Հայաստանում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ չի աշխատելու. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում հուլիսի 15-ից հուլիսի 24-ը տեղի ունեցած «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվել ԱՄՆ ներկայացուցչի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատելու մասին, ինչը հանրության որոշակի հատվածի և փորձագիտական, քաղաքական շրջանակների կողմից բուռն էր ընդունվել, հատկապես, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 17-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հաստատել էր այն:

«Ազատությանը» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից էլ հուլիսի 22-ին հայտնել էին, որ ԱՄՆ «խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ», և, որ «խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին՝ կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ԱՄՆ բանակի ներկայացուցչի՝ ՊՆ-ում աշխատելուն առնչվող 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նշել էին.

«Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և այլ միջազգային գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ»:

Կարդացեք նաև

168.am-ն այս թեմայով իր հոդվածներից մեկում գրել էր, որ ԱՄՆ դեսպանատունն ունի ռազմական կցորդ  Հայաստանում, գործում է նաև Պաշտպանության համագործակցության գրասենյակ (Offices of Defense Cooperation-ODC), որի ղեկավարումը վստահվում է զինվորականների:

Հավելենք, որ Երևանում ԱՄՆ դեսպանատանը Պաշտպանության համագործակցության գրասենյակը բացվել է 2004 թվականին, որը պատասխանատու է եղել Հայաստանին ամերիկյան ռազմական և մարդասիրական օգնության տրամադրման համար, բացի այդ, զբաղվել ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրերի իրականացման հարցով: Ավելին, ԱՄՆ դեսպանատան Ռազմական կամ Պաշտպանության համագործակցության գրասենյակն այս տարիներին, համագործակցելով Պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի հետ, նպաստել է ոչ միայն հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացմանը՝ իրականացնելով պաշտպանության ոլորտում տարատեսակ ծրագրեր, այլ նաև նպաստել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործելիության զարգացմանը:

Ինչևէ, քանի որ ԱՄՆ բանակի ներկայացուցչի մասին խոսք է եղել, 168.am-ը նոյեմբերի 4-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն, որտեղ հիշեցրել ենք վերը նշված փաստերն ու հայտարարությունները և փորձել պարզել՝

1. Արդյո՞ք ԱՄՆ բանակի ներկայացուցիչն արդեն անցել է իր աշխատանքին կամ պարտականություններին, եթե այո, երբվանի՞ց, որո՞նք են նրա պարտականությունները։

2. Արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունից է աշխատելու, թե՞ ԱՄՆ դեսպանատնից։

3. Ո՞րն է ԱՄՆ ներկայացուցչի և Պաշտպանության համագործակցության գրասենյակի (Offices of Defense Cooperation-ODC) տարբերությունը, որը, ի դեպ, զինվորականներ են ղեկավարում, այսինքն, ինչո՞ւ է ԱՄՆ ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտություն զգացվել, եթե այս գրասենյակը կա:

Նոյեմբերի 8-ին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատունը հայտնել է.

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում նշանակվել է քաղաքացիական խորհրդատու, որն օգնում է պաշտպանական հաստատությունների ամրապնդմանն ու բարեփոխման ուղղված Հայաստանի ջանքերին։ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ չէ։ Խորհրդատուն Հայաստան է ժամանել ս․թ․ հուլիսի 25-ին (The Department of State’s Global Defense Reform Program (GDRP) has sent a civilian advisor to support Armenia’s efforts to strengthen and reform its defense institutions. The GDRP advisor is not a member of the U.S. military. The advisor arrived in Armenia on July 25)»:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ չի աշխատելու:

Իսկ թե ի՞նչ չէր արվում Պաշտպանության համագործակցության գրասենյակի միջոցով, որն անելու է քաղաքացիական Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում նշանակված քաղաքացիական խորհրդատուն, կամ ինչո՞ւ նման խորհրդատուի անհրաժեշտություն զգացվեց, դեսպանատնից չեն անդրադարձել այս հարցին:

Թերևս 168.am-ը ճիշտ էր՝ նկատելով, որ այս ամենի մեջ, որ՝ ՊՆ-ում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ է աշխատելու, քարոզչական տարր կար:

Տեսանյութեր

Լրահոս