Պապիկյանը Տիրան Խաչատրյանի և մյուս կալանավորված զինվորականների վերաբերյալ հրաժարվեց կարծիք հայտնել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկանի՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարություն անել, ու դա չունենա քրեաիրավական հետևանք, օրինակ՝ «44-օրյա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, բայց կլիներ նույն արդյունքը, բայց ոչ այդքան զոհերով», մինչդեռ կան զինվորականներ, որոնք այսօր կալանավորված են, օրինակ, Միքայել Արզումանյանը, Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ էլ արդեն կա դատական ակտ։

Հարցի համատեքստում նաև պաշտպանության նախարարին լրագրողը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «1994 թվականի զինադադարից հետո բանակցվել է, որ Արցախը վերադարձվի Ադրբեջանի կազմ»։

«Այս հարցին ես ըստ էության անդրադառնամ։ Նախ, կարծում եմ՝ երկրի 3 ղեկավարներին ուղղված վարչապետի առաջարկին՝ բանավեճ ունենալ այն հարցի շուրջ, որի մասին հիշտակեցիք, պատասխաններ չեն հնչել։ Չեմ կարծում՝ հիմա ես և դուք այդ հարցը պետք է քննարկենք, քանի որ հարցի շահառուներն ըստ էության այդ հարցի քննարկմանը մասնակցելու ցանկություն չեն հայտնել։ Ես չեմ պատրաստվում մեկնաբանել մի բան, որը կարող էր հանրային գնահատականի արժանանալ շահագրգիռ քննարկման կամ բանավեճի արդյունքում»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

Ինչ վերաբերում է դատական վճիռներին, կալանավորումներին ու ձերբակալություններին, Պաշտպանության նախարարը նշեց, որ դրանք իրավական գործընթացներ են, որտեղ քաղաքական գնահատականի կարիք չկա։
«Իմ քաղաքական գնահատականն այն է, որ յուրաքանչյուր հանցագործություն պետք է ունենա քրեաիրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը դատարանում ապացուցելի է, ուրեմն՝ պետք է լինի դատարանի վճիռ։ Ես գնահատական կնչեցնեմ՝ ելնելով դատարանի վերջնական որոշումից։ Այսօր հնչեցնել կարծիք որևէ գործով, որևէ անձի նկատմամբ, կարծում եմ՝ իմ կողմից չի լինի պատասխանատու հայտարարություն, ես ապավինում է ՀՀ արդարադատությանը»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։

Կարդացեք նաև

Լրագրողը կրկնեց հարցը՝ ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր սխալվել ու չպատժվել, հետևաբար, ո՞րն է զինվորականների խնդիրը, հատկապես, երբ Տիրան Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ է ստացել Ազգային հերոսի կոչում, Սուրեն Պապիկյանը նախ պատասխանեց, թե չի կարծում, որ Հայաստանում որևէ մեկը կարող է պատժվել կոչման համար։

«Իմ, ձեր, յուրաքանչյուրի, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հայտարարություն, գործունեություն, անգործություն մեր երկրում կարող է արժանանալ իրավական գնահատականի։ Եթե իրավական գնահատականի անհրաժեշտություն կա, ապա այդ գնահատականները վաղուց արդեն պետք է հնչեին։ Ես չեմ հասկանում, թե քաղաքական ինչ գնահատականներ պիտի հնչեցնեմ, երբ դուք զուգահեռներ եք անցկացնում իրավական գնահատականի ու քաղաքական հայտարարության միջև»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս