Տիկին ՄԻՊ, հրապարակավ ցո՛ւյց տվեք մեր հրապարակումների կեղծիքներն ու մանիպուլյացիաները

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իրեն թույլ տվեց մի բան, ինչ չէր արել ՀՀ թերևս ոչ մի օմբուդսման:

«168.am լրատվամիջոցը հետևողականորեն կեղծ և մոլորեցնող տեղեկություններ է տարածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ։ Այսօր նշված լրատվամիջոցը կեղծ տեղեկություն է հրապարակել «Հայաստանի ՄԻՊ-ը հրաժարվել է զբաղվել Հադրութից տեղահանվածների հարցերով՝ ուղղորդելով դեպի Արցախի իշխանություններ» վերնագրով»,- գրել էր Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ հաջորդիվ «պարզաբանումներ» տալով հրապարակման վերաբերյալ:

Վերջում էլ հավելել էր՝ «Սույն լրատվամիջոցի պատասխանատուներին մաղթում ենք առողջություն»:

Չէին ալարել, ցուցանակի պես լուսանկար էլ էին սարքել՝ «168.am-ը կեղծ լուր է տարածում» վերտառությամբ:

Իրականում այստեղ հրապարակման բովանդակությունը չէ էական, այլ այն, որ 168.am-ը վերահրապարակել էր «Փաստինֆոյի» նյութը. տեքստի մեջ էլ սևով սպիտակի վրա գրված էր, որ հեղինակը նշված կայքն է: Ընդ որում, նյութի սկզբնաղբյուր pastinfo.am կայքն ինքն էլ չէր հորինել, փոխանցել էր կոնկրետ անձի խոսքը, անգամ նրա լուսանկարն էր հրապարակել:

Այսինքն՝ Մարդու իրավունքների պաշտպանը թիրախավորել է կոնկրետ մեդիայի՝ առանց ծանոթանալու հրապարակված նյութին: Հիմա չենք ուզում խորանալ՝ ով «քաշեց» Քրիստիննե Գրիգորյանին, կամ ինչպես է լինում, որ հեգնախառն գրառում կատարող ՄԻՊ-ը, մեր լրատվամիջոցի պատասխանատուներին առողջություն մաղթող Օմբուդսմանը չի կարդում այն հրապարակումը, որի վերաբերյալ նման գրառում է կատարում:

Ի դեպ, պարզվում է՝  սա ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակաընթացքում թույլ տված նման միակ կոպիտ սխալը չէ, ոչ իշխանական այլ մեդիայի նկատմամբ էլ է տեղի ունեցել՝ գրավոր բողոք է ուղարկել ՀՌԱՀ՝ Տիգրան Հակոբյանին, որ կարգի հրավիրեն այդ հեռուստաընկերությանը, ՀՌԱՀ-ն էլ, հիմնվելով Քրիստիննե Գրիգորյանի նամակի վրա, հոխորտացող ու կարգի հրավիրող մի նամակ է գրել այդ հեռուստաընկերությանը, հետո պարզվել է, որ իրականում նշյալ ռեպորտաժը Հանրային հեռուստաընկերությունն է պատրաստած եղել, բայց վերագրել են ընդդիմադիր մեդիային:

Ինչևէ. Քրիստիննե Գրիգորյանին մեր կոշտ արձագանքը չուշացավ: «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը պատշաճ հիմնավորումներով ու հղումներով գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, որում մատնանշվեց՝ ինչպե՞ս է Քրիստիննե Գրիգորյանը թիրախավորում մեր լրատվամիջոցին, ինչո՞ւ նա չպետք է մտներ այնտեղ, ուր հիմարություն ու անհեռատեսություն է ունեցել մտնելու: Գրառումը տարածվեց բազմաթիվ լրատվամիջոցներով ու առանձին օգտատերերի կողմից:

Ինչևէ, ինչպես ասում են, դա իր որոշումն է: Ամեն դեպքում մենք էլ մեր հերթին նրան մաղթեցինք տեսողություն և ընթերցելու տարրական ունակություն:

Մի ուշագրավ հանգամանք:  Գրառման հղումը, մենք, ինչպես կարգն է, տեղադրեցինք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան այդ գրառման ներքո, սակայն այն անհետացավ: Առավոտյան կրկին տեղադրեցինք, կրկին անհետացավ: Ոչ մի մեկնաբանություն չէինք անում, ընդամենը մեր կայքի հղումն էինք տեղադրում՝ պատասխան հայտարարության, որը վայրկենապես ջնջվում էր: Միգուցե ամաչում էր տիկին ՄԻՊ-ը, որ այդքան ներկայացուցչական պաշտոն ունենալով՝ հայտնվել է անհեթեթագույն ու ամոթալի պատմության մեջ: Մոտ 10-րդ անգամից հետո այլևս մեր կայքի հղումը չտեղադրեցինք ՄԻՊ գրառման ներքո, որը համառորեն հեռացնում էր իրենց գրառումը քննադատող մեկնաբանությունները, և, ընդհակառակը՝ պահպանում կեղծ օգտատերերի կողմից 168.am-ին և այլ լրատվամիջոցներին քննադատող, թիրախավորող գրառումները: Ինչպես ասում են՝ «С вами все ясно»:

Ժամեր անց իր գրառման մեկնաբանությունների հատվածում ՄԻՊ-ը զգուշացրեց՝

Թե ում էր ուղղված՝ հասկանալի չէր, կամ միգուցե նախապատրաստական աշխատանքներ են տարվում իրենց հերյուրանքը մատնանշող անձանց արգելափակելու համար:

Ի դեպ, բոլորն են հիշում՝ ինչպես էր Քրիստիննե Գրիգորյանը, դեռ նոր ոտքը դրած ՄԻՊ-ի շենք, կռիվ տալիս նախկին Պաշտպան Արման Թաթոյանի՝ 0-ից ստեղծած ֆեյսբուքյան էջի համար՝ սրա համար մոբիլիզացնելով ողջ ՔՊ-ական ռեսուրսը: Մենք մանրամասն անդրադարձել ենք այս պատմությանը: Նրան թվում էր, թե 54 000 բաժանորդ ունեցող էջն իրենով անելուց հետո նույն հեղինակությունն է ունենալու, ինչ Արման Թաթոյանը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ 54 000-ից Քրիստիննե Գրիգորյանի գործունեությանը հետևում է 50-60 մարդ, ներառյալ՝ լրագրողներն ու իր ընկերուհիներն ու ընտանիքի անդամները, բայց, փաստորեն, էջի համար կռիվն այդ էջով ԶԼՄ-ներին թիրախավորելու համար էր:

Հատկանշական է, որ ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ մեծ ու փոքր շահագրգիռ անձինք, ովքեր Արման Թաթոյանին մեղադրում էին ՄԻՊ էջը չվերադարձնելու մեջ, ինչն իրականում տեխնիկական խնդիր էր, ու օրերի ընթացքում լուծվեց, չգիտես ինչու, չէին հիշում, որ իրենց սիրելի ՔՊ-ական արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, երբ հրաժեշտ էր տալիս ՄԻՊ պաշտոնին, իր հետ տարավ ու չվերադարձրեց ՄԻՊ գործող ֆեյսբուքյան էջը՝ 10 000 հետևորդներով, և այն դարձրեց իր իսկ իրավաբանական ընկերության էջը: Այդպիսով Կարեն Անդրեասյանի «AM» փաստաբանական գրասենյակը, ինչպես ասում են՝ օդից դարձավ 10 000 հետևորդ ունեցող էջ:

Այս պահից սկսած՝ Քրիստիննե Գրիգորյանը կարող է հաշվել բոլոր այն հղումները, որոնցից մեկն արդեն վերը տեղադրվել է, իսկ մյուսները կտեղադրվեն ստորև:

Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունների թեկնածուն ՄԻՊ պաշտոնի համար Քրիստիննե Գրիգորյանն է, 168.am-ը նրա գործունեության վերաբերյալ մինչ օրս կատարել է 19 հրապարակում:

Տիկին ՄԻՊ-ին առաջարկում ենք՝ հատ առ հատ նշել՝ 168.am-ի յուրաքանչյուր հրապարակման մեջ հատկապես ո՞ր մասն է ինքը համարում կեղծ ու մոլորեցնող տեղեկություն, որը մենք, ըստ իրեն, հետևողականորեն տարածում ենք:

2021թ. դեկտեմբերի 16-ին՝ ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ականների կողմից Քրիստիննե Գրիգորյանին առաջադրելուց հետո, անդրադարձել էինք այն փաստին, որ հենց Քրիստիննե Գրիգորյանն է Քրեական օրենսգրքի տխրահռչակ 137.1 կամ «ծանր վիրավորանքի» հոդվածի զեկուցող կառավարության ներկայացուցիչը, երբ արդարադատության փոխնախարար էր: Հոդվածը, ի դեպ, Նոր Քրեական օրենսգրքում ապաքրեականացվել է:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին, մեր ընթերցողներին հիշեցրել էինք՝ ինչպես Սահմանադրական դատարանն անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին, արաբերենին և գերմաներենին տիրապետող կառավարության ներկայացուցիչ Քրիստիննե Գրիգորյանի կատարած վատ թարգմանության պատճառով հետաձգեց նիստը, մինչև վերջինս կշտկեր իր իսկ թարգմանական սխալներն անգլերենից հայերեն:

2022թ. հունվարի 27-ին անդրադարձել էինք «Ազատության» եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու՝ Քրիստիննե Գրիգորյանի անդրադարձին, որում դեռ չպաշտոնավարող, բայց արդեն ընտրված ՄԻՊ-ը փորձում էր արդարացնել կամ պաշտպանել իր քաղաքական թիմի ներկայացուցչին:

Մարտի 2-ին հանգամանորեն ներկայացրել էինք Պարեկային ծառայության ներդրման համար տեղի ունեցած ավտոմեքենաների մրցույթի պատմությունը, ավելի ճիշտ՝ հիշեցրել էինք այն պատմությունը, թե ինչպես այս ծառայության ջատագովներ, Պարեկապահակային ծառայության ներդրման համակարգողներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ու արդարադատության՝ արդեն նախկին փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի թեթև ձեռքով այդ մրցույթում հաղթեց «Շկոդան», որը, ինչպես կյանքը ցույց տվեց, պիտանի չէր այդ ծառայության համար:

Մարտի 4-ին տեղեկացրել էինք, որ ՄԻՊ գլխավոր քարտուղար կդառնա մանկավաճառության հայտնի գործով մեղադրյալ, Քրիստիննե Գրիգորյանի վաղեմի ընկերուհին՝ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը:

Մարտի 7-ին գրել էինք, որ Անի Մխիթարյանն արդեն ներկայացվել է ՄԻՊ աշխատակազմին:

Այդ օրը ևս մեկ հրապարակմամբ անդրադարձել էինք ՄԻՊ պաշտոնում Քրիստիննե Գրիգոյանի առաջին պաշտոնական այցին Արցախ, որի հաղորդագրության մեջ տեղ էր գտել հետևյալ նախադասությունը՝   «Մարտի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջին աշխատանքային այցս ՀՀ սահմաններից դուրս կատարեցի դեպի Արցախ», գրել էինք այդ ձևակերպման վտանգների մասին:

Մարտի 26-ին գրել էինք Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչների՝ համայնքների խոշորացման և Սևան համայնքի կազմում ընդգրկվելու դեմ բողոքին հաջորդած ՄԻՊ-ի պոպուլիստական հայտարարության մասին, թե «Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը», այն դեպքում, երբ ինքը որևէ լծակ չուներ մարդկանց օգնելու:

Ապրիլի 5-ին տեղեկացրել էինք, որ ՄԻՊ նախորդ տարվա տարեկան զեկույցը, որն ամբողջովին կազմվել էր Արման Թաթոյանի կողմից, Ազգային ժողովում ներկայացնելու է Քրիստիննե Գրիգորյանը, երբ ինքը ոչ մի օրգանական կապ այդ զեկույցի հետ չունի:

Ապրիլի 11-ին թեմայի առնչությամբ ՄԻՊ-ին հղված մեր գրավոր հարցման պատասխաններն էինք հրապարակել:

Մայիսի 1-ին տեղի ունեցող հանրահավաքից առաջ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն էր տարածել: Այդ հայտարարությունն էինք վերլուծել՝ անդրրադառնալով դրա խոցելի դրվագներին:

Մայիսի 24-ին անդրադարձել էինք ՀՀ և ՌԴ ՄԻՊ-երի հեռախոսազրույցին, որի վերաբերյալ հայկական տարբերակում մի շատ խոսուն բացթողում էինք նկատել:

Հունիսի 3-ին գրել էինք այն մասին, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար, ապօրինի որդեգրումների գործով անցնող Անի Մխիթարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Հունիսի 9-ին, առանց որևէ մեկնաբանության, հրապարակել էինք Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՄԻՊ-ի՝ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան-Լեո հատվածում տեղի ունեցած դեպքերի մեկնաբանության սղագրությունը:

Հունիսի 10-ին փորձել էինք տալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատանը Փրայդ փարթիի մասնակցած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը հետաքրքրվել ՀՀ Պաշտպանի առաջնահերթություններից:

Հունիսի 15-ին, երբ ուղիղ 5 օր առաջ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն «ավետեց», որ նոր Քրեական օրենսգրքում չի լինելու տխրահռչակ «քֆուրի հոդվածը»՝ 137.1-ը, մենք հանգամանորեն անդրադարձանք այդ հոդվածի հետ առնչվող բոլոր դերակատարներին:

Հունիսի 17-ին գրել էինք ԱՄՆ պաշտոնյաների հետաքրքրության, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու՝ Քրիստիննե Գրիգորյանի մղման և վերջինիս կողմից հունիսի 3-ի դեպքերի առնչությամբ իրավապահներին տրված անգնահատելի օգնության մասին:

Վերջին անգամ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին 168.am անդրադարձել էր հուլիսի 2-ին: Գրել էինք այն մասին, թե ինչ միտում ունեն ՄԻՊ-ում սպասվող կառուցվածքային փոփոխությունները:

Այսքանը: Հիմա Քրիստիննե Գրիգորյանը լայն հնարավորություն ունի առանց փնտրելու վրա նյարդեր ու ժամանակ ծախսելու՝ հատ-հատ ցույց տալ մեր հրապարակումների կեղծիքներն ու մանիպուլյացիաները:

Իսկ մենք շարունակելու ենք գրել ՄԻՊ-ում տիրող արատավոր բարքերի մասին: Առաջիկայում կանդրադառնանք պարգևավճարների բաշխման մեխանիզմին, նրան, թե ինչո՞ւ են ՄԻՊ-ից հեռանում ոչ միայն նախկին հատուկենտ մնացած աշխատակիցները, ովքեր այս պահին նոր աշխատանքի փնտրտուքների մեջ են, այնպես էլ իր բերած կադրերը, ովքեր, ի դեպ, այդ թվում՝ բարձր պաշտոններ են զբաղեցնում, կխոսենք դրա պատճառների, ՄԻՊ-ում տիրող անտանելի մթնոլորտի, ՄԻՊ-ում «ասիչի», Պաշտպանի մտադրությունների մասին, որոնք առնչվելու են աշխատակազմի աշխատանքային իրավունքներին:

Շատ թեմաներ կան, որոնց հերթով կանդրադառնանք:

Մինչ այդ՝ ևս մի խորհուրդ, այս անգամ՝ ՄԻՊ լրատվական ծառայությանը: Կարգի բերեք Ձեր կայքը, որտեղ պաշտոնավարող անձանց տեքստային ու ձայնային տարբերակներն իրար չեն բռնում, որպեսզի ձայնային տարբերակում, ասենք, ՄԻՊ գլխավոր քարտուղարը չլինի Տիգրան Մարտիրոսյանը, իսկ տեքստայինում՝ Անի Մխիթարյանը: Եվ այդպես՝ բոլորի, այդ թվում՝ հանրային կապերի բաժնի պետ Էդգար Այվազյանի դեպքում:

Գործընկերային սոլիդարությունը թույլ չտվեց ավելի վաղ անդրադառնալ սրան, բայց ՄԻՊ-ում կարծես թե հիմա չգիտեն՝ դա ինչ է:

Ողջ այս պատմության մեջ ցավալին այն է, որ ՄԻՊ-ը, ով պետք է որ բոլորովին այլ կոչում, գործառույթներ ու առաջնահերթություններ ունենար, շարունակում է քաղաքական իշխանությունների՝ լրատվամիջոցներին թիրախավորելու, վարկաբեկելու, նրանց նկատմամբ վիրավորանք և ատելություն գեներացնելու գիծը:

Նույն ձեռագիրը

Ի դեպ, շուրջ 1 տարի՝ 2020 թվականից հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լրջագույն խնդիրների առջև են կանգնած սոցցանցերում: Մոտ մեկ տարի առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝  factcheck.ge-ը,  համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել էր պայքարել իբրև թե ապատեղեկատվության, բայց իրականում՝ ընտրողաբար թիրախավորված որոշ ոչ իշխանական լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար: Նրանց թիրախում էին գտնվում հատկապես օրինական գործունեություն ծավալող, մոտ 2 տասնյակ տարիներ գործունեություն ծավալող,  բարեխիղճ հարկային պարտավորությունները կատարող այն լրատվամիջոցները, որոնք հանրությանը հայտնի են ընդդիմադիր հայացքներով:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», որի շրջանակներում էլ գործում է նշյալ media.am-ը, այդ կայքէջը գործիք դարձրած՝ առանց պրոֆեսիոնալ փորձագետների հետ քննարկման, սուբյեկտիվ ընտրությամբ, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ այլ կազմակերպության միջոցով՝ միջնորդավորված տեղեկատվություն էր փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակում էր հայաստանյան բազմաթիվ լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում  գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը բազմահազար ընթերցողներին։ Հայաստանյան մամուլի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ 168.am-ը, մեծագույն հարված ստացան և լրջագույն վնասներ կրեցին, որը շարունակվում է մինչ այսօր:

Այդ ամենի արդյունքում հազարավոր ընթերցողներ, բաժանորդներ մինչ օրս չեն կարողանում հետևել այդ լրատվամիջոցների հրապարակումներին: Այս ամենի արդյունքում կայքի ավելի քան 180.000 հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջը կորցրել է իր ընթերցողների զգալի մասին, սահմանափակվել է տեսանելիությունը, և առհասարակ կանգնած է փակման վտանգի առջև:

Սա լրջագույն հարված է խոսքի ազատությանը, տեղեկացված լինելու իրավունքների սահմանափակում է:

Նկատեցի՞ք: Ձեռագիրը կարծես թե նույնն է:

Հուսանք՝ Քրիստիննե Գրիգորյանի՝ մեդիայի դեմ արշավանքները սրանով կավարտվեն, և լրատվամիջոցների նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու ուղիղ պարտականություն ունեցող Պաշտպանը նորանոր «սյուրպրիզներ» մեդիաներին չի մատուցի:

Տեսանյութեր

Լրահոս