
Այս իշխանությունը Հայաստանի գլուխը մտցրել է Ադրբեջանի երախն ու խոսում է խաղաղությունի՞ց. մանկամտություն է. Խոսրով Հարությունյան
«Խաղաղության մասին Հայաստանի իշխանության պատկերացումները հիմնված են մանկամիտ մոտեցման վրա. «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»։ Ուշադրություն դարձրեք, որ Արցախը տալուց հետո խաղաղ չենք ապրում, ավելին՝ Ադրբեջանի նախագահը խոսում է Արցախից հետո Հայաստանի տարածքների վերաբերյալ իր նկրտումների մասին»,- 168TV-ի «Ռեվյու հաղորդաշարի եթերում այս մասին ասաց 1992-1993թթ. Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Ինչպես ժամանակին ասել է Անգլիայի վարչապետ Չերչիլը, ենթադրել, որ վագրը կարող է դրսևորել ողջամիտ վարքագիծ, երբ քո գլուխը նրա երախում է, մանկամտություն է։ Հիմա, երբ Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով Սոթքից Խոզնավար հատվածի բոլոր ռազմավարական բարձունքներն Ադրբեջանը գրավել է, նման պայմաններում ինչպե՞ս կարող են խոսել խաղաղություն հաստատելու մասին՝ առանց հավասարակշռության ձևավորման։ Այս իշխանությունը Հայաստանի գլուխը մտցրել է Ադրբեջանի երախն ու խոսում է խաղաղությունի՞ց. մանկամտություն է»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին է փաստում նաև այն, ինչ կատարվեց Վաշինգտոնում. տեղի ունեցավ նախաստորագրում՝ ստորագրման փոխարեն։
«Վաշինգոտնում Ալիևը Թրամփին խոստացավ, թե պատերազմ չի անի, բայց չէ՞ որ ոչ մի երաշխիք չկա, ավելին՝ ստորագրված հռչակագրերում արձանագրված է, որ դրանք երբեք կողմերը չեն կարող մեկնաբանել որպես պայմանագրային պարտավորություններ։ Վաշինգտոնյան արդյունքներով՝ Ալիևը ստացավ Մինսկի խմբի վերացում՝ լուծարում, «Զանգեզուրով միջանցք», իսկ ի՞նչ ստացանք մենք՝ ԱՄՆ նախագահի ջերմ ժպիտ և լուսանկարներ»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Ըստ ՀՀ նախկին վարչապետի՝ ադրբեջանական սպառնալիքի ներքո ստորագրությունների գնալն ամենևին էլ խաղաղության հաստատման մասին չէ. ուժի գործադրումն Ադրբեջանի կողմից ՀՀ իշխանությունն օգտագործում է որպես վախ տարածող մահակ՝ հայ ժողովրդի գլխին։
Խոսրով Հարությունյանն ընդգծեց՝ այնպես չէ, որ Ադրբեջանի դեմ պատերազմը հավասարազոր է պարտության, կարող էր լինել լրիվ հակառակը. հիշեք՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական բանակը կարողացել է ընդամենը 3 շրջան գրավել, մնացածը նրան նվիրվել է՝ նվիրվել է Շուշին։
«44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունն անխուսափելիություն չէր, Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր. մենք պետք է էն գլխից պարտվեինք։ Ինձ այս հարցում ոչ ոք չի կարող հակառակը համոզել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում