![](/banners/BeFunky-design.jpg)
Վստահ եմ՝ Թրամփը կհամաձայնի, որ Հարավային Կովկասը լինի ռուսական ազդեցության գոտի. Սուրեն Սարգսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ տարբեր պաշտոնյաների էլ էին դիմել հանդիպման խնդրանքով, բայց միայն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն էր արձագանքել։ Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը, թերևս, տևել է 5-6 րոպե։ Ո՛չ Վենսի, ո՛չ Փաշինյանի արարողակարգերից մարդ չի եղել հանդիպմանը, դրա համար էլ հեռախոսով են լուսանկարել։ Վենսը շատ ակտիվ է սոցհարթակներում, սակայն Փաշինյանի հետ հանդիպման մասին նույնիսկ նրա սոցցանցային էջերով ոչ մի տեղեկատվություն չկա։ Վստահ եմ՝ ՀՀ իշխանությունները հանդիպման նպատակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Ռուբիոյին, մերժում են ստացել, ասել են՝ ժամանակ չունեն, և միայն փոխնախագահ Վենսն է համաձայնել ոտքի վրա հանդիպել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով արված մի խղճուկ լուսանկար էր հրապարակել սոցիալական ցանցերում և գրել.
«Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ: Լավ խոսակցություն ունեցանք»։
- Փաշինյանի ԱՄՆ այցի նպատակն էր՝ շատ շտապ հասկանալ՝ արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստ է իրեն քաղաքական աջակցություն ապահովել այնպես, ինչպես Բայդենն ու նրա թիմն էին աջակցում։ Առիթը շտապ ԱՄՆ մեկնելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովն էր, չնայած այն բանին, որ Փաշինյանը կրոնական մարդ էլ չէ։ Կրոնական մարդ չէ նաև Արսեն Թորոսյանը, որը Փաշինյանի հետ մասնակցում էր այդ միջոցառմանը, այն դեպքում, երբ ինքն է մինչ այդ հայտարարել, որ աթեիստ է: Ի դեպ, Միջազգային կրոնական ազատության այդ գագաթնաժողովին այլ պետությունների ղեկավարներ չեն մասնակցել։ Այնպես որ, այդ միջոցառումը Փաշինյանի համար պարզապես պատրվակ էր՝ շտապ ԱՄՆ մեկնելու համար։
- Կարծում եմ՝ Փաշինյանն իր հարցերի պատասխանները չստացավ, քանի որ ԱՄՆ էր մեկնել հարցերի փաթեթով՝ քաղաքական աջակցություն, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորումներ։ Բացի դրանից, մեկնելուց առաջ Փաշինյանը պետք է հասկանար՝ արդյո՞ք Վաշինգտոնում որևէ մեկի հետաքրքիր է իր «Խաղաղության խաչմերուկը»։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ում ինքը հանդիպել է քաղաքական որոշումներ կայացնող մարդու հետ, ով կարող էր այդ հարցերի պատասխանները տալ։ Նաև նրա ԱՄՆ այցի ժամանակն էր սխալ ընտրված։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ Փաշինյանի դեսպան Մակունցը խորհուրդ չէր տվել չշտապել ԱՄՆ մեկնել։ Փաշինյանին հետաքրքրող հարցերն ԱՄՆ նոր վարչակազմի հետաքրքրությունների սանդղակի 30-յակում չկան անգամ։
- Հատկանշական է, որ Փաշինյանը շտապեց ԱՄՆ՝ այն դեպքում, երբ Թրամփը դեռ Պուտինի հետ չի հանդիպել։ Պարզ է, որ գերտերությունները պետք է կիսեն ազդեցության ոլորտներ։ Հետևաբար՝ ի՞նչ իմաստ ուներ շտապել ԱՄՆ ու չստանալ ոչ մի հարցի պատասխան ու չունենալ ոչ մի նշանակալից հանդիպում։
- Իրանի հարցն ամենաբարդն է Թրամփի համար, որովհետև ինքն իրեն դիրքավորել է՝ որպես խաղաղասեր նախագահ, բայց մյուս կողմից ասում է՝ ամբողջությամբ աջակցում եմ Իսրայելին։ Ուշագրավ է, որ Նեթանյահուի՝ Վաշինգտոն այցից հետո Թրամփը ռազմատենչ հայտարարություններ չարեց Իրանի առնչությամբ։ Չափազանց բարդ է կանխատեսել՝ ո՞ր ուղղությամբ նոր նախագահի վարչակազմը կշարժվի Իրանի հետ հարաբերություններում։
- ԱՄՆ-ի համար հիմա, կարծում եմ, որ առաջնահերթությունը Չինաստանի դեմն առնելն է, ու դրա համար նաև պետք է հարաբերությունները կարգավորել Իրանի հետ։ ԱՄՆ-ում հասկանում են, որ Չինաստանն արագ տեմպերով առաջ է գնում, ու մի քանի տարի հետո աշխարհի թիվ 1 տնտեսությունն է ունենալու։ Հետևաբար՝ Չինաստանի խնդիրն ԱՄՆ-ի համար ավելի հրատապ է լուծել, քան Ռուսաստանի և Իրանի խնդիրը։
- USAID-ից ամենամեծ օգնություն ստացող պետությունն Ուկրաինան է, որը ստացել է 36 միլիարդ դոլարի օգնություն։ Պատկերացրեք, թե բացի ռազմական օգնությունից, ինչ կարգի ֆինանսական օգնություն է ստացել այդ երկիրը։
- Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան… Այս 4 պետություններն առնվազն պետք է շահագրգռված լինեն, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվի, բայց ես չեմ տեսնում, որ նման ցանկություն կա։ Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանի շահերը։ Ու չմոռանանք, որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ որպես ցամաքային սահման՝ դիտարկում է Հայաստանը։
- Վստահ եմ՝ Թրամփը կհամաձայնի, որ Հարավային Կովկասը լինի ռուսական ազդեցության գոտի։ Այս պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն Ռուսաստանի և Ամերիկայի միջև։ Հենց դրանից է կախված Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը։
- Թուրքիան թեպետ պրոբլեմատիկ, բայց ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է ու ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում շահերն առաջ մղողը։ Մեծ Բրիտանիայի համար ևս Թուրքիան կարևոր է, սակայն, իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի վրա շատ ավելի մեծ է։
- Թրամփի գերնպատակն այն է, որ նա ավելի շատ չվճարի այլ երկրների անվտանգության համար, քայլ մյուս երկրները։
- Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի սուվերեն որոշումն է էներգակիրներ ձեռք բերել շատ ավելի թանկ գներով, բայց կախվածություն չունենալ ռուսական էներգակիրներից։ Եվ սա այն դեպքում, երբ եվրոպական բազմաթիվ երկրներ շատ լավ գիտեն, որ ադրբեջանական կամ այլ փաթեթավորմամբ ռուսական գազ են գնում ավելի թանկ գներով:
- Թրամփը շատ լուրջ գործիքակազմ ունի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի դեպքում դա ռազմական օգնությունն է, Ռուսաստանի պարագայում՝ սանկցիաները։ Հետևաբար՝ խոսելու ու պայմանավորվելու բան կա։ Ռուսաստանն էլ, Ուկրաինան էլ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցությունների։ Չեմ բացառում՝ շուտով բանագնացները նաև Ռուսաստան և Ուկրաինա կմեկնեն՝ հասկանալու համար՝ որ կետից սկսել բանակցությունները։
- Արևմտյան սանկցիաները դիվերսիֆիկացրեցին Ռուսաստանի տնտեսությունը։ Ներքին ռեսուրսները սկսեցին օգտագործվել, բայց մյուս կողմից Բայդենի վարչակազմը նպաստեց նրան, որ Ռուսաստանն ամերիկյան բացը լրացնի Չինաստանի միջոցով, ու այդ երկու երկրներն ավելի ուժեղանան։
- Թրամփը պնդում է, որ USAID-ի միջոցները նաև իր դեմ են օգտագործվել՝ իրեն սևացնելու, իր դեմ արշավ իրականացնելու համար։ Բացի դրանից, նա մտածում է՝ եթե ես երկրի ներսում ունեմ խնդիրներ, ինչո՞ւ պիտի միջոցներ ծախսեմ այլ երկրներում ծրագրեր իրականացնելու համար։ Որոշ ծրագրեր, իհարկե, կվերականգնվեն, բայց դրանք կլինեն Պետդեպի վերահսկողության ներքո:
- «Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Հետևաբար՝ այն փակելու համար օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, բայց քանի որ Իլոն Մասկի հայտարարությունը շատ կոշտ էր, առաջիկա օրերին մենք այդ հարցերի պատասխանները կստանանք։
- Թրամփի գալով փոխվել է նաև սոցիալական ցանցերի աշխատանքի՝ Ֆեյսբուքի, և այլն, տրամաբանությունը, և Ցուկերբերգը նաև հայտարարեց, որ այլ կերպ են աշխատելու։ Բոլորը, այդ թվում՝ խոշոր բիզնեսը, ընդունել են խաղի կանոնները։
- Նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի այցերը Վաշինգտոն էապես տարբերվել են Փաշինյանի այցից։ Լուրջ այցեր էին, որոնք լավագույնս լուսաբանվում էին հենց ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Չմոռանանք, որ Փաշինյանը ՀՀ ղեկավարների մեջ միակն է, որ իր ղեկավարման օրոք աշխատելով ԱՄՆ 3 վարչակազմերի օրոք՝ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահներից որևէ մեկի հետ։
- Վաշինգտոնի այցը ֆիասկո էր, որքան էլ Փաշինյանն ու նրա թիմն այլ բան քարոզեն։
- Մեծ հաշվով մենք ոչինչ չունենք տալու ԱՄՆ-ին, որով կհետաքրքրենք այդ գերտերությանը՝ ո՛չ մարդկային ռեսուրս, ո՛չ օգտակար հանածոներ… Մենք պետք է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարեինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, ոչ թե մտնեինք այդ գերտերությունների հակասությունների մեջ։
Օրեր առաջ՝ փետրվարի 7-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման համար: Արամ Ա-ն շնորհավորել էր Թրամփին երդմնակալության կապակցությամբ և նշել նրա նվիրվածությունը համաշխարհային խաղաղությանը: Նա վկայակոչել է Թրամփի նախորդ հայտարարությունները, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները, նրա աջակցությունը հայերի՝ իրենց հայրենիք վերադարձին:
Վեհափառը Թրամփին կոչ է արել միջամտել և հասնել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքվում ենթարկվում են փակ դատավարությունների՝ առանց իրավական նորմերի պահպանման և միջազգային վերահսկողության: Նա ընդգծել է, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, բարի կամքի ամրապնդմանը և կհամապատասխանի Թրամփի հայտարարած խաղաղապահ առաքելությանը:
Արամ Ա-ն նամակն ավարտել էր մարդասիրական այս հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու հույսով:
Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը հեռախոսով կապ էր հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը՝ որպես ուժեղ, խելացի և դինամիկ։
Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել պարոն Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին։
Նորին Սրբությունը մեծ հույս է հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասվում էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարության մեջ։
- Ընտրությունների ժամանակ «ճոճվող» նահանգներում էր որոշվելու ԱՄՆ նոր նախագահի ճակատագիրը։ Թրամփի աշխատակազմը շատ ճիշտ աշխատեց։ Այդ նահանգներում բնակվում են հայեր, և Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգն այդ առումով որոշիչ էր։ Ինչո՞ւ Թրամփը զանգեց Արամ կաթողիկոսին, ոչ թե Փաշինյանին։ Եթե զանգեր Փաշինյանին, Արցախ ու էթնիկ զտում բառերը չէր կարողանալու ասել, որովհետև այստեղից կհակադարձեին՝ նման տեղանուն չկա, ու մեսիջը չէր հասնի ամերիկացի հայ ընտրողներին։ Դրա համար շատ հաշվարկված զանգ էր Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգը։ Գոնե մոտավորապես պատկերացնում եմ՝ Թրամփի թիմից ովքեր են ուղիղ կապի մեջ Արամ կաթողիկոսի հետ։ Կա մարդ, ով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի զանգը կարող է փոխանցել Թրամփին։ Դժվարանում եմ ասել՝ փոխհամաձայնեցվա՞ծ էր արդյոք Արամ Ա կաթողիկոսի այս օրերին արված կոչը Թրամփին՝ Բաքվից հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում աջակցություն ցուցաբերելու հարցում, բայց այդ կոչը կարող է ընկալելի լինել Թրամփի համար։
- Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կարգավիճակ տան Հայաստանին, եթե կարգավիճակ չեն տվել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին ու Թուրքիային։ Տասնամյակներով շատ երկրներ գնում են դեպի Եվրոպա, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվում։ Ինչո՞ւ պիտի ստացվի Հայաստանի մոտ։
- Դժվար է հիմա ասել՝ Ադրբեջան-Ռուսաստան հակասությունն ինչի՞ շուրջ է պտտվում։ Դա միայն Ղարաբաղի, Միջանցքի խնդիրը չէ։ Ինքնաթիռի վթարը միայն պատրվակ էր, որ պայթեր լարվածությունն այդ երկրների միջև։ Պատմության մեջ ես չեմ հիշում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ նման լարվածություն եղած լիներ։
Մանրամասները՝ տեսանյութում։