
Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»

Մոսկվայում հրապարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված` «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովն իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ «Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաև՝ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերին։
Սա ճշմարտության միտումնավոր կեղծում է՝ քրիստոնեական ծառայությանն անհամատեղելի, և խաթարում է քրիստոնյա ժողովուրդների և եկեղեցիների միջև վստահությունը։
«Краткий очерк о наиважнейших православных архитектурных памятниках Азербайджана» (2022. Т. 1. № 2. С. 17–35. DOI: 10.24412/2949-3951-2022-0090 հոդվածում վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովը գրում է, որ «Ադրբեջանի պատմական հողերը» գոյություն են ունեցել մինչև 1918 թվականը։ Սակայն պատմագիտությունը հակառակն է վկայում. մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել Ադրբեջան պետություն, չկար «ադրբեջանցի» էթնոնիմ և նման անունով ժողովուրդ։
«Топографическая карта из коллекции Л.Ф. Марсильи как источник по истории Кавказской Албанской церкви в XVII веке» (2025. Т. 4. № 2. С. 84–92. DOI: 10.24412/2949-3951-2025-0120) հոդվածում հեղինակը հայկական քաղաքներ՝ Երևանը, Նախիջևանն ու Ջուղան, անվանում է «ադրբեջանական»՝ հիմնվելով ոչ թե աղբյուրների, այլ՝ ադրբեջանական քաղաքական հռետորաբանության վրա։
Նույն հոդվածում Ա․ Նիկոնորովը Գանձասարի կաթողիկոսության անվանումը կամայականորեն շրջանառում է ադրբեջանականացված «Գյանջասար» ձևով, ինչը պատմական իրականության և եկեղեցական ավանդույթի կոպիտ աղավաղում է։ Սա հայկական ժառանգության աղվանացման ադրբեջանական ռազմավարության մի մասն է։
Մի շարք հրապարակումներում Նիկոնորովը, ընթերցողին մոլորեցնելով, Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է «մոնոֆիզիտ» (2025, հատոր 4, թիվ 2, էջ 84-85), մինչդեռ հայտնի է, որ մոնոֆիզիտությունն աղանդ է, և Հայոց եկեղեցին որևէ առնչություն չունի դրա հետ։
Իր հրապարակումներում և կենսագրական տվյալներում Նիկոնորովն իրեն ներկայացնում է որպես «եկեղեցական պատմության դոկտոր»՝ չնայած Պապական Արևելյան համալսարանի՝ 2025 թվականի մայիսի 15-ի պաշտոնական նամակը հաստատում է, որ նրան նման կոչում չի շնորհվել․ սա մոլորեցնում է խմբագիրներին և ակադեմիական հանրությանը։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը
- պահանջում է հեռացնել Նիկոնորովի հրապարակումները,
- պահանջում է խմբագիրներին փաստական և սկզբնաղբյուրային հիմքերով պարզաբանումներ տրամադրել,
- դիմում է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ խնդրելով քննարկել այս հարցը և գնահատական տալ վարդապետ Ալեքսիյի (Նիկոնորով Ա.Վ.) վերոնշյալ գործողություններին, քանի որ դրանք խաթարում են հայ և ռուս եկեղեցիների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները, վարկաբեկում հոգևորականի կոչումը։
Հակառակ դեպքում հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում դիմել ակադեմիական և եկեղեցական ղեկավար մարմիններին՝ հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պատմական ճշմարտությունը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։