Բանակի կերպափոխում՝ ըստ կառավարության գործողությունների ծրագրի և առանց Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի

Հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անվտանգության խորհրդի փոխանցմամբ, նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Արդեն ավելի ուշ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ ԱԽ նիստում հաստատվել է բանակի զարգացման կամ կերպափոխման հայեցակարգը, ինչը նոյեմբերի 12-ին տեղադրվել էր ՀՀ պաշտպանության պաշտոնական կայքում:

Նշենք, որ այս տարվա փետրվարին 168.amը պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգերի, պաշտպանության բարեփոխումների ճանապարհային քարտեզի շրջափուլերի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, բայց այդպես էլ այդ հարցումը չունեցավ արձագանք, ինչը, ըստ էության, օրենքի խախտում է:

Կարդացեք նաև

Նշենք, որ 2022 թվականի փետրվարին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է», ասել էր պաշտպանության նախարարը:

Հավելենք, որ 2021-ի փետրվարի վերջին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտնել էր. «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»:

Իսկ 2024 թվականի փետրվարին էլ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կպայմանավորեք առայժմ Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը, պատասխանել էր.

«2022թ. հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022թ. ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ, և մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք՝ ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար, և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք՝ այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ»:

Եվ հիմա արդեն հաստատված և հրապարակված է Հայաստանի Հանրապետության Բանակի կերպափոխման հայեցակարգը, որի գործողության ժամկետը 2024-2035 թվականներն են:

Նշվում է, որ հայեցակարգը հանդիսանում է ռազմավարական բնույթի ուղեցույց փաստաթուղթ՝ ապահովելով երկարաժամկետ ուղենիշներ միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար, և, որ այն հիմնված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի վրա:

Սա նոնսենս չէ՞, հատկապես, երբ Պաշտպանական ռազմավարական վերանայման (ՊՌՎ) գործընթաց տեղի չի ունեցել, որը բխում է ոչ թե կառավարության ծրագրերից, այլ Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով, որը դեռ չի փոխվել:

Տարեսկզբին մեզ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին.

«Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց այս պահին չի իրականացվում: Հաշվի առնելով վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային իրավիճակի դինամիկ փոփոխությունները՝ պաշտպանության պլանավորման աշխատանքներն իրականացվում են այլ գործիքակազմով»:

Նշենք, որ ՊՌՎ գործընթացն ԱԽ գործառույթն է, որտեղից ևս մեզ տեղեկացրել էին, որ նման գործընթաց չի իրականացվում, և պաշտպանության նախարարության պատասխանին ավելացնելու բան չունեն:

Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/: Տվյալ գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման, հետևաբար՝ պաշտպանական բարեփոխումների համար:

Պաշտպանության ռազմավարական վերանայումն իրականացվում է անվտանգության միջավայրի վերլուծության և սպառնալիքների երկարաժամկետ գնահատման միջոցով:

Այն հնարավորություն է տալիս հնարավորինս ճշգրիտ, հիմնավորված և նպատակաուղղված իրականացնել սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը և ֆինանսավորումը, ինչպես նաև՝ զգալիորեն բարձրացնում է պետության պաշտպանունակությունը, ապահովում է անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար և նվազեցնում է անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը:

168.am-ը մանրամասն վերլուծություն է ներկայացրել տարբեր տարիներին, տարբեր իշխանությունների օրոք իրականացված ՊՌՎ գործընթացի վերաբերյալ:

Վերադառնանք Հայաստանի Հանրապետության Բանակի կերպափոխման հայեցակարգին և նշենք, որ, ըստ էության, այդտեղ արտատպվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը Պաշտպանության ոլորտին առնչվող, ներկայացվել են Զինված ուժերում արդեն արված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, որոնք հիմնավորվում են Հարավային Կովկասում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրավիճակով, պատերազմի արդյունքներով, Հայաստանի շուրջ իրական և հավանական սպառնալիքներով, որոնց մասին խոսվում է ընդհանրական, անվտանգային միջավայրի վերաբերյալ հստակ որևէ գնահատական չկա, որտեղից են այդ սպառնալիքները և այլն: Այսինքն, անհստակություններ կան բազմաթիվ՝ միտումնավոր, թե ոչ, բայց գերիշխում է այս առումով ընդհանրական խոսքը:

Առաջիկայում մենք առանձին-առանձին կանդրադառնանք հայեցակարգին:

Ի դեպ, մի կողմից հայեցակարգը հիմնված է մեկ քաղաքական ուժի կամ կառավարության գործողությունների ծրագրի վրա, մյուս կողմից՝ նշվում է, որ որևէ փոփոխության հարմարեցումը կոնյունկտուրային կամ անձերին՝ որպես վերջնարդյունք, անխուսափելիորեն կհանգեցնի նախանշված ծրագրերի ձախողմանը, որոնք, կրկնում ենք, չեն բխում Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացից, որն էլ իր հերթին՝ ռազմական դոկտրինից ելնելով է իրականացվում:

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս