Ինչով են արդարացված փակ հանդիպումները, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել 2025-ին

2023 թվականի տարեվերջին, երբ ամփոփում էինք հաշվետու տարում ՀՀ պաշտպանության նախարարության, նախարարի աշխատանքը կամ համագործակցությունը լրատվամիջոցների հետ, գրել էինք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ըստ էության, միայն Դավիթ Տոնոյանն է ՀՀ պաշտպանության նախարարի կարգավիճակում ասուլիսային կամ ճեպազրուցային տարբերակով պահպանել շփումը լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին, և նրա պաշտոնանկությունից հետո այս «կանոնը» չի պահպանվել ո՛չ Վաղարշակ Հարությունյանի, ո՛չ Արշակ Կարապետյանի, և դրանից հետո մոտ 2 տարի՝ ո՛չ էլ Սուրեն Պապիկյանի օրոք:

Միաժամանակ նշել էինք, որ մոտ 2 տարի հետո է միայն Սուրեն Պապիկյանը 2023 թվականի դեկտեմբերի 25-ին համաձայնել գոնե փակ հանդիպում ունենալ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնց պատասխանները, բնականաբար, չէր կարելի ստանալ գրավոր հարցումների և բանավոր մեկնաբանությունների միջոցով:

2024 թվականին թեև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիս չի հրավիրել, սակայն տարվա ընթացքում լրագրողների հետ նրա շփումը և հանդիպումը եղել է հաճախակի, ինչպես ասում են՝ ՀՀ պաշտպանության նախարար-լրագրողներ հարաբերությունների միջև եղած «տարածությունը» հաղթահարվել է:

Մասնավորապես անցնող տարում ՀՀ պաշտպանության նախարարը ոչ մեկ անգամ և մի քանի ուղղություններով լրագրողներին ուղեկցել է սահմանագոտի, ամրացված շրջաններ, տեղում պատասխանել նրանց հարցերին:

Կարդացեք նաև

Բացի այս, ՀՀ պաշտպանության նախարարը լրագրողների հետ ունեցել է նաև ոչ մեկ փակ հանդիպում, վերջինը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին էր, տարվա ընթացքում լրագրողների հետ փակ հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊՆ խոսնակը:

Այո, ռազմական ղեկավարությունը պետք է նաև ասուլիսների միջոցով լրագրողների հարցերին պատասխանի, որի միջոցով մեսիջներ հղի, այդ թվում՝ արտաքին լսարանին:

Սակայն հաշվի առնելով գործող իշխանության որդեգրած արտաքին, ռազմական քաղաքականությունը, ՀՀ զինված ուժերի հանդեպ ՀՀ ղեկավարի թիրախավորված վերաբերմունքը, կաշկանդելու միտումը և այն, որ բանակը դեռ վերականգնելու տեղ ունի, ինչո՞ւ չէ՝ զինված ուժերի սպառազինմանը խոչընդոտող հանգամանքները և թուրք-ադրբեջանական պահանջները, արդյո՞ք այդ ասուլիսը, մեծ հաշվով, ինչ-որ բան տալու է, արդյո՞ք կարողանալու ենք պատկերացում կազմել առկա իրավիճակի մասին:

Այսինքն, լսելու ենք այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում, և պաշտպանական գերատեսչությունը նաև այս հարթությունում է հայտնվելու ոչ շահեկան և կաշկանդված վիճակում, առանց այն էլ նախարարությունը ստիպված է եղել իր հաղորդագրություններում փոխանցել Փաշինյանի՝ Ադրբեջանին ուղղված պահանջները հետաքննության մեխանիզմների ստեղծման հետ կապված. «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»:

168.am-ն այս առնչությամբ գրել էր, որ Փաշինյանն անտեսում է ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքական և օրինական իրավունքը:

Այսինքն, ՀՀ վարչապետի աշխատակազմն ընդամենը փաստաթղթավորել է Ալիևին ուղղված Փաշինյանի բանավոր և ուղիղ առաջարկը ու գրավոր ձևով տեղ հասցրել այն՝ ելնելով ընթացակարգից: Եվ Պաշտպանության նախարարը, ով համարվում է Զինված ուժերի ղեկավարը, և ում խաղաղ ժամանակ ենթարկվում է ԳՇ պետը, պետք է կամ ՀՀ անունից խոսեր, կամ ուղիղ հղում աներ երկրի ղեկավարին, գերագույն հրամանատարին:

Եվ հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպումներն ավելի շահեկան են դառնում, քանի որ հնարավորություն ես ունենում բարձրաձայնել այն հարցերը և ստանալ այն պատասխանները, որոնք ասուլիսին հնարավոր չէ: Սա առնվազն ինձ համար՝ որպես լրագրող-վերլուծաբան, շահեկան է, հատկապես սպառազինության գնման և մատակարարումների հետ կապված տարաբնույթ տեղեկությունների և արտահոսքերի պայմաններում, երբ կարող ես պարզել՝ դրանց ո՞ր մասն է իրականությանը համապատասխանում, ո՞ր մասը՝ ոչ, և այլն:

Իհարկե, ասուլիսները նույնպես կարևոր և անհրաժեշտ են, և ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարի, այլև ԳՇ պետի, պետի տեղակալների, ՊՆ և ԳՇ կարևոր վարչությունների ղեկավարների պարագայում:

Լրատվամիջոցներին պետք է ուղեկցել, այսպես ասած, դասական դիրքեր, առաջնագիծ, զորամասեր (հատկապես, երբ այսօր կադրային տեղափոխությունները շատ ավելի հաճախակի են տեղի ունենում), ռազմարդյունաբերական համալիրներ, փոքր մասշտաբով ռազմական ցուցադրություն պետք է կազմակերպվի, թույլատրելի սահմանում պետք է լրագրողները մասնակից լինեն տարբեր ստորաբաժանմունքների պարապմունքներին:

Բնականաբար, շտկումների տեղ կա նաև գրավոր հարցումներին պատասխանելու առումով՝ պատասխան գրություն ուղարկելու ժամանակի և բովանդակության հետ կապված, ընդ որում, երբեմն կան հարցեր, որոնց կարելի է բանավոր պատասխանել, բայց դրանք պահանջում են ուղարկել գրավոր: Խոսքն այս կամ այն միջադեպի պարզաբանման մասին չէ, ինչը դիմելու դեպքում արագ արձագանքում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Հարցումների հետ կապված խնդիր կա նաև մյուս ուժային գերատեսչությունների՝ քննչական և իրավապահ մարմինների դեպքում:

Իհարկե, այս համատեքստում չենք կարող չնշել, որ ունեցել ենք գրավոր հարցումներ, որոնց շատ հստակ պատասխաններ են տրվել, թե ով իրավունք ունի ժամանակավոր կամ մշտական մուտք գործելու հրամանատարական կետ, եղել են նաև տողատակերով պատասխաններ, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունն «իր վրա չի վերցրել» զորքի հետքաշման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների պարզաբանման պատասխանատվությունը, հատկապես, երբ դրանք տարբեր ժամանակներում տարբեր են եղել՝ մասնավորապես, Սյունիքից զորքի հետքաշման հետ կապված:

Հավելենք, որ 2024 թվականի ընթացքում պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից ստացել է տեղեկություն տրամադրելու 930 գրավոր հարցում: Ստացված հարցումներից մերժվել է 29-ը:

Կրկնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ զինված ուժերին առնչվող ամփոփ գնահատականը վերաբերում է միայն լրատվամիջոցների հետ համագործակցությանը կամ տեղեկատվական աշխատանքին:

Բուն ռազմական թեմաներով ամբողջ տարվա ընթացքում վերլուծական հոդվածներով հետևողական անդրադարձել ենք ցանկացած իրադարձության, հայտարարության, ԶՈՒ-երում կառուցվածքային փոփոխության, կադրային նշանակման, օրենքի:

Իսկ 2024 թվականին ամենածանր իրադարձությունը, թերևս, Տավուշում իրականացված ապօրինի սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի պաշտպանությանը հանձնված դիրքերի կորուստն էր:

Այս կորպուսը լեգենդար և ՀՀ ԶՈՒ լավագույն կորպուսներից է եղել միշտ, որի պատմության մեջ միշտ դիրքային բարելավումներ են եղել՝ հատկապես թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ, և թե գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի:

Այս առումով ՀՀ զինված ուժերին դեռ բարդ ժամանակներ են սպասվում…

Տեսանյութեր

Լրահոս