«Դադարեցրե՛ք բանակի սրբագործման մոտեցումը. դա մեծագույն սխալ է». Նիկոլ Փաշինյան
«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է»,- այս մասին ԱԺ-ում Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, շատերը չգիտեն, բայց ՊՆ-ն մտնում է երկրի առաջին 10 հարկատուների մեջ։
«Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ զինծառայողներ ու սպաներ, աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանացված հարկերը վճարող խավի ներկայացուցիչ են իրենց ծառայության մեջ, բայց մյուս կողմից, երբ ՊՆ-ն երկրի 10 խոշոր հարկատուներից է, դա նշանակում է, որ այդուամենայնիվ մեր սոցիալ-հոգեբանության ու մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան։
Ընդհանրապես, որպես մի մարդ, որը բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա Երրորդ Հանրապետությունում մեր բոլորի գործած մեծագույն սխալն է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց «բանակը չպետք է լինի սրբագործման առարկա», որովհետև, ըստ նրա՝ սրբագործումը կուրացնում է ու չի թողնում իմանալ անելիքը։
«Այդ սրբագործման արդյունքում մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ դե լավ, բանակը կլուծի, մեր զինվորը, իրա ցավը տանե՜մ, իրա ցավը տանե՜մ, կուչ եկած, սառած, կանի ինքը։ Կանի ինքը, բոլորի դեմը կկռվի, գիտեք՝ ինքը ում սերունդն է, ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հես ա այստեղից տալու է, դուրս գա Մադագասկար կղզի։ Դե չմտածեք, որ մենք բանակը սիրում ենք, դրա համար ենք անում, մենք անում ենք, որ գցեք իր վրա, այդ խեղճ ու կրակ զինվորի վրա։
Ասում եք, հերոսներին նսեմացրել ենք, ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անում, թե՞ ինչ ուզում՝ անում էին, բառիս բուն իմաստով։ Սիրելի հայ ժողովուրդ, անծանոթ բաների մասի՞ն եմ խոսում, որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանում էին, ուրիշ բաների չանդրադառնամ, որ դուք դեռ տեղ ունենաք մեզ մեղադրելու պարտության ու դավաճանության և էլի շատ բաներ մեջ։ Եկեք ձև տանք, թե ամեն ինչ մոռացել եք»,- ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին որևէ փաստ չմատնանշելով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում