Ալիևը վախենում է՝ մի օր ամեն ինչ շուռ կգա. երեկ էլ էր վախենում, վնգստում էր. վաղն էլ է վախենալու. Տիգրան Թորոսյան  

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես ավելի քան համոզված եմ և կարող եմ ապացուցել, որ, այո՛, Արցախի էջը փակված չէ, և այսօր էլ Ալիևը վախենում է դրանից։ Նման բան պնդելու հիմքերից մեկն այն է, որ Ալիևը հետևողականորեն գնաց Մինսկի խումբը փակելու հետևից։ Բացի դրանից, Ալիևը հետևողականորեն գնում է Անկախության հռչակագրին հղումը ՀՀ Սահմանադրությունից հանելուն, որովհետև, կրկնում եմ, Ալիևը վախենում է, որ մի օր ամեն ինչ շուռ կգա։ Վաղն էլ է վախենալու այնպես, ինչպես տարիներ առաջ՝ մինչև 2018-ի իշխանազավթումն էր վնգստում, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իրենք շատ լավ գիտեն, որ Արցախը մեր Հայրենիքն է, և քանի դեռ գեթ մեկ հայ կա, այն մնալու է մեր Հայրենիքը։
  • Ալիևը մտասևեռում ունի, ուզում է Արցախի հետ կապված ամեն բան ջնջել՝ պատմությունը, հիշողությունը, բայց հիշողությունը, պատմությունը չի՛ ջնջվելու։ 
  • Հիշողությանը նաև գործողություններ պետք է ավելանան։
  • Մինչև 2018թԱլիևը հասել էր ընդամենը մի բանի, որ այստեղ-այնտեղ բողոքում էր՝ իրեն ճնշում են, բայց ինքն ու իր արտաքին գործերի նախարարը գլուխը կախ ստորագրում էին փաստաթղթեր, որտեղ ասվում էր, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակում։ Այնպես որ, մեր խնդիրն Ալիևը չէ։ Ոչ էլ Էրդողանը: Ի՞նչ փոխվեց։ Փոխվեց այն, որ Արցախի հարցն այսօր տեր չունի։ Այսօր Հայաստանի իշխանությունը գործում է Արցախի դեմ։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ իմ զրոյական կետից եմ սկսելու բանակցել, Սերժ Սարգսյանի թողածի հետ գործ չունեմ, բերեց, հասցրեց զրոյական կետի։ Անընդհատ սուտ ու կեղծիք է եղել այս տարիների ընթացքումՀետևաբար, խնդիրը ՀՀ գործող իշխանությունն է:
  • Մակրոնն ու Շառլ Միշելը Բրյուսելում Փաշինյանին համոզեցին, որ մեջտեղ բերի Ալմա Աթայի հռչակագիրը, որը կես էջանոց փաստաթուղթ է։ Դա խայտառակություն էր: Եվ դա՛ է Մակրոնը։

Կարդացեք նաև

  • Ռուսները մեզ ասում էին՝ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, բայց մոռանում են, որ մեզ համոզողներից մեկն էլ իրենք էին, ասում էին, որ չճանաչենք, կամաց-կամաց գնում է ճանաչման։ Կրկնում եմ, այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի նոր ղեկավարությունը նրանց չի հիշեցրել այդ մասին։
  • Արցախի ղեկավարությունն աշխարհին պետք է ցույց տա, որ իրենք են Արցախի խնդրի տերը։ Պետք է շատ ակտիվ լինեն։ Իրենք պետք է մեզ առաջնորդեն։ Արևելյան Թիմորի օրինակը շատ լավն է։ Նրանց շատ էին ճնշում, բայց 27 տարվա աշխատանքը տվեց իր արդյունքը, ու նրանց անկախությունը ճանաչեցին։
  • Վաղուց ժամանակն է հասկանալ՝ ովքեր են Հայաստանի գործող իշխանությունները։ Որևէ դրական բան նրանցից պետք չէ ակնկալել։ Ընդհակառակը, պետք է սպասել, որ յուրաքանչյուր անգամ Արցախի ու Հայաստանի դեմ ինչ-որ բան կանեն։
  • Եթե 2018թ․ աղետը՝ հակասահմանադրական իշխանափոխությունը չլիներ, ամեն ինչ հանգելու էր Արցախի անկախության ճանաչմանը, որովհետև ով ինչ ուզում է խոսի, փաստաթղթերն այդ էին արձանագրում։ Իրավական փաստաթղթերն այսօր էլ են Արցախի օգտին։ Վերադարձի իրավունքի հիմքում պետք է դնել ինքնորոշման իրավունքը, և դրա տապալումը պետք է դիտարկվի՝ որպես մարդկության դեմ հանցագործություն։ 
  • ԵԱՀԿ-ն պետք է նույն սկզբունքով չեղարկի Մինսկի խումբը, որով ընդունել են։ Ալիևն ու Փաշինյանն իրավունք չունեն չեղարկել Մինսկի խումբը։ Այն ստեղծվել է Արցախի հարցի լուծման համար։ Ո՛չ Հայաստանն է Արցախ, ո՛չ Ադրբեջանը։ Դրա համար եմ ասում՝ արցախցիները պետք է ջահակիր լինեն։
  • Ծիծաղելի է, երբ ՄԱԿ-ի կանոնադրության կողքին դրվում է Ալմա Աթայի հռչակագիրը, որովհետև Հայաստանի ղեկավարությունը չասաց՝ էդ թղթի կտորն ինչի՞ եք դնում հակամարտության լուծման հիմքում։
  • Ինքորոշման իրավունքը բանակցային փաթեթի մեջ մտել է 2005 թվականին։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ինքնորոշման իրավունքը տեղ չուներ, բայց մենք այդ ժամանակ հաղթանակ ունեցանք, հետո աստիճանաբար ինքնորոշման իրավունքը մտավ բանակցային տրամաբանության մեջ։
  • Վաշինգտոնում եռակողմ այդ հանդիպումից մենք ոչինչ մեզ համար չստացանք, բայց մեր միջոցով բոլոր կողմերը ստացան իրենց ստանալիքը։ Ադրբեջանը ստացավ այն, որ այլևս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չխոսեն։ Միջազգային որոշ լրատվականներ գրում են՝ լուծվեց 4 տասնամյակ տևող Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը։ Բայց չկա նման բան, Ղարաբաղյան հակամարտությունն էլ չի լուծվել։ Պետք է հիշել նաև, որ իրավական ուժ ունեցող ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել Վաշինգտոնում, չի անցել ներպետական ատյաններով։
  • Սյունիքով ճանապարհը միայն ճանապարհի մասին չէ։ Այն շատ կարևոր հանգույցի նշանակություն ունի, որտեղ շատ շահեր են հատվում՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա և այլն։ Ըստ վաշինգտոնյան հանդիպման նախնական համաձայնության՝ Հայաստանը պատրաստ է զիջել իր տարածքը։
  • Լաչառությունը կամ սրան-նրան խաբելը Զելենսկու օրինակն է։ Նա էլ երբ առաջին անգամ գնաց Սպիտակ տուն, սկսեց Օվալային կաբինետում լաչառություն անել, հետո բամփեցին գլխին, սկսեց հլու-հնազանդ բոլոր փաստաթղթերը ստորագրել։
  • Թրամփը տարիքն առած մարդ է, ու նրան շոյում է Նոբելյան մրցանակ ստանալու հեռանկարը, բայց նա ոչ մի հակամարտություն էլ չի կարգավորել։ Նորից եմ կրկնում, Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթերը ոչ մի ուժ չունեն։ Դրանք Փաշինյանին պետք են ընտրության գնալու համար։ 
  • Վաղը անգամ եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, Հայաստանի նոր իշխանությունները, եթե ունենան ողջամտության նշույլ, պետք է հրաժարվեն այդ փաստաթղթից։ Այդ փաստաթուղթը կապիտուլյացիա է։ Ավելին, Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը նույնպես ոչ մի ուժ չունի։ Այն համաձայնագիր է, որը չի անցել ներպետական ատյաններով։ Այդ համաձայնագիրը եթե ստորագրվի, արձանագրելու է այսօրվա իրողությունները, այն ապագայի հետ կապ չունի։

  • Ադրբեջանն ինչի՞ է ուզում, որպեսզի Հայաստանը միջազգային հայցերը հետ վերցնի, հրաժարվի այդ հայցերից, որովհետև գիտեն՝ չեն հաղթելու դրանք, իսկ իրենց հայցերը միջազգային ատյաններում հետևանք չեն ունենալու։
  • Հիմա Վաշինգտոնյան փաստաթղթերը վտանգ չեն պարունակում, վտանգ կլինեն, եթե դառնան ստորագրված փաստաթուղթ։ Իսկ դրա դեմն առնելու մի տարբերակ կա՝ 2026թ․Հայաստանում այլ իշխանություն պետք է լինի։
  • Ադրբեջանի խնդիրը Նախիջևանին միանալը չէ, այլապես կընտրեին Իրանի առաջարկած տարբերակը, Իրանը ճանապարհ էր առաջարկել Իրանով դեպի Նախիջևան։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն Իրանի հետ կապված հարցեր ունի։ Այդ ճանապարհը վերջին գործոնն է, որով Հայաստանը կարող է համաշխարհային քաղաքականության մեջ որևէ դերակատարում ունենալ, բայց շատ ապաշնորհ ձևով մեզ դրանից էլ են զրկում։
  • Կյանքը ցույց տվեց, որ Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար շատ հետաքրքիր է։ 
  • Հայաստանի իշխանությունների ձեռքով մենք զոհաբերում ենք մեր տարածքը կեղծ, սուտ խաղաղության համար։ Անիմաստ է դատարկախոսել, թե խաղաղություն է լինելու։ Խաղաղություն լինում է, երբ հակառակորդդ զգում է, որ ավելի շատ կտուժի, եթե հարձակվի քեզ վրա, ինչպես որ նախորդ տասնամյակներում էր։ 
  • Բա եթե խաղաղություն է, ինչի՞ Ալիևին չի ասում՝ զորքերդ հանի՛ր իմ տարածքից, գերիներին վերադարձրո՛ւ
  • Փաշինյանը ժամանակին խոսում էր Մյունխենյան ինչ-որ սկզբունքների, Խաղաղության խաչմերուկի մասին․ որևէ մեկի համար դա հետաքրքիր եղե՞լ է։ Ադրբեջանում այնքան ողջամտություն են ունեցել, որ Խաղաղության խաչմերուկի անունը դրել են Զանգեզուրի միջանցք՝ ուղիղ ասելով իրենց նպատակների մասին։
  • Հայաստանը կորցնում է իր համար շատ կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հաղորդակցության մի տարածք, որով բոլոր տեսակի հաղորդակցության միջոցներն են անցնելու։ Այսինքն՝ ԱՄՆ-ը այստեղ շատ ավելի մեծ անկայունություն է բերելու, քան կար մինչև հիմա։ Այնպես են անում, որ Ռուսաստան-Ուկրաինա մեծ հակամարտության մեջ Հայաստանը դառնա մանրադրամ։ Ցավոք, Հայաստանը ոչինչ չշահելով՝ ուրիշների առևտրի մեջ դառնում է մանրադրամ։
  • Ալիևը տեսնում է, որ ինքը Հայաստանի տարածք մտնելով՝ քայլ առ քայլ կարողանում է առաջ գնալ ու չի կանգնելու, քանի դեռ իրեն կանգնեցնող ոչ մի իրական բան չկա։ Հազիվ մի քանի տասնամյակ խեղճացած լինելով՝ Ալիևը հնարավորություն է ստացել ավելի ու ավելի մեծ պահանջներ ներկայացնելու։ Անգամ, եթե Սյունիքն էլ տան, ասելու են՝ Բա Երևա՞նը, բա Գյումրի՞ն։ 
  • Եթե Սյունիքի այդ ճանապարհը 99 տարով տրվի ԱՄՆ-ին, Թուրքիայի ազդեցությունն այստեղ մեծանալու է։
  • Արցախը ոչ միայն մեր հայրենիքի կարևոր հատված էր, այլև վահան էր դեպի Հայաստանի Հանրապետություն գալու համար։ Հիմա այդ վահանը վերցրել են, անցել են մյուսին՝ Սյունիքին։

  • Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ: Արցախը պետք է վերադարձնել ու հնարավոր է վերադարձնել։ Այն, ինչ արվում է այսօր այս իշխանությունների կողմից, արվում է Հայաստանի դեմ։
  • Հայաստանի ժողովուրդը, այո՛, հոգնած է, բայց հոգնել է այսօրվա իշխանությունից։ Եթե մեկի վարկանիշը 80%-ից իջել է 10-15%-ի, ուրեմն մնացած 65%-ը հոգնած է, չի վստահում այս իշխանություններին։ Մարդիկ ոչ թե հոգնել են ու չեն աջակցում որևէ մեկին, այլ մարդիկ պետք է հավատան, նպատակ տեսնեն, այլապես Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանն այդքան մարդ չէր մասնակցի։ 1988թ․Ղարաբաղյան շարժումը խաղաղության համար էր, և եղավ խաղաղություն։ Մենք ունեցանք բանակ, որը կարողանում էր մեզ պաշտպանել։ Լինում էին բախումներ, բայց արդյունքում ադրբեջանցիները վազում էին Մոսկվա, խնդիրը կարգավորվում էր։ Այսօր նոր որակի քաղաքական ուժեր պետք է լինեն, որոնք ապագա են խոստանում։ Մարդկանց հետ պետք է աշխատել։ Մարդն ամենակարևոր հարստությունն է։
  • 2021թ․ Փաշինյանը չի հաղթել, պարզապես պարտվել են ընդդիմադիր կուսակցությունները՝ իրենց ոչ այդքան ճիշտ աշխատանքի պատճառով։ 
  • 2026-ի ընտրություններին մի քանի ամիս է մնացել։ Սովորական մարդկանց հետ է պետք աշխատել, թողնել ներքին խնդիրները։ Եթե պայքարը նրա համար է, որ որևէ մեկը դառնա առաջին ընդդիմադիր, նման պայքար տանողի համար առաջիկա ընտրությունները ձախողում են լինելու։ Մեր ժողովրդին իրական խաղաղություն է պետք։ Պետք է բերեն այդ խաղաղությունը։ Ժողովուրդը հանուն պետության ու հայրենիքի անգամ իր սեփական կյանքն է պատրաստ եղել տալ։ Ժողովուրդը գիտի պետության ու հայրենիքի արժեքը, պետք է մարդկանց ցույց տալ, որ այդ ամենը հասանելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Տեսանյութեր

Լրահոս