
Երբ Սամվել Կարապետյանի ուժը սկսի գործել, փողոցները լցվեն, Փաշինյանի հեռացման հարցը կլուծվի. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այն կարծիքին է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում սկսված պրոցեսը կանխատեսելի էր:
«Դա «Մեծ Թուրանի» ծրագիրն է, և պետք է հասնի նրան, որ ռազմաբազաներ լինեն Ադրբեջանում՝ Կասպից ծովի ափին, և ապահովեն էներգակիրների անարգել տեղափոխումը դեպի եվրոպական երկրներ, դրանք պետք է լուրջ մրցակից դառնան ռուսական էներգակիրներին: Սրանք անխուսափելի պրոցեսներ են, եթե ռադիկալ քայլեր չարվեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ենթադրելով, որ Ռուսաստանում Արցախի կորստի հետևանքները որոշում կայացնողների մակարդակով կընկալեն:
«Եթե իրենց նավթն ու գազը չվաճառվի, կարծում եմ՝ կընկալեն: Երբ Կասպից ծովում հայտնվի ՆԱՏՕ-ի ռազմաբազա, կընկալեն: Դժվար է պատկերացնել, որ նույնիսկ դրանից հետո չընկալեն: Այդ հեռանկարից խուսափելու հնարավորությունները շատ չեն, բայց կարծում եմ՝ պետք է վերադառնալ այն բանաձևին, որը կար մինչև խայտառակ 44-օրյա պատերազմը: Այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ իրենք կհայտնվեն մի իրավիճակում, երբ Ադրբեջանն այդքան լկտի կվարվի իրենց հետ: Հայաստանում էլ շատերը չէին պատկերացնում, որ Ադրբեջանն այդքան լկտի կսկսի վերաբերվել Հայաստանի հետ: Այդ բանաձևին վերադառնալը շատ փորձանքներից կարող է փրկել նաև ադրբեջանցիներին, որովհետև երբ փայտը շատ ես ծռում, հետո կոտրվում է: Այն խնդիրները, որոնք այսօր դրված են Ադրբեջանի իշխանությունների առաջ, անխուսափելիորեն բերելու են նրան, որ Ադրբեջանն ինքը մեծ խնդիրներ ունենա: Միգուցե, ոչ վերնախավը, որովհետև իրենք կփախչեն, բայց ժողովուրդը կարող է մեծ խնդիրներ ունենալ»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ ժամանակին իրենց կողմից կապիտուլյացիոն համարվող նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ներկայումս կարող է ստեղծել նորմալ հնարավորություններ, որպեսզի Արցախի ժողովրդի բնական իրավունքը պաշտպանվի, իսկ դա տեղի կունենա միայն իշխանափոխության պարագայում. «Այո, դա հնարավոր է, եթե ունենանք կամք և վճռականություն՝ անելու մեր բաժին աշխատանքը: Սյունիքի պրոբլեմը ծագեց այն բանի պատճառով, որ այլևս չունենք Արցախ: Բավական է՝ այդ խնդիրը մենք լուծենք, ինքնըստինքյան կվերանա Սյունիքի խնդիրը: Եթե չլուծենք Արցախի խնդիրը, Սյունիքից հետո կգա Վայոց ձորը, հետո՝ Սևանա լիճը, և այդպես շարունակ: Դժվար է այնքան միամիտ լինել, որ մտածես, թե Ադրբեջանը կամ Թուրքիան պետք է հաղթական ճանապարհը կասեցնեն, երբ հակառակորդ ուժը քայլեր չի անում, այլ նպաստում է իրենց արշավին: Հետևաբար, բանաձևը մեկն է՝ եթե ուզում ես փրկել Սյունիքը, էլ չեմ ասում՝ մյուս հատվածները, պետք է հայություն ունենաս իր բնօրրան Արցախում»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին և Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզին, նա նշեց, որ Սամվել Կարապետյանի ուժը կարող է լուրջ ազդեցություն ունենալ.
«Երբ Սամվել Կարապետյանի ուժը ստեղծվի, հնարավոր կլինի լուծել այն խնդիրները, որոնց մասին խոսում ենք 7 տարի: Հենց այդ ուժը սկսի գործել, փողոցները լցվեն նաև այն 60 տոկոսով, խորհրդարանում իմպիչմենտի գործընթացով հարցը կլուծվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում