ԷՍ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԻ՞Թ ԵՍ ՏԱԼԻՍ, ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ, ՔԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ՞Ն. ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մարդիկ Վաշինգտոնում փաստաթղթով, իբրև թե, ծրագիր են ֆիքսում, բայց այդ ծրագիրը հրապարակված չէ։ Ինչո՞ւ… Կա՛մ այն պատրաստ չէ, կա՛մ թաքցնում են հանրությունից։ Մենք այսօր գործ ունենք արտահոսքերի կամ մարդկանց պատկերացում-վերլուծությունների հետ, որոնց վրա հենվել հնարավոր չէ։
  • Ասում են՝ «անխոչընդոտ անցում»․օրինակելի փաստաթղթի դեպքում դրա գլխին աստղանիշ պետք է դրված լիներ, տակն էլ լիներ բացատրությունը։ Եթե սահմանապահը ստուգում է անձնագիր, մաքսավորը ստուգում է բեռները, եթե ճանապարհի վրա կա լուսացույց, որը մեկ-մեկ կարմրում է, դա խոչընդո՞տ է, թե՞ ոչ։ «Անխոչընդոտ» ասվածի բացվածքը չկա, չկա «Թրամփի ուղու» ծրագիրը և հայ-ամերիկյան պայմանագիրը։
  • Գնում եք փաստաթուղթ ստորագրելու, վկան՝ Թրամփը, նստած է, ասում է՝ հերթական պատերազմը կանխեց։ Հիմա հարց՝ դուք ստո՞ւմ էիք, երբ ասում էիք, որ Ադրբեջանի հետ առանց միջնորդ եք բանակցում, թե՞ դուք բանակցել եք, բայց հաջողությունը Թրամփն իրեն է վերագրել։

Կարդացեք նաև

  • Այս պայմանավորվածությունների մեջ կա ահռելի թաքցվող հատված, որը մաս-մաս, դոզավորված կներկայացնեն մեր հանրությանը։
  • Մինչև ուկրաինական պատերազմը սկսվելը մարդիկ կային, անգամ այդ պատերազմի օր ու ժամ էին ասում։ Հիշենք Ֆինլանդիայի օրինակը։ Երբ Ֆինլանդիան որոշեց դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ը ասաց՝ դա կտևի երկար ժամանակ ,և որպեսզի այդ ընթացքում լինեք անվտանգ, կնքվում է երկկողմ պատերազմ, որ անվտանգությունը երաշխավորվի։ Ուկրաինայի դեպքում Արևմուտքն այդ պատերազմը կանխարգելելու գործիք ուներ՝ ի դեմս Ֆինլանդիայի օրինակի։ Չարեցին, որովհետև քաղաքական հաշվարկը չէր նախատեսում Ուկրաինան ագրեսիայից փրկելը։ Նպատակադրումը ռուսներին աշխարհի տարբեր անկյուններին եղած օրակարգերից դուրս բերելն էր։
  • Ի՞նչ է մնացել Ուկրաինայի նման երբեմնի հզոր երկրից, որը ԽՍՀՄ ժամանակներում իր պոտենցիալով ամենածաղկուն երկիրն էր։ ԱՄՆ-ը Ուկրաինայից ստացավ ամեն ինչ՝ հազվագյուտ մետաղների պայմանագիր, նաև ասաց, որ Բայդենի կառավարման շրջանում իրենց տված զենքը նվեր չէր, և ԱՄՆ-ը այդ միլիարդները հետ է ստանալու։ Հիմա սա պրոյեկտենք մեզ վրա։ Մենք ավելի հզոր պետություն ենք, քան Ուկրաինա՞ն։ Դժվար է հասկանալ, որ Հարավային Կովկասում կատարվում է նույնը, ինչ Ուկրաինայում ու Սիրիայում։ Լավ, չի կարելի՞ դաս քաղել այս ամենից։ 
  • ՀՀ իշխանության օրակարգում, ցավոք, ազգային-պետական շահ չկա։
  • Արևմուտքը նպատակ ուներ հնարավոր բոլոր տարբերակներով Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման կիզակետ, ու այդ գործընթացը շարունակվում է։ Ամբողջ խնդիրն այն է՝ դու դառնո՞ւմ ես այդ բախման թատերաբեմ, թե՞ ոչ։
  • Անգամ գիտական ֆանտաստիկայում նման բան չի լինում, որ «խաղաղության» թուղթ ստորագրողները վերադառնան իրենց երկրներ, ու միաժամանակ մեկը հայտարարի՝ ռազմական բյուջես ավելացնելու եմ, սա եմ անելու, այն եմ անելու, իսկ մյուսը՝ ռազմական բյուջես պակասեցնելու եմ, որովհետև այևս խաղաղություն է։

Հիշեցնենք, Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է. «Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ առկա ինքնաթիռները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի (…) Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը»։

«Մենք նրանց հետ [խմբ.՝ նկատի ունի հայերին] չենք արել այն, ինչ նրանք մեզ հետ են արել։ Սակայն նրանց արածը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից։ Այդ թվում՝ Քելբաջարի ժողովրդի դեմ կատարված ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը, Խոջալուի ցեղասպանությունը, այլ շրջաններից մեր քաղաքացիների նկատմամբ թշնամանքը, թշնամանքը և դաժանությունը երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից և չպետք է ջնջվեն։ Ես սա ասում եմ և՛ որպես պատերազմում հաղթած երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, և՛ այսօր՝ որպես Հայաստանի հետ, պարտված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասնակից։ (…) այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից, մենք երբեք չպետք է խաբվենք քաղցր խոսքերով, մենք պետք է զգոն լինենք։ (…) Այլ կերպ ասած, մենք պետք է իմանանք, թե ում դեմ ենք կանգնած, ով է մեր հարևանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը և զգոն լինենք։ Այսօր ես կրկին ասում եմ սա, մենք մեզ հայտարարում ենք՝ որպես հաղթող ժողովուրդ։ Մենք չենք մոռանա այդ չարիքը, այդ բարբարոսությունը»։

Իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ կայացած հարցազրույցում հայտարարել է. «Հնարավոր է, որ 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի կամ ընդհանրապես չլինի»:

Ըստ Կարեն Բեքարյանի, Փաշինյանին ոչ միայն հայ հանրությունը չի վստահում, այլ նաև միջազգային դերակատարները: 

  • Էն նույն լոլոն, որ ասում են սեփական հանրությանը, ասում են նաև գործընկերներին։ Իրանի նախագահ Փեզեշքիանի այցն ինչի՞ մասին էր։ Մարդիկ իրենց հատուկ ծառայություններով ինֆորմացիան ստանում են, որի հետ քո ներկայացրածը չի համընկնում։ Դրա համար հետ են գնում ու ասում՝ մենք մեր ազգային-պետական շահը պաշտպանելու ենք։ 

Ի դեպ, Իրանի մտահոգությունները հայ-իրանական սահմանի վերաբերյալ չեն փարատվել Փեզեշքիանի ու Փաշինյանի բանակցությունների արդյունքում: Հանդիպումից ու համատեղ հայտարարությունից հետո Իրանի ղեկավարն X-ում գրել է. «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման մասին, շեշտեցի նաև, որ մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:

  • Դրանից հետո Հայաստան է գալիս երկրորդ մտահոգվողը՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։ Նորից ՌԴ փոխվարչապետը փորձում է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործընկերների կողմից կա տոտալ անվստահություն, և սա լուրջ մարտահրավեր է։
  • Էդ երբվանի՞ց մեր ժողովուրդը որոշեց հավատալ Ադրբեջանի ստորագրությանը։ Հնարավոր չէ լինել այսքան միամիտ։ Միամիտ ձևանալը դարձել է ապրելակերպ։
  • Թող տպավորություն չլինի, թե մենք չենք ուզում, որ մեր սահմանները բացվեն, մենք կողմ ենք ամբողջովին ապաշրջափակմանը. իհարկե, պիտի բացվեն, բայց՝ փոխադարձության սկզբունքով, և ոչ թե՝ միայն Ադրբեջանին հարմար տարբերակով։
  • Ստեղծված իրավիճակում հնարավոր չէ հիմնվել միայն թղթերի վրա, որովհետև թղթում կարող է լինել սիմետրիկ պատկեր, բայց կողմերը տարբեր ծավալով դրանք իրագործեն իրական կյանքում։ Ադրբեջանի համար, օրինակ, Սահմանադրության փոփոխություն նախատեսված չէ, մեզ համար պահանջ կա դրված Ադրբեջանի կողմից։ Որ ուղղությունը վերցնեք, մենք ունենք նույն իրավիճակը…
  • Վաշինգտոնում Ալիևը թուղթ է ստորագրում, որ վրեժի դրսևորում չի լինելու, և դա այն դեպքում, երբ ինքը մեր պատանդներին Բաքվում պահում է՝ որպես վրեժի դրսևորում։ Եվ այդ թուղթը ստորագրող Փաշինյանը որևէ բան չի ասում այդ մասին… Սա ողբերգություն է մեզ համար։ 
  • Իսկ կարո՞ղ է նոր էսկալացիա ես հրահրում, նոր պատերազմի առիթ ես տալիս, ի՞նչ ես անում… Բա Վաշինգտոնում ասեիր՝ ոչ մի նախապայման չկա, ստորագրում եմ ու վերջ։ Քեզ Ալիևն ասում է՝ տնային աշխատանք ունես անելու, դու ձայն չես հանում, գալիս ես էստեղ, հակառակն ես ասում։ Ի՞նչ է պատահել․․․ Թեհրանի նախագահի ու Օվերչուկի այցե՞րն են պատճառը, թե՞ նոր բան ես մտածել։ Ախր դու ինքդ ես համաձայնել, բա ի՞նչ կատարվեց։
  • Նիկոլ Փաշինյանն իր բոլոր սրիկայությունները, հանցանքները գցում է ժողովրդի գրպանը: 
  • 2021թ․ընտրությամբ վերստին իշխանության ղեկը ստացած ուժն անում է իր կուսակցության նախնտրական ծրագրի ու կառավարության ծրագրի լրիվ հակառակը։ Սա լեգիտիմության լուրջ խնդիր է առաջացնում։ Հիմա Փաշինյանը փորձում է միջանկյալ լեգիտիմության հարց լուծել։
  • Կարո՞ղ է բացատրել՝ իր պատկերացմամբ՝ հեղափոխությունը ո՞րն է, և եթե ինքը լուրջ խոսում է հեղափոխության մասին, ինչո՞ւ են Բագրատ սրբազանը, «Սրբազան պայքարի» մարդիկ, բոլոր նրանք, ովքեր այլակարծություն ունեն, այսօր բանտերում… Մի հատ կարա՞ս բացատրես՝ քո ասած հեղափոխությունը ո՞րն է։

  • Հանրությունն այսօր իշխանության հետ հույսեր չի կապում, բայց հույսեր չի կապում նաև ընդդիմության հետ։ Դա բերում է տոտալ անտարբերության կամ արտագաղթի։ Պիտի սեղանին լինի իշխանափոխության այնպիսի ծրագիր, որտեղ հանրությունը հետաքրքիր ազդակ ստանա՝ տեսնելով իր ներգրավումն այդ գործընթացին։ Սա կարևոր է, որովհետև եթե փակ սենյակներում որոշելիքի մոդելը կիրառելի լիներ, պրոցեսը հաջողությամբ ավարտված կլիներ, հետևաբար՝ փակ սենյակներում որոշումները հանրության համար ընկալելի չեն։ Այս իշխանությունը մանիպուլյացիայով հանրությանը սովորեցրել է, որ հանրությունն իր գործողություններին մասնակից է զգում։ Հիմա հանրությունն ընդդիմությունից էլ է դա ակնկալում։ Ինչ պրոցես ուզում ես՝ արա, դու հաջողություն չես ունենա, եթե հանրության ընկալումների հետ համահունչություն չունենաս։ 
  • Լավագույն տարբերակը կլիներ գեներացնել պրոցես, որի մեջ իմպիչմենտը կարևոր բաղադրիչ է։ Միայն իմպիչմենտը բավարար չէ, բայց անգնահատելի գործիք է։ Դիալոգ չկա, ու սա մեր մեծագույն կատաստրոֆան է։ Ծրագիր չեք բերում, առաջարկը չեք լրացնում, բայց իմպիչմենտի հետ կապված՝ մեծ դիմադրություն եք սկսել։ Այդպես չի լինում։ Կենսունակ բան դրեք սեղանին։ Հերիք է արդեն։
  • Իրականում մեր ժողովուրդն ուզում է անվտանգություն, սոցիալական արդարություն և ուզում է պրոցեսներին մասնակցություն ունենալ։

Տեսանյութեր

Լրահոս