Ջալալ Հարությունյանը որոշել է Ցորի գործով վճռաբեկ բողոք ներկայացնել

Օգոստոսի 6-ին 168.amգրել էր, որ Ցորի զորամասի գործով տուժող կողմը վճռաբեկ բողոք չի ներկայացրել:

Հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ էր թողել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։

Նշենք, որ պաշտպանական կողմն առաջարկել էր մեղմացնել Ջալալ Հարությունյանի պատիժը և պայմանականորեն չկիրառել, իսկ տուժող կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման և ոչ թե՝ 5 տարի 6 ամիս ժամկետով, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումը, այնուամենայնիվ, Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողները ծափերով էին ընդունել։

Իսկ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, 168.am-ի հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը հայտնեց, որ բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարան:

Կարդացեք նաև

«Այո, ես օգոստոսի 25-ին դիմել Վճռաբեկ, սակայն բողոքը վերադարձվել է և 10 օր ժամանակ է տրվել թերությունները շտկելու համար»,- մանրամասնեց նա:

Հավելենք, որ Ցորի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը օգոստոսի սկզբին մեզ հետ զրույցում չէր բացառել, որ Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոք կներկայացվի:

«Իմ ունեցած տվյալներով, նրանք կբողոքարկեն՝ առնվազն ժամանակ շահելու և վաղեմության ժամկետն անցնելուն ձգտելու համար, այլ տեղեկություն չունեմ»,- ասել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս