«Բանակին պետք չի սրբացնել. բանակում ծառայող մարդիկ, ովքեր փորձել են կատարել հերոսություն, պիտի սրբադասվեն». Մովսես Հակոբյան
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը որոշել է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, ով երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ «հարկ վճարելը պարտականություն է, իսկ անձնազոհությունը կամավոր մարտի դաշտ գնալն է»:
«Սկզբունքորեն այս ընկալման մեջ տարօրինակ ոչինչ չկա, այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամ անվտանգությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելն ընդամենն օրենքով սահմանված գործունեության դրսևորում դիտարկելը կամ դրան հակադրելը՝ ինքնին ապապետական ընկալման հետևանք է։
Հարգելի գործընկերներ, եթե խոսքը «կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, ապա այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում և այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի։ Այսինքն՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- շեշտել է նա՝ միաժամանակ ընդունելով, որ այսօր էլ կամավորներ կան, «բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ»:
Սակայն, ըստ Փաշինյանի, այսօրվա կամավորը՝ «ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմի օրերին, մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:
«Ուզում եմ ասել, որ նրանք, որոնք դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան միանգամից այդ հագուստներով և անհրաժեշտ փաստաթղթերով: Ուզում եմ ընդգծել՝ քանի որ այս հատվածի համար մոբիլիզիացիոն պլան նախատեսված չի եղել, այսինքն, պետությունը նախատեսած չի եղել այդ հատվածին մեր տղաների զինվորագրել, և հիմա ես խնդրում եմ նրանց կամավոր դա անել: Ես խնդրում եմ նաև նրանց, ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ դա որևէ ձևով ուղարկել և կենտրոնացնել կենտրոնական հավաքակայանում»,- իր մարտակոչում ասել էր Փաշինյանը:
Հավելենք, որ պատերազմից հետո մարտական դիրքերի պաշտպանությունը հանձնվում է 25-օրյա վարժանքների մասնակիցներին, երկրապահներին, վերջինի դեպքում ԵԿՄ-ին մոտ 234,638.0 հազար դրամ է հատկացվում պետական բյուջեից: Նման բան նախկինում չի եղել մշտական հիմունքով: Եվ այստեղ իշխանափոխությունից հետո պրոֆեսիոնալ բանակի մասին պարբերաբար գոռացող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ էության, խոստովանություն է, որ ժամանակակից պատերազմների և արդի անվտանգային մարտահրավերների պայմաններում կամավորների առկայությունը մարտական հերթապահության մեջ, խոսում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության մասին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ձախողել է բանակի զարգացման գործում:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում, ըստ էության, համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-խոստովանության հետ, որ այսօր կամավորների առկայությունը պետության «չգոյության» և պետական ինստիտուտների ոչ լիարժեքության մասին է հուշում, երբ նրանք, ինչպես նշեցինք, պատերազմի են մասնակցել և այսօր էլ սահման են պահում:
«Կիսում եմ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ցավալի ճշմարտություն կա»,- ընդգծեց նա:
Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հերթական անգամ հայտարարել էր նաև, որ «բանակը չպետք է լինի սրբագործման առարկա», այսինքն, չպետք է բանակին, զինվորին սրբացնել:
«Բանակին պետք չի սրբացնել, բայց բանակում ծառայող մարդիկ, ովքեր փորձել են կամ կատարել են հերոսություն, պիտի սրբադասվեն»,- շեշտեց Մովսես Հակոբյանը: