազմական պայմանագրեր և պայմանավորվածություններ չեղարկելու, նա կամ պիտի գնա դրան՝ միջազգային գործընկերների մոտ անլուրջ տպավորություն թողնելով, կամ…

Հրավիրված ասուլիսին լրագրողների այս թեմայով հարցերին պատասխանելիս՝ Սուրեն Պապիկյանը համաձայնություն է տվել Նիկոլ Փաշինյանի վերը նշված առաջարկին:

168.amհակադարձել է՝ արդյո՞ք պատկերացնում է իր կնքած ռազմական պայմանագրերի և ձեռքբերած պայմանավորվածությունների ապագան, եթե Ադրբեջանն ընդունի այս առաջարկը, այսինքն, համաձա՞յն է իր կնքած պայմանագրերի և պայմանավորվածությունների չեղարկմանը կամ կրճատմանը, ավելին, վստա՞հ է, որ Ադրբեջանն իր ամբողջական զինանոցը բացելու է Հայաստանի առաջ և իրեն պատկանող սպառազինության մի մասը Թուրքիայում չի թաքցնելու: Մեր այս հարցադրումներին, իհարկե, Պապիկյանը հստակ պատասխան չտվեց:

«Ես համաձայն եմ, որ երկու հարևան երկրները, ինչպես աշխարհում միջազգային փորձը կա, նման ստանդարտների, մեխանիզմների կիրարկման միջոցով հնարավորություն ստանանփոխադարձաբար վերահսկելու, և ըստ անհրաժեշտության՝ սահմանափակելու յուրաքանչյուր երկրի սպառազինության…, բայց ես, կրկնում եմ, խոսքը վերաբերում է փոխադարձ հենքի վրա, փոխադարձ պայմանավորվածություններով խաղաղություն կերտելու մասին»,-ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում նման առաջարկներ ուղարկվելու են գործընկերներին, հարևաններին:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործընկերները Հայաստանին սպառազինություն մատակարարողներն են:

Ի դեպ, պաշտպանության նախարարը խոսելով բանակի կերպափոխման հայեցակարգից, որը մշակվել է  կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի հիման վրա և առանց Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, և որտեղ սպառնալիքների հստակ գնահատականներ և սպառնալիք հանդիսացող երկրների անուններ չկան, լրագրողներին վստահեցրել է, որ բանակի կերպափոխման հայեցակարգը որևէ երկրի մասին չէ, այլ ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Թե ինչպես է կարելի բարձրացնել բանակի պաշտպանունակությունն առանց սպառնալիքների հստակ գնահատման, և, թե որտեղից է այն սպասվում, ավելորդ է բացատրել:

Դրվագ չորրորդ

ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը պաշտպանական ոլորտի համագործակցությանը նոր որակ չի հաղորդում

Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ օրերս հաստատված Ռազմավարական գործընկերության կանոնադրությանը, և նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի համագործակցության մեջ փաստաթուղթը որևէ բան չի փոխում, այսինքն, այն, ինչ մինչ այս կար, դրա շրջանակներում է շարունակվելու համագործակցությունը, ավելին, այն տեղավորվում է վերը նշված փաստաթղթի տրամաբանության մեջ:

Սա ենթադրում է, որ ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը շարունակելու է մնալ խաղաղապահ զորավարժությունների, խորհրդատվության, կրթական ծրագրերի, ՀՀ ԶՈՒ կերպափոխման տրամաբանության մեջ և ոչ ավելին: Այսինքն, Սուրեն Պապիկյանը՝ առանց քարոզչական ոգևորության, ասում է՝ ռազմական լուրջ աջակցություն, սպառազինություն պետք չէ սպասել ԱՄՆ-ից:

Նշենք, որ ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության՝ անվտանգությանն առնչվող հատվածում, մասնավորապես, նշվում է.
«Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։

Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին:

Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումն Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ ջանքերում: Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերը՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը»:

Հավելենք, որ 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ չի աշխատելու, այլ ԱՄՆ Պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում նշանակվել է քաղաքացիական խորհրդատու:

Դրվագ հինգերորդ

Սուրեն Պապիկյանը չհերքեց Օնիկ Գասպարյանին

Վերադառնանք բանակի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքին և 44-օրյա պատերազմում երկրի քաղաքական ղեկավարության պատասխանատվությանը:

Հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել են ՝ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարություն անել, ու դա չունենա քրեաիրավական հետևանք, օրինակ՝ «44-օրյա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, բայց կլիներ նույն արդյունքը, բայց ոչ այդքան զոհերով», մինչդեռ կան զինվորականներ, որոնք այսօր կալանավորված են, օրինակ, Միքայել Արզումանյանը, Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ էլ արդեն կա դատական ակտ։

«Իմ քաղաքական գնահատականն այն է, որ յուրաքանչյուր հանցագործություն պետք է ունենա քրեաիրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը դատարանում ապացուցելի է, ուրեմն՝ պետք է լինի դատարանի վճիռ։ Ես գնահատական կհնչեցնեմ՝ ելնելով դատարանի վերջնական որոշումից։ Այսօր հնչեցնել կարծիք որևէ գործով, որևէ անձի նկատմամբ, կարծում եմ՝ իմ կողմից չի լինի պատասխանատու հայտարարություն, ես ապավինում եմ ՀՀ արդարադատությանը»,-պատասխանել է նախարարը:

Հակադարձմանը՝ ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր սխալվել ու չպատժվել, հետևաբար, ո՞րն է զինվորականների խնդիրը, հատկապես, երբ Տիրան Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ է ստացել Ազգային հերոսի կոչում, Սուրեն Պապիկյանը նախ պատասխանել է, թե չի կարծում, որ Հայաստանում որևէ մեկը կարող է պատժվել կոչման համար, այնուհետև շարունակել.

«Իմ, ձեր, յուրաքանչյուրի, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հայտարարություն, գործունեություն, անգործություն մեր երկրում կարող է արժանանալ իրավական գնահատականի։ Եթե իրավական գնահատականի անհրաժեշտություն կա, ապա այդ գնահատականները վաղուց արդեն պետք է հնչեին։ Ես չեմ հասկանում, թե քաղաքական ինչ գնահատականներ պիտի հնչեցնեմ, երբ դուք զուգահեռներ եք անցկացնում իրավական գնահատականի ու քաղաքական հայտարարության միջև»:

Սուրեն Պապիկյանը հավատո՞ւմ է, որ Փաշինյանի ստեղծած դատական համակարգն իրեն դատելու է, իսկ ապացույցներն ու փաստերն ավելի քան բավարար են կոնկրետ 44-օրյա պատերազմի համատեքստում՝ սկսած լրագրողի հարցադրման մեջ բերված օրինակից մինչև այն, Փաշինյանի մեկ այլ խոստովանություն՝ «այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»: Դեռ մի կողմ ենք դնում պատերազմի օրերին ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիաների հրապարակման փաստերը, առհասարակ, պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հանրայնացման դեպքերը:

Ի դեպ, 168.am-ը Սուրեն Պապիկյանին հիշեցրել է, որ, ըստ ԱԽ-ի տեղեկատվության ՏարածքայինկառավարմանևենթակառուցվածքներինախարարՍուրենՊապիկյանը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, որի ընթացքում այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ավելի ուշ հաստատել էր, որ նման խոսակցություն եղել է, Նիկոլ Փաշինյանն էլ սկզբում չէր հերքել, ավելի ուշ, երբ ԱԽ-Օնիկ Գասպարյան հեռակա բանավեճն էր սկսվել, հետ էր կանգնել իր նախնական դիրքորոշումից:

Իսկ Սուրեն Պապիկյանը, պարզվում է, չի հիշում՝ ներկա՞ է եղել այդ նիստին, թե՞ ոչ՝ «դա կարելի է նայել»:

«Ես կճշտեմ տվյալ նիստին իմ մասնակցությունը, և եթե անհրաժեշտություն լինի, որ ես հավելյալ պատասխանով հանդես գամ, ես դրանից չեմ խուսափում»,-շեշտել է նա՝ հիշեցնելով ԱԽ գաղտնազերծված արձանագրությունների մասին:

Արդյո՞ք իրականում Սուրեն Պապիկյանը չէր մտաբերում իր մասնակցության մասին ԱԽ այդ նիստին, թե՞ չցանկացավ հերքել Օնիկ Գասպարյանին կամ հաստատել Նիկոլ Փաշինյանի և ԱԽ պնդումը, բայցև վտանգավոր էր հաստատելը, որ նման առաջարկ եղել է: Զգուշավոր քայլ:

Դրվագ վեցերորդ

Սուրեն Պապիկյանին լրագրողները հարցրել են նաև 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհի հանձնման և Սյունիքից զորքի հետքաշման մասին, կամ՝ ինչպես հարցում նշվել է՝ ռազմավարական բարձունքների հանձնման, ինչին ի պատասխան՝ Պապիկյանը նշել է , որ չգիտի՝ ինչ բարձունքների մասին է՝ «ես նմանատիպ հուշագրի չեմ տիրապետում, չգիտեմ՝ ինչ բարձունքների մասին է»:

168.am-ի հուշումից հետո, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհի մասին է, Սյունիքից զորքի հետքաշման, պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ դա իր պաշտոնավարման ժամանակաշրջանին չի վերաբերում, և, որ հրապարակված փաստաթուղթ կա: Սուրեն Պապիկյանի այս պատասխանը թյուրըմբռնում է ստեղծել, թե նա ասում է՝ հրապարակված է մի փաստաթուղթ, որն իրականում գաղտնի է պահվում:

Մինչդեռ կարելի էր կռահել, որ պաշտպանության նախարարը նկատի ուներ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի օրոք մամուլում հայտնված ոչ պաշտոնական փաստաթուղթը , որը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհի հանձնմանը և զորքի հետքաշմանը:

Չմոռանանք նաև՝ որ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր,  զորքի հետքաշման հրաման անձամբ ինքն է տվել:

168.amը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել էր պարզել՝ արդյո՞ք Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման կա ՊՆ-ում կամ ԳՇ-ում, ինչին ի պատասխան՝ ոչինչ չէին հայտնել, բայցև հստակ չէին հերքել, որ Փաշինյանը նման հրաման է տվել:

Մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը չէր ցանկացել այս հարցի վերաբերյալ պարզաբանում տալ՝ նշելով, որ պաշտոնական պարզաբանումներ տրվել են, ըստ էության, նկատի ունենալով Փաշինյանի՝ զորքի հետքաշման վերաբերյալ հայտարարությունները:

Տեսանյութեր

Լրահոս