
ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ՍԻՆԴՐՈՄԻ ԵՎ ԲՈՒԹ ՄԱՏԻ ՈՒԺԻ ՏԱԿ. ՍԽԱԼՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ, ՄԵԶ ԱՅՍՕՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԿՐՈՂ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ. ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Smartology» մարքեթինգային ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Մենք անմասն չենք աշխարհի, տարբեր հասարակությունների զարգացումների տենդենցներից:
Աշխարհում մարդկային անտարբերությունը պայմանավորված է նաև տեխնոլոգիական զարգացումներով, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր, սոցիալական տարբեր ցանցերի, կապուղիների (Ֆեյսբուք, Ինստագրամ, Telegram, Whatsupp, Viber, և այլն) պայմաններում մարդիկ ավելի միայնակ են իրենց զգում։ Վստահության պակաս կա, մարդիկ չեն վստահում միմյանց, դիմացիններին։ Այդ տեխնոլոգիական զարգացումների արդյունքում պրոցեսները դարձել են շատ ավելի մակերեսային, իսկ միայնակությունը բերում է անտարբերության։ Էմպատիան (ապրումակցումը) բարձր մակարդակի չէ, որովհետև մարդիկ սկսել են միմյանց չճանաչել։ Դրա համար էլ մարդկային էմպատիան՝ ապրումակցումը, ցածր մակարդակի է։
- Երբ մենք դաստիարակված ենք շատ կայուն արժեքների՝ հայրենասիրության, միմյանց նկատմամբ ապրումակցության վրա, մենք չենք կարող անտարբեր լինել զոհվածի մոր ցավի ու առհասարակ պատերազմում զոհվածների, մեր շուրջ կատարվող տարբեր երևույթների նկատմամբ։
- Մարքեթինգն օրինաչափությունների գիտություն է, և ոչ թե՝ բացառությունների։
- Դիմակով ապրելը շատ դժվար է։ Մարդիկ շատ երկար ժամանակ պիտի չարչարվեն, որ կարողանան դիմակով ապրել։
- Մարդիկ ոչ թե անտարբեր են, այլ ապրում են իրենց կյանքով՝ իրենց աշխարհայացքին համապատասխան։ Մարդկային մեր ուժը, ցավոք, այսօր մնացել է բութ մատի տակ, որով թերթում են հեռախոսներով սոցցանցերի բերած տեսանյութերը, ՏիկՏոկ են թերթում…
- Մեր բնակչության քանակն ու մեր աշխարհագրական դիրքը մեզ շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցնում։ Մենք այսօր կանգնած ենք գոյաբանական խնդրի առջև, բայց այն չենք կարողանում ճիշտ իդենտիֆիկացնել։
- Մենք ապրում ենք հետճշմարտության դարաշրջանում:
- Հետճշմարտության դարաշրջանում մարդիկ չգիտեն՝ ո՞ւմ պետք է վստահեն։ Ինֆորմացիան այնքան շատ է, որ մարդիկ պետք է հմտություններ ունենան փաստերի ստուգում (FactCheck) անելու, որ հասկանան՝ ով է ճիշտ։ Մարդիկ չեն հասկանում, որովհետև, օրինակ, ԱՄՆ նախագահ Թրամփն այսօր մի բան կարող է ասել, վաղը՝ մեկ այլ բան։
Վաշինգտոնյան եռակողմ (Թրամփ, Փաշինյան, Ալիև) հանդիպումից հետո 4 օրվա մեջ նույն Թրամփի համար Armenia-ն դարձավ Ալբանիա, Ադրբեջանը՝ «Աբրբաժան»…
- Քաղաքական մարքեթինգն ու քաղաքական տեխնոլոգիաներն աշխատում են այն կերպ, որ նույն ճշմարտությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահական նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը նույն բանն էին ասում, բայց Քլինթոնը շատ բարդ էր խոսում, իսկ Թրամփի բանաձևը պարզ էր՝ գնդակ, հարված, գոլ։ Դրա համար նա շատ ավելի հետաքրքիր էր։
- Մարդիկ շատ հաճախ չեն կարողանում տարբերակել ճշմարտությունը հետճշմարտությունից:
Պոստմոդեռնիստական հասարակությունում, տեխնոլոգիաների, տեղեկատվահաղորդակցական
կապերի զարգացմանն ու հասարակության կյանքի տարբեր բնագավառների
վիրտուալացմանը զուգընթաց, զարգանում է «հետճշմարտություն» հասկացությունը: Դա իրողություն է, որի պայմաններում հասարակական կարծիքը ձևավորելիս գերակա նշանակություն են ունենում էմոցիաներն ու սուբյեկտիվ համոզմունքները, այլ ոչ թե հստակ, ապացուցված, իրական, ճշմարիտ փաստերը:
Հետճշմարտությունը տեղեկատվական հոսք է, որն ուղղված է իրականությունից տարբեր, վիրտուալ, ոչ իրական իրականության ձևավորմանը: Հետճշմարտության հիմնական գործիքակազմը ԶԼՄ-ներն են և մանիպուլյատիվ տեխնոլոգիաները:
Հետճշմարտություն եզրույթը շրջանառության մեջ է դրվել դեռևս 1992 թվականից, սակայն որպես գիտական եզրույթ՝ ներառվել է Օքսֆորդի բառարանում միայն 2016-ին:
Հետճշմարտությունը սահմանվում է որպես հասարակական ցանկալի կարծիք ձևավորելու նպատակով էմոցիաների ու համոզմունքների գերակայություն իրական փաստերի նկատմամբ։ Այս մոտեցումը ձևավորել է հանրային կառավարման իրականացման նոր ձև՝ post-truth politics (հետճշմարտային քաղաքականություն), որի սուբյեկտները ոչ միայն ակտիվորեն կիրառում են հետճշմարտությունը, այլև իրական փաստերի խեղաթյուրմամբ իրականացնում են նախկինում չտեսնված մասշտաբների հասնող քաղաքական մանիպուլյացիա։ Հետճշմարտության դարաշրջանում մարդիկ որպես ճշմարտություն ընկալում են այն, ինչ իրենց համար առավել ականջահաճո է, մոտ է իրենց պատկերացումներին, համոզմունքներին, ինչ-որ չափով արդարացնում է նրանց՝ ի տարբերություն չոր գիտական փաստերի։ Հատկանշական է, որ հետճշմարտությունը հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից:
- «Քաջ Նազար» մուլտֆիլմի մի շատ հայտնի էպիզոդ կա, որ ասում է՝ այսօրվանից սարերը պետք է դաշտերից բարձր լինեն…. ակունք իմաստնությա՜ն: Այսօրվանից պետք է արևը ծագի Արևելքից և մայր մտնի Արևմուտքում… բացարձակ ճշմարտությո՜ւն: Դրանից հետո որ ինքն ասի՝ լուսինը ռոքֆոր պանրից է, բոլորը կասեն՝ молодец:
Մենք հիմա ոչ թե այդ փուլում ենք, այլ ողջ աշխարհում քաղաքական մարքեթինգը հիմնված է truthizm-ի` ճշմարտության որոնումների վրա: Կիսաճշմարտություններ ես ասում, հետո արանքում սղղացնում ես ուզածդ… Իրականում հենց այդպես են այսօր տեղի ունենում քաղաքական պրոցեսները:
- Գոյություն ունեն տարբեր խնդիրներ և գոյություն ունեն այդ խնդրին տարբեր մոտեցումներ, նույն երևույթի տարբեր ընկալումներ:
Բնականաբար, բոլոր մարդիկ խաղաղություն են ուզում, ընդդիմությունն էլ է ասում, որ, այո՛, խաղաղություն են ուզում: Այստեղ խնդիրը «խաղաղություն» արտահայտության ինտերպրետացիայի և «խաղաղություն» ասելով՝ տարբեր մարդկանց տարբեր պատկերացումների մասին է: Որովհետև մի մարդը խաղաղությունը պատկերացնում է այսպես՝ ոչինչ, որ ադրբեջանցիները Սյունիքում են ապրելու, հո չե՞ն գալու Սարյան փողոց, ես հանգիստ նստեմ, գինիս վայելեմ, մարդ էլ կա, նրա համար իր պատկերացումներում խաղաղությունն այն է, որ եթե այդ պոստի համար զոհվել է Մոնումենտցի Կյաժը (Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան,- Ս.Ս.), ես իրավունք չունեմ այդ պոստը հանձնել թշնամուն: Սարյանի սրճարանում նստածի մեսիջը շատ պարզ է, իսկ Մոնումենտցի Կյաժի մեսիջը շատերի համար պարզ չէ: Դրա համար մի իդեոլոգիան պոպուլյար է, մյուսը՝ ոչ:
- Երբ հիմնադիր բիզնեսմենն իր գործը շարունակող զավակին այն արժեքային դաստիարակությունն է տվել, որ վերջինս գիտի՝ բանվորը մարդ է ու իրենց բիզնեսի շատ կարևոր օղակ, այդ բիզնեսը սկսում է ծաղկել և զարգանալ։ Սեփական ամբիցիաների վրա հիմնված բիզնեսը, սակայն, կսկսի մի օր խարխլվել, եթե մոտեցումը լինի այդպիսին։ Ես ունեմ գործընկեր, ում հետ 10 տարի աշխատում եմ, որովհետև մեր համագործակցությունը հիմնված է նույն արժեքային համակարգի վրա։
- Բազային արժեքներն անփոփոխ են։ Բիզնեսի առաջին ֆորմացիան ապրանքի և ծառայության առկայությունն է, երկրորդը՝ դիվերսիֆիկացիան, երրորդը՝ հաճախորդայնությունը, չորրորդը՝ թվային տեխնոլոգիաները։ Ցանկը շարունակելի է…
- Մարթեքինգը հոգեբանության և մաթեմատիկայի միասնությունն է:
- Հիմա աշխարհում մարդիկ այլևս լայվին էլ չեն վստահում, որովհետև տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ մարդիկ կարող են արհեստական բանականության գործիքների շնորհիվ տեսնել, որ, օրինակ, Թրամփը հիմա նստած է Ձեր դիմաց ու խոսում է հայոց լեզվով ու այն նույն ինտոնացիայով, ինչ ես հիմա։
- Մարդիկ հավատում են նրան, ով ավելի պարզ է խոսում։
- Հիշենք Թրամփ-Հիլարի Քլինթոն հայտնի նախընտրական դեբատը, երբ Քլինթոնը, փրփուրը բերանին, 20 րոպե Թրամփին ինչի մեջ ասես մեղադրում էր, որոնց մի մասը, իհարկե, ճիշտ էր, բայց վերջում ասաց՝ «Եվ վերջապես դու Պուտինի շպիոնն ես»։ Ու այդտեղ եղավ դարի ամենաթանկ գովազդային ընդմիջումը։ Թրամփը մի 30 վայրկյան խոժոռվեց, ապա կակադու թութակի իր սանրվածքի տակից խոժոռված, իրեն բնորոշ դեմքով, ասաց իր հայտնի ֆրազը՝ «Բայց ես Պուտինին երբեք չեմ տեսել»։ Իսկ դա շատ հեշտ էր ստուգել, և իսկապես մարդիկ տեսան, որ Թրամփը Պուտինին չի ճանաչում, ծանոթ չէ, երբեք չի հանդիպել, հետևաբար՝ Հիլարի Քլինթոնի մյուս ասածներն էլ էին սխալ։ Այսպես է աշխատում մարքեթինգը։
- Մարդիկ պետք է սկսեն միմյանց վստահել, ու այդ վստահության գաղափարախոսությունը պետք է շատ բարձր լինի։
- Հասարակությունն ուզում է հավատալ բացարձակ ճշմարտության գաղափարին, որն այսօր չկա։ Մարդկանց պետք է ցույց տալ իրական արդյունքները, բայց, ցավոք, փաստ չէ, որ մարդիկ դա որպես ճշմարտություն են ընդունելու։
- Հանրության քանի՞ տոկոսն է տեղյակ սրբազանների նկատմամբ պրոցեսից ու իրենց թեզից, քանի՞ տոկոսն է տեղյակ Եկեղեցու դեմ այդ հարձակումների մասին՝ ի՞նչ է տեղի ունենում Վեհափառի հետ կապված, մարդկանց քանի՞ տոկոսն է տեղյակ Արմեն Աշոտյանի դատի էությունից… Ինֆորմատիվ հոսքերի մեծածավալության պայմաններում մարդիկ ուղղակի չեն տեսնում, անցնում են…
- Մարդկությունը պետք է վերաբացահայտի համայնքը, ազգայինը, պատկանելությունը, ազգային ինքնությունը։ Մարդկությունն այսօր այնքան կոսմոպոլիտ է դարձել և տեխնոլոգիաներով ներծծված, որ այսօր ինքներս մեզ վերաբացահայտելու, վերահայտնագործելու, վերաիմաստավորելու ժամանակաշրջան է եկել: Եվ ինքներս մեզ վերաբացահայտելու համար շատ ուժեղ, արժեքների վրա հիմնված մեծ թրիգերներ են պետք: Մեզ այսօր ազգային արժեքներ կրող ուժեղ առաջնորդներ են պետք։ Մենք փոքր պետություն եք․սխալվելու ո՛չ ռեսուրս ունենք, ո՛չ ժամանակ։ Առաջնորդության հավակնողները պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, լինեն բացարձակ անկեղծ ու թափանցիկ, պետք է սկսեն պարզ խոսել։ Ընդդիմությունն իր գործողություններում անկեղծ պետք է լինի։ Իշխանություն ուզելը չպետք է լինի առաջնային նպատակ, այլ պետք է լինի գործիք։