«Սանձահարում/Զսպում» հայեցակարգից՝ հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգ. Բանակի կերպափոխումը-2

Նոյեմբերի 15-ին 168.am-ն ընդհանրական անդրադարձել է Բանակի կերպափոխման հայեցակարգին, որը հիմնված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի վրա և մշակվել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի բացակայության պայմաններում:

Բանակի կերպափոխման հայեցակարգի նախաձեռնող ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են:

Այսինքն, ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները:

Ըստ այդմ, մասնավորապես, Բանակի կերպափոխման հայեցակարգում առաջարկվում է՝

Կարդացեք նաև

– ԶՈւ ղեկավարման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,

– պատերազմական ձևերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիվ օղակներում), սպառազինության և ռազմական տեխնիկայի, մարտական և օպերատիվ պատրաստության վերանայում,

– ռազմական պլանավորման նոր սկզբունքների որդեգրում,

– հրամանատարական պատրաստության և ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրում,

– զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումների ձևավորում,

– ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում և այլն:

Այն, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո և Ադրբեջանի՝ թուրքական փոքր բանակի վերածվելու պայմաններում ՀՀ զինված ուժերում պետք է ժամանակակից պատերազմներին և անվտանգային մարտահրավերներին համահունչ վերանայումներ լինեն, այդ թվում՝ մարտի վարման ձևերի և եղանակների, սպառազինությունների ընտրության, հրամանատարական և առհասարակ կառավարման մոտեցումների, չենք վիճարկում:

Այո, անհրաժեշտ են զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումներ, հատուկ նշանակության ուժերի հզորացում, սպառազինության դիվերսիֆիկացում, ավելին, իրականացվող որոշ գաղափարներ, թերևս, լավն են, և ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ նախարարը, հնարավոր է, իրապես և ազնիվ մղումով ցանկանում են՝ ունենանք արհեստավարժ բանակ:

Բայց, ինչպես արդեն նախորդ հոդվածում նշել ենք, Բանակի կերպափոխման հայեցակարգում կան անհստակություններ, անվտանգային միջավայրի վերաբերյալ հստակ որևէ գնահատական չկա՝ որտեղի՞ց են այդ սպառնալիքները, և այլն:

Ավելին, այս ամենը ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղավորում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ:

«Հայաստանին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված Զինված ուժերն անհրաժեշտ են ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու համար՝ մեկ կենտրոնին ապավինելու անզուգաչափ (ասիմետրիկ) և հիերարխիկ փոխաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ զուգաչափ և ոչ հիերարխիկ փոխաբերություններով: Ռազմատեխնիկական միջազգային նախընտրելի ձևաչափը պետություն-պետություն մոտեցումն է, որը հիմնված է միասնական պատուհանի մեկ սկզբունքի վրա՝ բացառելով առևտրային միջնորդների ներգրավումը»,- ասված է հայեցակարգում, որտեղ նաև նշվում է Քաղված դասերի կենտրոնի ստեղծման մասին:

Եվ ոչինչ, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը ձախողել են իրենց սահմանադրական պարտականությունների կատարումը՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պաշտպանություն, և այսօր ունենք մոտ 200 քկմ օկուպացված տարածք, որը բանակի միջոցով վերադարձնելու մտադրություն չկա:

Գոյություն ունի սահմանադրություն, օրենք, կանոնագիրք, որոնց պահանջները չեն կատարվել, սա որևէ կապ ունի՞ բանակի կերպափոխման հարցի, սպառազինության ռուսական կամ հնդկական ու ֆրանսիական լինելու հետ:

Եվ այսօր այս իշխանությունը փորձում է համոզել, որ իրենց օրոք բանակն ի զորու է լինելու տարածքային ամբողջականություն ապահովել, որի մասշտաբներն այս տարիներին նվազել են. Նախ՝ հայ զինվորը պիտի պահեր 42.000 քկմ, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի երազանքներն իշխանափոխությունից հետո այդքան տարածքում էին տեղավորվում, 44-օրյա պատերազմից հետո այս թիվը դարձավ 29.800 քկմ, հիմա՝ 29.743 քկմ, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեռ առջևում է, և հայտնի չէ՝ դեռ քանի դիրքից և քառակուսի կիլոմետրից հայ զինվորը ստիպված կլինի հեռանալ:

Այս համատեքստում հավելենք, որ հայեցակարգում նշվում է, որ տեղի է ունենալու՝

պետական սահմանի պահպանության գործառույթի փուլային հանձնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին,

– տեխնիկական միջոցների (ռոբոտների) ներդրմամբ մարտական հերթապահության կազմակերպման օպտիմալացում՝ առաջնագծից ստորաբաժանումների դուրսբերմամբ,

– ԶՈւ պաշտպանության գոտու, նոր զբաղեցրած բնագծերի ինժեներական սարքավորում և ամրացված շրջանների կառուցում,

– պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների համակարգի զարգացում,

– ԶՈւ կարևորագույն օբյեկտների պատսպարում՝ օդուժի ռադիոլոկացիոն հետախուզությունից և և նշանառու հարվածներից պաշտպանվելու համար:

Այն, որ դիրքային մարտերը կամ դիրքերի վրա հարձակումները գնալով «հնանում» են, և այսօր մարտական գործողությունների ժամանակ թիրախավորվում են բնակավայրերը, ռազմավարական նշանակության օբյեկտները, և, որ այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է նաև պատրաստություն քաղաքային մարտերին և գրոհային խմբերի թվաքանակի աճ, ինչպես նաև՝ առաջնագծում տեխնիկական միջոցների ներգրավում և ինժեներական որոշակի կառույցների կառուցում, թերևս, անվիճելի է։

Այլ հարց է՝ որքանո՞վ է ճիշտ այսչափ շեշտը դնել ինժեներական ամրոցատիպ կառույցների վրա, որքանո՞վ են դրանք ապահովելու արդյունավետ շարժունակություն, և արդյո՞ք դարձյալ գործ չունենք ստատիկ պաշտպանության հետ:

Օրինակ, մի առիթով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում մասնագիտական կարծիք էր հայտնել՝ ասելով.

«Ամրացված շրջանները գտնվում են խորքում, և դրանք, կարելի է ասել, առաջին մարտավարական խորության մեջ երկրորդ դիրքի դեր են կատարում: Իսկ երկրորդ դիրքն իր մեջ, պաշտպանությունից բացի, նաև ունի հակագրոհային գործողությունների խնդիր: Եվ մենք այսօր ամեն ինչ պիտի անենք, որ հենց առաջին գծում, որտեղ առաջին դիրքն է և իր մեջ ներառում է 3-4 խրամատ, այսինքն՝ մոտ 2.5 կմ խորություն, այդտեղ նաև մարտական գործողությունները լինեն կայուն և ակտիվ:

Իսկ ամրացված շրջաններում պաշտպանությունը, այսպես ասած, հենակետային է, կայուն է, բայց ակտիվ շարժունակություն այդտեղ չկա, ուստի պետք է լինեն նաև ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կունենան մանևրելու, հակառակորդի հնարավոր մխրճումը մեր թիկունք հետ մղելու, նրանց կանգնեցնելու, ջախջախելու և հետ շպրտելու: Այսինքն, եթե միայն ամրացված շրջաններում պիտի լինի պաշտպանությունը, 1000 կմ մենք Ադրբեջանի հետ սահման ունենք, և եթե միջինը 3 կմ իրենք մխրճվեն, բավականին լուրջ տարածություն է դառնում»:

ՀՀ ԶՈՒ նախկին պետ Մովսես Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ճիշտ չհամարեց ինժեներական կառույցների կառուցման վրա շեշտադրումը. «Եթե իրենց թվում է, որ կարող են այնպիսի ինժեներական կառույցներ ստեղծել, որ հակառակորդը չի գրավելու, զինվորը պաշտպանված է լինելու, չարաչար սխալվում են»:

Ինչ վերաբերում է ռոբոտների ներդրմամբ մարտական հերթապահության օպտիմալացմանը, ինչու պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը չի գնացել սրան, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր տեսլականներում առաջարկել էր ոչ միայն դա, այլև կառավարման համակարգը համապատասխանեցնել թվային տեխնոլոգիաների արագ զարգացումներին:

«Չեմ բացառում, որ կգա այն ժամանակը, երբ ռազմական գործողությունների կառավարման գործում կվերանա կառավարման կետերի և թվային կապուղիների անհրաժեշտությունը, այլ հրամանատարության միասնական մտահղացման վրա կառուցված ալգորիթմները ռազմական գործողությունների տարբեր փուլերում և իրավիճակներում գործող ստորաբաժանումներին ինքնուրույն կտան այդ մտահղացումից բխող և իրավիճակի ամբողջական վերլուծության վրա հիմնված առավել օպտիմալ լուծումներ՝ բացառելով մարդկային գործոնից կախված այս կամ այն հավանական բացթողումները: Ուստի, թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումն այլընտրանք չունի՝ լինի դա զորքերի ղեկավարման, ապահովման, թե պատրաստության ոլորտներում:

Զորքերի ղեկավարման ուղղությամբ այդ համակարգը պետք է ունակ լինի ապահովելու կառավարման «վերահսկելի ապակենտրոնացումը», հետևաբար՝ կառավարման կետերի շարժունակությունն ու տարաբաշխվածությունը: Զորքերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի կիրառման և ըստ այդմ` որոշումների կայացման պատվիրակման պայմաններում կառավարման այդ մոդելը հնարավորություն կընձեռի ունենալու տարատեղված, ինքնաբավ և միասնական մտահղացման շրջանակներում ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ ստորաբաժանումներ:

Կարծում եմ՝ ավելորդ չի լինի նշել, որ ժամանակակից ռազմական գործողությունների, առավել ևս՝ ապակենտրոնացված և միասնական մտահղացման շրջանակներում ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ ստորաբաժանումների կառավարման համար անհրաժեշտ է ունենալ իրավիճակի և դրա դինամիկ զարգացման ամբողջական պատկերը, և առավել կարևոր է, որ արագ և առաջանցիկ որոշումները հիմնված լինեն իրական ժամանակում ստացվող տվյալների վրա: Հետևաբար՝ արդյունավետ կառավարման համակարգը պետք է ապահովված լինի նույնքան արդյունավետ հետախուզական համակարգով»,- 2020 թվականին բանակի զարգացման իր տեսլականում նշել էր Տոնոյանը:

ԶՈւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին խոսվել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք մշակված ԶՈՒ զարգացման 7-ամյա ծրագրում, որից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեծ հաշվով, չօգտվեց, իսկ Սուրեն Պապիկյանն ընդամենը թարմացրեց որոշ ծրագրեր:

Ի դեպ, Սուրեն Պապիկյանի օրոք մշակված Բանակի կերպափոխման հայեցակարգում խոսվում է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ՆԱՏՕ-ական սկզբունքի ներդրման մասին, և տպավորություն է, թե այն հիմա է ներդրվում, այն դեպքում, երբ և՛ Դավիթ Տոնոյանն իր տեսլականում ցույց է տալիս, որ այն արդեն գոյություն ունի, և անգամ Վիգեն Սարգսյանի ժամանակ գրված 7-ամյա ծրագրում խոսվում է «հրամանատրման նոր սկզբունքների ներդրումից»:

168.amանդրադարձել է այդ հարցին, երբ ԳՇ պետի օգնական Ժիրայր Ամիրխանյանը, ով, ըստ էության, մասնակցել է Բանակի կերպափոխման հայեցակարգի մշակմանը, դարձյալ մանիպուլյացիայի էր դիմել իր հարցազրույցներից մեկում։

Մենք հիշեցրել էինք, որ 2015 թվականին այն ժամանակ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պաշտպանական քաղաքականության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը «Հայ զինվոր» թերթում մանրամասն անդրադարձել էր «Հրամանատրում առաջադրանքով» հայեցակարգային նախաձեռնությանը, որի մասին դեռ 2014-ին էր հիշատակում եղել։

Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ում անցկացվել էր ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ Պլանավորման նկատառումներում մատնանշվել էին պետության զինված պաշտպանության կազմակերպման այնպիսի նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպիսիք են «Խելամիտ պաշտպանությունը» և «Առաջադրանքով հրամանատրումը», և նշվել էր՝ ՀՀ զինված ուժերում այս և այլ նորարարական լուծումների կյանքի կոչումը թույլ կտա փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ ստորաբաժանումների միջոցով վարել տարատեղված և ապակենտրոնացված գործողություններ:

Իսկ գնդապետ Ամիրխանյանը 2015 թվականի իր հոդվածում մանրամասնել էր.

««Առաջադրանքով հրամանատրումը» ենթադրում է ռազմական (մարտական) գործողությունների վարում ապակենտրոնացված կերպով` հիմնված առաջադրանքներ հիշեցնող հրամանների վրա: Այն ենթականերին իրավազորում է կիրառել իրենց դատողությունը, որոշելու, թե ինչպես կատարել առաջադրված խնդիրները, և օգտագործում է մարտում մարդկային գործոնը՝ շեշտը դնելով վստահության, կամքի ուժի, նախաձեռնության և ստեղծագործականության վրա:

«Առաջադրանքով հրամանատրումը» պահանջում է, որ առաջադրանքը կատարելու համար բոլոր հրամանատարներն ու պետերը ցուցաբերեն կարգապահ նախաձեռնողականություն և գործեն կռվազան (ագրեսիվ) և անկախ: Հրամանատարներն ու պետերն իրենց հրամանները մտասևեռում են գործողության (մարտի) նպատակի, այլ ոչ թե առաջադրված խնդիրների կատարման եղանակների վրա:

Նրանք, որքան հնարավոր է, որոշումների կայացման իրավունքը պատվիրակում են (վստահում) ենթականերին, որը նվազեցնում է մանրազնին վերահսկողությունը և իրավազորում ենթակաների նախաձեռնողականությունը՝ կայացնելու որոշումներ, որոնք հիմնված կլինեն հրամանատարի կամքն ըմբռնելու, այլ ոչ թե՝ մշտական հաղորդակցության վրա:

«Առաջադրանքով հրամանատրման» մեջ առանցքային նշանակություն ունեն, կարելի է ասել` անկապտելի հատկանիշ են հանդիսանում հրամանատարության բոլոր մակարդակներում «հրամանատարի մտադրության» ճիշտ ընկալումը, փոխվստահությունը և ըմբռնողականությունը,- «Հայ զինվորին» ասել էր Ամիրխանյանը և հավելել,- Չնայած այս հայեցակարգը հավասարաչափ արդյունավետ կարող է կիրառվել խաղաղ պայմաններում (զորամասերում առօրյա ծառայության, շտաբային աշխատանքի, կենտրոնական ապարատի գործունեության ընթացքում), դրա հիմնական օգուտներն առաջ են գալիս ռազմական (մարտական) գործողությունների ժամանակ:

Խնդիրն այն է, որ մարտը հանդիսանում է երկու «կենդանի օրգանիզմների» պայքար, որտեղ ցանկացած քայլ բախվում է հակառակորդի դիմադրությանն ու հակաքայլերին:

Հետևապես, եթե չես կարող լիարժեքորեն պլանավորել մարտը, ապա ինքնըստինքյան դրա ընթացքում ի հայտ կգան չպլանավորված բարենպաստ հնարավորություններ կամ սպառնալիքներ: Իսկ այս բարենպաստ հնարավորություններից օգտվելու կամ սպառնալիքները չեզոքացնելու համար դասական պատերազմավարման դեպքում պետք է հարցնել հրամանատարության կամ շտաբի թույլտվությունը, որի համար շատ դեպքերում չկա ժամանակ, կամ խափանված է հաղորդակցության (կապի) համակարգը: Ուստի՝ «Առաջադրանքով ղեկավարումը» միակ եղանակն է պատերազմի «մշուշը» եթե ոչ՝ ցրելու, ապա՝ առնվազն այն կառավարելու համար: Այն ավելի է կարևորվում կտրտված (օրինակ` լեռնաանտառային) տեղանքում, որտեղ, որպես կանոն, իրարից տարանջատ փոքր ստորաբաժանումները վարում են տարատեղված ու ապակենտրոնացված գործողություններ»:

Ի դեպ, հետաքրքիր է, որ 2024-ին ներկայացված Բանակի կերպափոխման հայեցակարգում մեկ այլ տեղում նշվում է «Առաջադրանքով հրամանատրման» կամ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունք-համակարգի կայացման մասին, որն առավել ազնիվ ձևակերպում է:

Եթե գլոբալ գնահատենք, ապա այս հայեցակարգով ՀՀ զինված ուժերի առջև հակառակորդից պաշտպանվելու, դիմակայելու, դիմադարձելու խնդիր է դրված:

Մինչդեռ Ապրիլյան պատերազմից հետո մշակված ՀՀ ԶՈւ զարգացման 7-ամյա ծրագրում հատուկ շեշտ էր դրվել հակառակորդին զսպելու համակարգի ստեղծման վրա, որի մասին խոսվում էր անգամ մինչև Ապրիլյան պատերազմը՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի համատեքստում: Այսինքն, «Սանձահարում/Զսպում» հայեցակարգը դոկտրինալ մոտեցումներում դուրս պիտի մղեր «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին:

2018 թվականի մարտին ԶՈՒ անձնակազմի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր.

«Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»:

Իսկ ԶՈւ 7-ամյա վերը նշված ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, կամ բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզը, որը հստակ ձևակերպում էր մեր ռազմական նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենալ զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։

Այսինքն, այս ծրագիրը տարբերվում էր մնացած բոլոր ծրագրերից նրանով, որ շատ ավելի թիրախային ծրագիր էր համարվում այդ ժամանակվա երկրի ղեկավարության կողմից, քանի որ կար որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ:

Բայց նույնիսկ այդ դեպքում ԱԽ նիստում ծրագրի քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր՝ սա չի նշանակում, թե չեն կարող ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, հենց դրա համար է ԱԽ հաստատմանը ներկայացված: Առհասարակ, ցանկացած նման ծրագրում կարելի է փոփոխություն մտցնել, եթե դա համահունչ է տվյալ ժամանակի անվտանգային իրավիճակին:

Վերադառնանք Սուրեն Պապիկյանի օրոք գրված Բանակի հայեցակարգին, մասնավորապես, վերևում արդեն հիշատակված հատվածին, որտեղ ակնարկվում է, թե, օրինակ, սպառազինություն պետք է ձեռք բերվի առանց առևտրային միջնորդների՝ պետություն-պետություն սկզբունքով:

Թող լինի այդպես, բայց դրա համար պետք է ունենալ հզոր պետություն և դիվանագիտություն, որն ի զորու կլինի լուծել լոգիստիկ խնդիրները, մյուս կողմից, նույնիսկ արտաքին քաղաքականության մեջ պետությունների ղեկավարները շատ կարևոր հարցեր լուծում են անձնական կապերի միջոցով: Այս մակարդակի պետություն և ղեկավարներ ունե՞նք այսօր:

Ի դեպ, հայեցակարգը, որը հիմնված է Կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի վրա, չի անդրադառնում Հայաստան-Ռուսաստան ռազմական հարաբերություններին և կարևորագույն փաստաթղթերին, մինչդեռ Կառավարության նշված ծրագրում հատուկ կարևորություն է տրվել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը, համատեղ ուժերի ռազմական ներուժի ավելացմանը:

Հիմա կասեն՝ 2022 թվականից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, բայց երկկողմ ռազմական պայմանագրերը ոչ ոք չի չեղարկել:

Իսկ հայեցակարգում խոսվում է նաև ԳՇ և ՊՆ գործառույթների տարանջատումից, որ ԳՇ-ն միայն մարտական խնդիրներով պիտի զբաղվի, երբ այսօր վերադարձ է կատարվել մոտ 15 տարի հետ ժամանակներ, և Գլխավոր շտաբը, այսպես ասած, Պաշտպանության նախարարության ԳՇ-ն է, իսկ ԳՇ պետը՝ Պաշտպանության նախարարի տեղակալը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով է կառուցվածքային այս փոփոխությունը ճիշտ, և որքանով է ռիսկային կամ ոչ ռիսկային պատերազմական իրավիճակում, երբ պատասխանատվության և պատասխանատուի հարց առաջանա:

Ռազմական գործող ղեկավարությունը զինված ուժերի կերպափոխման հայեցակարգում երկար խոսել է նաև զինվորի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, պարտքի զգացումի, հավատարմության մասին, այն դեպքում, երբ Սուրեն Պապիկյանի քաղաքական առաջնորդը հատկապես 44-օրյա պատերազմից հետո և մինչ օրս իր հայտարարություններով, խոսքով և գործով վնաս է հասցրել և հասցնում զինվորի բարոյահոգեբանական վիճակին, ստորադասել բանակը և զինվորին «առևտրային հետաքրքրություններին», երբ զինվորը չգիտի՝ այն դիրքը, որ այսօր պահում է, որի համար կյանքն է վտանգում, արդյո՞ք վաղը մերն է լինելու…

Տեսանյութեր

Լրահոս