
«Նիկոլն այսօր իր գործընկերների դեմ է հանդես գալիս». մամուլի շենքը՝ առանց մամուլի
Մամուլի շենքում տարիներ շարունակ տեղակայված գործունեություն ծավալող լրատվամիջոցները վերջերս ահազանգեցին, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն նամակով տեղեկացրել է, որ խմբագրությունները պետք է լքեն Մամուլի շենքի տարածքը՝ տալով որոշակի ժամանակ դրա համար։
1994 թվականից Մամուլի շենքում գործող «Առավոտ» օրաթերթն ու համանուն կայքն արդեն ճամպրուկային տրամադրության մեջ են, հավաքում են իրերը՝ շենքը լքելու համար։
168.am-ի հետ զրույցում նշեց «Առավոտ»-ի տնօրեն Գարիկ Մելքոնյանը, որ սահմանված վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է ու այս պահին գույքի տարհանման ու ստուդիաների ապամոնտաժման վերջին աշխատանքներն են իրականացնում, քանի որ չեն կարողացել Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ գալ փոխհամաձայնության։
Լրագրողական մեկ այլ կառույցի՝ «Մամուլի ազգային կենտրոն»-ի նախագահ Նարինե Մկրտչյանն էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այսօր ահազանգում էր, որ շենքի 11-րդ հարկի վարձակալն ավիրում է իրենց գրասենյակի տարածքը՝ ամբողջ տարածքը ջրի և փոշու մեջ է։
168․am-ը նկարահանումների ընթացքում արձանագրեց, որ առաստաղն ամբողջությամբ վնասվել էր ու վարձակալների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների արդյունքում խաթարվել է Մամուլի ակումբի բնականոն աշխատանքը։
Մեզ հետ զրույցում ակումբի նախագահը ներկայացրեց իրադրության մանրամասները։