Սա խաղաղություն չէ, «զակատ» արած պատերազմ է. ԱԺ ընդդիմությո՛ւն, արեք այն, ինչի համար մանդատ եք ստացել. իմպիչմենտը լյուստրացիա կդառնա. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ի՞նչ է ստացել Ադրբեջանը Վաշինգտոնում։ 

Ադրբեջանը Վաշինգտոնում կարողացավ միջազգայնացնել «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թրամփն ընդամենը որպես վկա է դրել իր ստորագրությունը՝ զրո պատասխանատվությամբ։ Համեմատության համար նշենք, թե ինչպես է պարտված, գրեթե ջախջախված Ուկրաինան ատամներով պայքարում իր անվտանգության երաշխիքների համար։

Կարդացեք նաև

Վաշինգտոնում միջազգայնորեն փակվեց Ղարաբաղյան հակամարտության թեման, ու Հայաստանն ընդհանրապես ծպտուն անգամ չհանեց՝ փոխարենն անգամ գերիների վերադարձի հարցը լուծել չկարողանալով։ Ադրբեջանին հաջողվեց նաև Ամերիկայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքի 907-րդ բանաձևը չեղարկել։

Ադրբեջանը հասավ նաև նրան, որ Հայաստանի կողմից իր իսկ Սահմանադրությունը փոխելու նրա պահանջը դարձավ միջազգային պարտավորություն։ 

  • Ի՞նչ ստացավ Ամերիկան։ 

Մենք դարձանք Թրամփի մանրադրամը՝ բավարարելով Նոբելյան մրցանակ ստանալու՝ նրա մոլագար տենչանքը։ Անցած 6 ամիսներին ներքին և արտաքին կյանքում Թրամփը ոչ մի հաջողության չի հասել և հիմա խնդիր ունի հաջողության պատմություն գրանցել։ Փաշինյանն օգնեց նրան դա անել։

Մեր պարագայում նա ոչ թե խաղաղություն հաստատեց, այլ «զակատ» է արել այդ պատերազմը, փակել է, ոչ թե կարգավորել է հակամարտությունը։

  • Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ Հայաստան այցը հաջող չի անցել, որովհետև եթե Հայաստանից մեկնելուց անմիջապես հետո Փեզեշքիանը խոսում է չփարատված կասկածների մասին, նշանակում է՝ այստեղ նրան չեն կարողացել համոզել, որ այդ ճանապարհը խնդրահարույց չէ, որ այդտեղ չկա միջանցքային տրամաբանություն։ 

Հիշեցնենք՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Իրանի ղեկավարն X-ում գրել էր. «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման մասին, շեշտեցի նաև, որ մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:

  • Վաշինգտոնյան համաձայնագիրը մեզ համար շատ ավելի վատ փաստաթուղթ է, քան Նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կար փոխադարձություն, սակայն Նիկոլ Փաշինյանը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով չկատարեց 9-րդ կետը, երբ դեռ Արցախը կար, ու փլուզեց այդ փաստաթղթի ճարտարապետությունը։
  • Հայաստանի որևէ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները չեն կարող մի փաստարկ բերել, որ Հայաստանի գլոբալ ապաշրջափակման մասին այդ փաստաթղթում որևէ հիշատակություն կա, կամ, որ Վաշինգտոնից Փաշինյանն ինչ-որ մեզ համար օգտակար բան է բերել։ Որևէ մեկը չի կարող ասել՝ Հայաստանից Իրան ճանապարհն ինչպե՞ս է անցնելու TRIPP-ի՝ «Թրամփի ուղու» դեպքում, եթե, իհարկե, այն կյանքի կոչվի։
  • Սա պարտադրված խաղաղություն է։ Փաշինյանի ուղերձը նրա ստախոսությունների միքսն է։ 4 մեսիջ հղեց մեր հասարակությանը։ Այդ ուղերձով նա ոչ միայն մեզ իրական Հայաստան չտարավ, այլ տարավ ֆեյքային՝ կեղծիքի Հայաստան։ 
  • Հարգելի՛ հայրենակիցներ, Փաշինյանին պարտադրեցին խաղաղություն։ Դա կապիտուլյացիային համարժեք բան է։ Ուզում ես՝ մեկ տարով վարձակալության տուր ճանապարհդ, եթե դու տարանցման իրավունքը զիջում ես, ուրեմն դու զիջում ես քո ինքնիշխանությունը։
  • Հայաստանին այդ փաստաթղթի 7-րդ հոդվածով պարտադրվում է արտաբլոկային պետության կարգավիճակ, իսկ մենք միայնակ մեր անվտանգությունը չենք կարող ապահովել, ինչը նշանակում է Ադրբեջանին վասալության ընդունում։ Սա պայմանագիր է Ադրբեջանի միակողմանի պահանջների ու դրանց ընդունման մասին։ Հայաստանն այդ տեքստում որևէ շահող բան չունի։
  • Փաշինյանի ասածը նույնիսկ գեբելսյան սուտ չէ, այլ հյուսիսկորեական պրոպագանդա է։ Ցանկացած այլակարծություն խաղաղության դեմ ընկալվում է որպես ռևանշիզմի օգտին պրոպագանդա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

  • Ես չեմ հավատում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, որովհետև Փաշինյանի համար անկարելի է լինելու սահմանադրական հանրաքվեով ստանալ գրեթե 680.000 ձայն Սահմանադրության փոփոխության օգտին։
  • Ալիևը Վաշինգտոնում փաստաթղթավորված Միջանցքի գաղափարը ստացել է, և կարևոր չէ՝ խաղաղության պայմանագիր կլինի՞, թե՞ չէ։ Նիկոլ Փաշինյանին տվել են բարաթ, որի վրա գրված է՝ 2026թ․ ընտրություն։ Նա ստացել է 5 տարվա իշխանություն՝ Միջանցքի դիմաց։
  • Չի բացառվում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, որովհետև մինչև ընտրություններ Վաշինգտոնի թղթից ուժեղ թուղթ նա չի կարող ստանալ։ 

Վաշինգտոնի փաստաթուղթն արտահերթի գնալու հրաշալի պրոպագանդիստական առիթ է, և բացի դրան՝ ընդդիմությունն անպատրաստ է։ Փաշինյանը շատ կուզենա սահմանադրական հանրաքվեն ու ընտրությունները մեկտեղել․ դա այս պահին հնարավոր չէ, օրենքը թույլ չի տալիս, ու թերևս դա է գլխավոր խոչընդոտը, որ նա չգնա արտահերթի։ Չնայած օրենքը փոխելն իրենց համար խնդիր չէ, ինչ ուզում՝ անում են… դա էլ կանեն: Այնուամենայնիվ, ես քիչ հավանական եմ համարում Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալը, որովհետև ինքը իր թիմում խնդիրներ ունի, թիմը ֆիլտրելու կարիք կա։

  • Եթե մենք դեմ ենք քվեարկում սահմանադրական փոփոխություններին, դա համարյա հավասարազոր է նրան, որ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին։ Բաքվում հենց այսպես է որակվելու այն հանրաքվեն, որի արդյունքը նորմալ մարդկանց դեպքում լինելու է՝ «Ո՛չ»։ Եթե քվեարկում ես «Այո՛», ապա կողմ ես քվեարկում պետության լուծարմանը, քանդմանը։ Հետևաբար՝ փրկությունն այն է, որ չպետք է թույլ տրվի ընդհանրապես սահմանադրական հանրաքվեի անցկացումը։
  • Տպավորություն է, որ Թեհրանում և Մոսկվայում լուրջ չեն ընդունում Վաշինգտոնյան հռչակագիրը ու գիտեն, որ այն կյանքի չի կոչվելու։
  • Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է կատարելապես կապիտուլացված ղեկավարի պես։ Նա առանց Ալիևի թույլտվության մի բաժակ ջուր չի խմի, ուր մնաց՝ նրա առաջ պահանջներ դնի։ Ինքը համաձայն է երկիրն ու իրեն դնել Ադրբեջանի կողմից կառուցված վանդակի մեջ, միայն թե իրեն իշխանությունից չզրկեն։ Մարդը բացահայտորեն ասում է՝ համաձայն եմ լինել քո վասալը, միայն թե թույլ տուր մնամ՝ որպես կառավարիչ։ Սա ամենաամոթալի գործարքն է հայոց նորագույն պատմության մեջ։ Կարող էին, չէ՞, Փաշինյանի դեմքը փրկելու համար Վաշինգտոնում գոնե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանակից դուրս մի 2-3 գերի բաց թողնել, բայց դա էլ չեն արել։
  • Արսեն Թորոսյանը նշանակվում է ամենաշատ ծախսեր պահանջող գերատեսչության ղեկավար։ Նա կաշվից դուրս պետք է գա՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ապահովելու համար։

  • Եթե ԱԺ աշնանային նստաշրջանում իմպիչմենտի գործընթացը չսկսվի, ես չգիտեմ՝ ինչ գնահատական կարելի է տալ խորհրդարանական ընդդիմությանն այդ դեպքում։ Դա իմպիչմենտի գործընթացի մեկնարկի վերջին հնարավորությունն է։ Այն, ինչ հիմա մենք խոսում ենք, քաղաքական դատավճռի ձևով պետք է հնչի իմպիչմենտի ամբիոնից։ Ես կարծում եմ՝ իմպիչմենտի գործընթացը դառնալու է ընդդիմության ճամբարի ամենամեծ լյուստրացիան։ Դա շատ կարևոր է ընդդիմության ներսում վերադասավորումներ անելու համար։ Եթե «Հայաստան» խմբակցությունը չմիանա դրան, կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մոտ կա ցանկություն՝ գործող ստատուս-քվոն պահպանելու համար, որտեղ Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության լիդեր։ Քոչարյանը չափազանց ստանդարտ լուծումներով չափազանց ստանդարտ ընտրությունների է ուզում մասնակցել, մինչդեռ Հայաստանում իրավիճակը ստանդարտ չէ։ Ցավոք սրտի, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական դաշտի ամենադեկոնսոլիդացնող ֆիգուրը։ Առանց իմպիչմենտի գործընթացին մասնակցելու՝ խորհրդարանական երկու խմբակցություններն էլ վերացնում են հաջորդ ընտրություններում իրենց մասնակցության լեգիտիմությունը։ Արեք այն, ինչի համար ընտրվել եք, ինչի համար մանդատ եք ստացել։
  • Արցախի կորուստը ողբերգական իմաստով մեր նորագույն պատմության ամենաշրջադարձային իրադարձությունն է։ Արցախի կորուստը փակել է երեք նախկին նախագահների՝ իրենց դեմքով վերադառնալու էջը։ Երկուսը՝ 1-ին և 3-րդ նախագահը, դա հասկացել են, 2-րդ նախագահը կռիվ է տալիս ժամանակի դեմ։ 
  • Պատմությունը չի սիրում «եթե»-ներ։ Մեր պատմության մեջ չկան դեպքեր, երբ ժողովուրդը 2-րդ անգամ գնա արդեն ձախողված լիդերի հետևից։ Սա անգամ պատմական օրինաչափություն է։ Ընդդիմությունը շատ լուրջ ռեբրենդինգի կարիք ունի։
  • Չեմ հասկանում՝ ինչու են ընտրություններն ու իմպիչմենտը դրվում կոնտրաստի մեջ։ Երկուսն էլ գործիք են։ Ես ասում եմ՝ իմպիչմենտը միակ գործիքն է, որը կարող է ստիպել, որ ընդդիմությունն օրակարգ թելադրի։ Ես շատ եմ ուզում, որ կայանա «կոնսենսուս-1»-ը, և չեմ ուզենա, որ կայանա «կոնսենսուս-2»-ը։
  • Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը պետության ձախողման ֆենոմեն է։ Մի մարդ չի կարող Նիկոլ Փաշինյան ստեղծել ու բերել, գցել ժողովրդի գրպանը։ Այստեղ բոլորը մտածելու բան ունեն։ Ես հակված չեմ մտածել, որ մեկը սելիտրայով Նիկոլ Փաշինյան է աճեցրել։ Նիկոլին ինչ-որ հանգամանքների բերումով բերել է ժողովուրդը, պետք է մտածել՝ ինչպես հեռացնենք նրան։ Լավ, մենք թասիբ չունե՞նք։ Նույնիսկ ինքն է զարմացած, որ իր դեմ ընդվզում չի եղել։ Հիմա ընդդիմության շրջանում պետք է մրցավազք լիներ՝ ով պետք է վերցներ Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերը ու գնար նրան հեռացնելու ճանապարհով։ 
  • Իմպիչմենտի թղթի տակ դրեք ձեր ստորագրությունները և պատասխանատվությունը դրեք ՀՀԿ-ի վրա. եթե չկարողանան հաջողության հասնել, ասեք, որ դուք ձեզանից կախվածն արել եք:
  • Հրապարակավ խոստանում եմ՝ եթե «Հայաստան» խմբակցությունը հայտարարի, որ իմպիչմենտի են գնում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ես հրապարակային աջակցություն կցուցաբերեմ նրան՝ անկախ նրանից, որ իր իշխանության տարիներին ես եղել եմ քաղկալանավոր։
  • Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է։ Այդպես եղել է, այդպես էլ մնալու է։ Հայաստանի սիրիացումը խաղաղություն չէ։ Ընդդիմության խնդիրն իրական խաղաղության դրոշ բարձրացնելն է, իսկ դրա ճանապարհը պատերազմի հրձիգ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս