«2 սրբազաններ բանտարկված են, ո՞ր հարցն է կարևոր, թատրոնի՞, թե՞ սրբազանների, իհարկե, սրբազանների. հարցերը պետք է կոմպլեքս լուծվեն՝ մարդկային աղբն իր տեղը դնելով». Արթուր Սահակյան

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի վերաբերյալ գործը դատարանում է, դատական պրոցեսը դեռ չի մեկնարկել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Նրա խոսքով՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը շարունակում է  իր «սև գործն» անել «Գոյ»-ում՝ բոլոր աֆիշները պոկել է, դահլիճը քանդել, մինչդեռ թատրոնում բոլորն անձնական պատկանելության իրեր էին, որի համար ըստ մեր զրուցակցի՝ պետք է նրանք պատասխան տան։

«Որոշ ժամանակ առաջ դատարանի կողմից հրապարակվածը միջանկյալ որոշում էր, քննվում էր այն, որ մենք բողոքել էին պետական ռեգիստրին, որ մեր թատրոնին պետռեգիստրի գրանցումից հանել էին։ Պարզվեց, որ մենք չենք կարող լինել շահագրգիռ անձ, որպեսզի նման հայց ներկայացնենք, ինչևէ։

Ես չգիտեմ՝ մեր թատրոնում հիմա իրականում ինչ է կատարվում։

Կարդացեք նաև

«Գոյ» թատրոնի անձնակազմն այս պահին գործազուրկ է, դե, դերասաններ են, հնարավոր է՝ ինչ-որ ֆիլմում նկարահանվում են, բայց իրենց բուն մասնագիտությամբ նախորդ տարվա ապրիլից չեն աշխատում՝ որպես «Գոյ» թատրոնի դերասաններ։ 35 հոգի գործազուրկ են, հաշվապահն այժմ աշխատում է Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում։ Ինքս էլ եմ ինչ-որ նախագծեր անում, բայց «Գոյ»-ի հետ կապված որևէ բան չենք կարողանում անել, եկամուտներ չենք տալիս և այդ ամբողջը չի գնում «Ուստիանի ֆոնդ»»,- նշեց Արթուր Սահակյանը։

Արթուր Սահակյանի խոսքով՝ ակնկալում են, որ երկրի ներկայիս իշխանությունները, որոնց դավաճան է համարում, մի օր կհեռանան, և իրենք էլ կվերադառնան թատրոն՝ իրենց բնականոն աշխատանքին։

«Գիտեք, հիմա մեր թատրոնի հարցն այնքան մասնավոր ու այնքան փոքր է, մենք Արցախի հարց ունենք առաջնային, 150 հազարից ավելի բռնի տեղահանված արցախահայեր։ Այս բոլոր հարցերը պետք է կոմպլեքս լուծվեն՝ մարդկային աղբն իր տեղը դնելով, իր փաթեթավորմանն արժանի։ Մեր երկիրը հիմա ծանր հիվանդ է, եթե այդ հարցը լուծվեց, կարծում եմ՝ թատրոնի հարցն ինքնաբերաբար կլուծվի։

Մենք դատական գործընթացներից չենք հրաժարվելու, բայց որպեսզի ճշմարտությունը դատարանում հաղթի, պետք է, որ այս վախի ու «ծածկադմբոցի» մթնոլորտը չլինի։ Տեսեք, այսօր 2 սրբազաններ բանտարկված են, մեզ համար ո՞ր հարցն է կարևոր, թատրոնի՞, թե՞ սրբազանների, իհարկե, սրբազանների հարցը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև հավելեց՝ սրբազանները բանտարկված են «սարքած» գործերով, ընդհանուր մթնոլորտը կեղծիքն ու սուտն է, և այդ սուտը դատարանում է՝ զանգով են հարցերը լուծվում։

«Հարցերը կլուծվեն այն ժամանակ, երբ այս սրտի աղբյուրը չի լինելու»,- ընդգծեց Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի գարնանը Կառավարությունը որոշեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնը միավորել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն այս որոշմանը դեմ արտահայտվեց «Գոյ» թատրոնի անձնակազմը և որոշեց դատական կարգով պաշտպանել իր շահերը։ Նրանց պայքարը մինչև օրս շարունակվում է։

 

Տեսանյութեր

Լրահոս