Հաշվի առնելով «Հայէկոնոմբանկի» բաժնետերերի հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ, լուրջ կասկածներ կան՝ ինչու է կեղծ տեղեկանք տրամադրվել Դատախազությանը. Վահագն Դալլաքյան

«Մինչև Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, մեր գործով բավականին տևական ժամանակ նիստերը հետաձգվում էին դատախազության միջնորդությամբ, ինչպես նաև մեր տարբեր գրություններով, միջնորդություններով, որով խնդրում էինք վերահաշվարկ կատարել, և դատախազությունն էլ ընդունում էր դրա անհրաժեշտությունը: Անգամ դատարանում հայտարարում էին՝ հնարավոր է հայցից հրաժարում լինի, բայց դա տեղի չունեցավ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատարանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը:

Ավելին, նա նշեց, որ ՍԴ որոշումից առաջ դատարանը սկսել է շատ ինտենսիվ նիստեր անել, ինչից հետո եղել է ՍԴ որոշումը, որի հիման վրա իրենք միջնորդել են արագացված դատաքննություն անել:

«Մեր վարույթը հարուցվել է ենթադրյալ հանցանքի հիմքով: Դատախազության դիրքորոշումն այն էր, որ կարող է լինել, ենթադրենք, 2010թ. դեպքին վերաբերող քրեական գործ, ներկայացված մեղադրանք, դեռ չկա վճիռ, ոչինչ հաստատված չէ, բայց այդ վարույթի հիմքով սկսում են ուսումնասիրություն, և կարող են, օրինակ, 1995թ. ձեռք բերված գույքը համարել ապօրինի: Ակնհայտ է, որ այստեղ 2010թ. ենթադրյալ հանցանքի ու այդ գույքի միջև կապ չի կարող լինել: Հենց նման իրավիճակ է Ռուբեն Հայրապետյանի գործով»,- ասաց Վահագն Դալլաքյանը՝ հավելելով՝ դատախազությունն ավելի հետ էլ է գնացել ու կապ տեսել ավելի վաղ ձեռք բերված գույքերի ու այդ ենթադրյալ հանցանքի միջև:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ՍԴ-ն այս հարցը փակել է ու իր որոշման պատճառաբանական մասում էլ ասել, որ վերոնշյալ կապը պետք է լինի այնպիսին, որ ենթադրյալ հանցանքից հետո ֆինանսական միջոցներ գեներացված լինեն, որ ձեռք բերված գույքը համարվի ապօրինի:

«Պաշտոնատար անձանց մասով նույնպես կարող է սկսվել ուսումնասիրություն, եթե օպերատիվ-հետախուզական տվյալներն ապացուցում են, որ կա կասկած՝ անձը կարող է ձեռք բերած լինել ապօրինի գույք: Մինչև էսօր այդ մասով վարույթ մենք չենք ունեցել, էդ հիմքով ուսումնասիրություն չի եղել, և ՍԴ որոշումից հետո մենք ներկայացրեցինք միջնորդություն արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ՝ նշելով, ար հայցն այս պայմաններում դառնում է ակնհայտ անհիմն, նիստեր չէին անցկացվելու, ու դատարանը պետք է անցներ վճռի կայացմանը՝ հայցը մերժելու տեսքով: Վերջերս մենք ստացանք որոշումը, որ դատարանը մերժել է մեր միջնորդությունը: Այս փուլում մենք այլ անելիք չունենք, քան հետագա փուլերում այդ մերժումը բողոքարկելը»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Ինչ վերաբերում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ» այս գործով ներգրավվածությանը, հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչները հետաքրքիր դրվագ էին բացահայտել:

«Բանկային գաղտնիքի հրապարակումը դժբախտության մի մասն է. մեծ մասն այն է, որ կեղծ բանկային տվյալներ էին տրամադրել դատախազությանը, և դատախազությունն իր հաշվարկները կատարելիս հիմնվել էր այդ տվյալների վրա: Սակայն մեզ մոտ պահպանվում էր բանկի տեղեկանքի բնօրինակը, որից երևում էր՝ բանկի միջոցով, այնտեղ եղած հաշիվներով ակտիվ և մեծ ծավալների շրջանառություն է եղել»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ կասկածնե՞ր կան, որ բանկի տված կեղծ տեղեկանքը ոչ թե վրիպակի, այլ դիտավորյալ արարքի արդյունք է, Վահագն Դալլաքյանն ասաց՝ հաշվի առնելով բանկի բաժնետերերի հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ, բավականին մեծ կասկածներ կարող են լինել վրիպակի հարցում:

«Բայց անգամ դա էական չէ, այլ այն, որ դրանք սխալ տեղեկություններ էին, ու դրանց հիման վրա դատախազությունը սխալ հաշվարկներ է կատարել»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս