Հինգ հրացանակիրները, Միլեդին ու ծանր վիրավորանքի տխրահռչակ հոդվածը

Հունիսի 10-ի երեկոյան ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում «ավետեց»՝ «վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»:

«Գործադիրը նպատակահարմար չի գտել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում` նախընտրելով այդ անթույլատրելի երևույթի համար արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները»,- գրել էր նա՝ փորձելով որպես լավություն՝ հանրության վրա «ծախել» ծանր վիրավորանքի 137.1 հոդվածի ապաքրեականացումը նոր Քրեական օրենսգրքում:

Այս առնչությամբ Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ), նոր Քրեական օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի ձևավորման նախաձեռնող Արման Թաթոյանն ընդգծել էր՝ «Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ, և Քրեական նոր օրենսգրքի աշխատանքային խումբն ինքը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու: Շեշտել էր՝ հոդվածն ընդունվեց միայն քաղաքական որոշմամբ ու ընթացակարգային կոպիտ խախտումներով. այս կերպ Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին:

Կարեն Անդրեասյանը նաև հատուկ ընդգծել էր՝ «Որքան էլ առանձին քաղաքական շրջանակներ հայտարարում էին ծանր վիրավորանքի քրեաիրավական նոր կարգավորման հակասահմանադրականության մասին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը հստակ արձանագրեց, որ այն լիովին համապատասխանում է Սահմանադրությանը»:

Ճիշտ էր արել. սրան դեռ կանդրադառնանք:

Ամեն դեպքում հոդվածն ապաքրեականացվել է, այդ մասին բարձրագոչ հայտարարվել է, բայց իր հետևից բերած ավերների ու դրանց լուծման ճանապարհների մասին որևէ խոսք պետական մարմինները չեն ասում:

Այս տարվա ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունը հպարտորեն հայտարարեց՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ:

«Նշված ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերից 621-ը, այսինքն՝ շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը՝ այլ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով:

Ընդ որում, քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը»,- նշված էր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Հետաքրքիր է՝ դատախազությունում գոնե մոտավորապես տեղյա՞կ են, թե իրենց նշած քանակի գործերը հարուցելու ու դրանցով ըստ պատշաճի զբաղվելու համար որքան պետական ռեսուրս է անիմաստ վատնվել, քանի քննիչ է, բան ու գործը թողած, «լծվել» այդ մեղադրանքի հիմնավորմանը, ինչքան թուղթ է մրոտվել, քանի հոգի են մոբիլիզացրել մարդկանց ֆեյսբուքյան էջերը սանրելու համար, ու որքան գումար է նրանց վճարվել: Բնականաբար, ոչ: Եվ այդ ամենը, ըստ էության, արվել է մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար:

Տեղին է հիշել, որ ծանր վիրավորանքի հոդվածն իշխանությունների համար օրախնդիր դարձավ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի «տարած հաղթանակից» հետո: Մինչ այդ ողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, էսկալացիայի հասցրեցին ծանր վիրավորանքը, և հենց դա ծառայեց իր նպատակին, որոշեցին «պայքարել» դրա դեմ: Ընտրություններում արդեն «հաղթել էին», ընդ որում, ատելության գերդոզավորման պայմաններում, ինչով մինչ օրս «կերակրում են» իրենց էլեկտորատին:

Ի դեպ, չմոռանանք, որ ծանր վիրավորանքի հոդվածի նախաձեռնությունը Գլխավոր դատախազությանն էր, ու հենց ընտրություններն ավարտվեցին, Նիկոլ Փաշինյանն Արթուր Դավթյանի ձեռքով փորձեց կանխել իր նկատմամբ ատելության ու դրա դրսևորման եղանակների տարատեսակ արտահայտությունները:

Դատախազությունը, ընդ որում, սկզբնական շրջանում ջանասիրաբար պաշտպանում էր այդ օրենքը, պարբերաբար վիճակագրություն էր հրապարակում, հետո հենց քննադատությունները սաստկացան, լռեց ու լուռ է մինչ այժմ:

Հատկանշական է, որ երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հարուցված 800-ից ավելի գործերի ճակատագրի վերաբերյալ «Հրապարակի» հարցին ի պատասխան՝ ասել էր. «Քրեական դատավարության կարգով գործերի ճակատագրերը կորոշվեն, այս պահին կարող եմ միայն ասել այսքանը»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ հստակեցված չէ այս հարցը, դատախազի խորհրդականը պատասխանել է. «Ասում եմ՝ քրեական դատավարության կարգով, տվյալ հարցը լուծում կստանա: Այսինքն` հստակեցնելու ի՞նչ կա, քրեադատավարական կարգով բոլոր գործերի հետ կապված հարցերը կլուծվեն»:

Ինչևէ, օրենքն ընդունվեց, սկսեցին հարուցվել քրեական գործեր, որոնց 90%-ից ավելին հարուցվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար: Այն նաև կանաչ լույս վառեց նրա, ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների ու իրենց աջակիցների համար. սրանք նույնպես անարգել հայհոյում էին, բայց նրանց նկատմամբ քրեական գործ, բնականաբար, չէր հարուցվում: Օրինակները բազմաթիվ են և աղմկահարույց: Սրանով իրավապահ մարմինները ցույց տվեցին, որ ծառայում են մեկ մարդու քաղաքական շահերին, և օրենքն ընտրովի կիրառելն այդ պարագայում խիստ բացատրելի էր:

Ըստ ամենայնի, այս օրենքի իրավաչափ նպատակը պետք է լիներ հայհոյանքի վերացումը համացանցային տիրույթից, ինչը, հասկանալի է, չէր ստացվելու: Սա մոտավորապես նույնն էր, երբ պատերազմի ժամանակ պետական մարմինների՝ անգամ ամենաստորին օղակների ներկայացուցիչներին քննադատելու համար կառավարության որոշմամբ պատասխանատվություն սահմանվեց: Այդ ժամանակ էլ տասնյակներով ծանուցումներ էին ստանում՝ ինչպես սովորական քաղաքացիները, այնպես էլ՝ ԶԼՄ-ները: Իրավիճակը հանգուցալուծվեց միայն ՄԻՊ Արման Թաթոյանի ՍԴ դիմելուց հետո:

Այդ ժամանակ էլ, թեպետ, ըստ իշխանությունների՝ նպատակն ապատեղեկատվության կանխումն էր, բայց որոշման մեջ այնպիսի ձևակերպումներ էին ընդգրկվել, որ, բնականաբար, չհասան ու չէին էլ հասնելու իրենց նպատակին:

Էդ արդեն հետո մենք պիտի հասկանայինք, թե իրականում ինչ խնդիր էր լուծում իշխանությունը՝ ինֆորմացիան, մարդկանց և առհասարակ տեղեկատվության տիրապետողների բերանը փակելով:

Նույնը ծանր վիրավորանքի տխրահռչակ 137.1 հոդվածի պարագայում էր: Ի սկզբանե այս նախաձեռնությունը ևս ձախողման էր դատապարտված, որովհետև նախ արված էր կոնկրետ մեկ մարդու պաշտպանելու համար, և հետո չկար բավարար ռեսուրս հայհոյանքը վերացնելու համար:

Բացի դրանից, ստացվեց, որ այս հոդվածը հորինված էր միայն ՀՀ-ում ապրող մարդկանց պատժելու համար: Իսկ օրինակ, արտասահմանից ազատորեն հայհոյող իրական մարդիկ ու ֆեյքերն այդպես էլ անպատիժ շարունակում էին հայհոյել:

Պարզ է, որ այս օրենքն ի սկզբանե իրավաչափ նպատակ չի էլ ունեցել, և նպատակը միայն ու բացառապես քաղաքական է եղել:

Այստեղ արժե հիշել, որ երբ նախագիծը քննարկվում էր Ազգային ժողովում, այն ժամանակ «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն օրենքի հեղինակներից ու համազեկուցողից փորձում էր ճշտել՝ ի՞նչ է հայհոյանքը, ինչպե՞ս պետք է այն սահմանվի: Թե օրենքը զեկուցող Վլադիմիր Վարդանյանը, և թե համազեկուցող, կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախկին փոխնախարար ու գործող ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը միաբերան պնդում էին, որ պետք չէ թերագնահատել ոստիկանությանը, և, որ ոստիկանությունը հանգիստ կարող է հայհոյանքի սահմանումը տալ:

Հիմա դժվար չէ պատկերացնել, թե ինչ աստիճանի անկատար, հակաժողովրդավարական ու հակասահմանադրական օրենք է սա եղել, որ անգամ այս իշխանությունների արևմտյան գործընկերները չեն պաշտպանել այն, և որքան էլ նախկինում այս օրենքի ապաքրեականացման համար պայքարած նախկին ՄԻՊ, ներկա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այն փորձի իշխանությունների բարի կամքի դրսևորում ներկայացնել, ակնհայտ է, որ հենց միջազգային կառույցների ու իրենց եվրոպացի գործընկերների ճնշման ներքո է այս օրենքը նոր Քրեական օրենսգրքում ապաքրեականացվել:

Վերադառնանք Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմանը, որը Կարեն Անդրեասյանը «շպրտեց» ՍԴ դեմքին՝ շատ թափանցիկ այս հոդվածի սահմանադրականության հարցով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դիմումի զեկուցող Արթուր Վաղարշյանին հասկացնելով պատասխանատվության նրա բաժնի մասին:

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց մի օրենք, որն այս իշխանությունները հրաժարվեցին ընդգրկել նոր Քրեական օրենսգրում, բնականաբար, ճնշումների ներքո:

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց մի օրենք, որը կյանքի ու մահու կարևորություն ուներ գործող իշխանությունների համար ու սպասարկելու էր կոնկրետ մեկ մարդու շահը:

Եվ վերջապես, ՍԴ-ն, իսկ ավելի ճիշտ՝ այս օրենքը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու տակ ստորագրած դատավորները և, մասնավորապես, դիմումի զեկուցող Արթուր Վաղարշյանը սահմանադրական ճանաչեց մի օրենք, որն ի սկզբանե հակասահմանադրական էր առնվազն վերը թվարկված պատճառներով:

Մի առիթով էլի ասել ենք՝ իր պաշտոնավարման ողջ ընթացքում Քրիստիննե Գրիգորյանին անդադար հետապնդելու է այս հոդվածի համազեկուցող լինելու և այն ջանասիրաբար պաշտպանելու նրա մղումը, և հոդվածի ապաքրեականացումը չի չեղարկում դա:

Վլադիմիր Վարդանյանի համար ըստ էության նախորդ իշխանությունների օրոք ու մասնավորապես Հրայր Թովմասյանի նախագահած ՍԴ-ում աշխատակազմի ղեկավար աշխատելուց ու հետո արագորեն Նիկոլ Փաշինյանի թիմը համալրելուց ու նույն Հրայր Թովմասյանի դեմ կատաղի պայքար մղելուց հետո անհնարին բան ըստ էության չկա:

Իսկ Արթուր Վաղարշյանը, երբ միայնակ է լինում, խորապես պետք է մտորի՝ «А стоило ли игра свеч?»:

Տեսանյութեր

Լրահոս