Մի վստահելի մարդու միջոցով Անդրանիկ Մարգարյանն ինձ փոխանցեց՝ քո օգնության կարիքն եմ ունենալու․ Սերժ Սարգսյան

«2005 թվականին Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց անդամագրվել Հանրապետական կուսակցությանը, և միանգամից ասաց, որ մտադրություն ունի ինձ առաջադրել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, այսինքն՝ իրենից հետո հաջորդ դեմքը»,-այս մասին այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման ընթացքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատմելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր անդամագրվելու ողջ պատմությունը։

«2003 թվականին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Անդրանիկ Մարգարյանն ինձ առաջարկեց, ասաց՝ արի, նույն ցուցակով գնանք։ Ես ասացի՝ խնդիր չեմ տեսնում, բայց պետք է նախագահին ասեմ այդ մասին։ Ասաց՝ ես ասել եմ, դու էլ ասա։ Ասացի, համաձայնությունը ստացա, ու նույն ցուցակով, ես՝ անկուսակցական, գնացինք ընտրությունների։ Այդ ընտրություններում բավական հաջողություններ ունեցանք։

Եվ արդեն 2005 թվականին Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց անդամագրվել ՀՀԿ-ին և միանգամից ասաց, որ մտադրություն ունի ինձ առաջադրել գործադիր մարմնի ղեկավար, այսինքն՝ իրենից հետո հաջորդ դեմքը։ Ասաց, որ ապագայի հետ կապված էլ պլաններ ունի, բայց հիմա այդ մասին չխոսենք, հետո կխոսենք։ Ասացի՝ շատ լավ։ Անդամակցեցի կուսակցությանը և սկսեցինք միասին աշխատել։ Ես Պաշտպանության նախարար էի, քանի որ զինվորական կոչում չունեի, նորմալ էր իմ անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը։ Բնականաբար, այդ ընթացքում ես գիտեի ՀՀԿ-ի դիրքորոշումները տարբեր հարցերում, հստակ համոզված էի, որ պահպանողական կուսակցություն է, այսինքն՝ իմ տեղն է»,-մանրամասնեց ՀՀ երրորդ նախագահը։

Շարունակելով պատմել` Սարգսյանը նշեց, որ երբ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ազատվեց վարչապետի պաշտոնից, հանրապետության նախագահն ասաց, որ վարչապետի պաշտոնում կնշանակի մարդու, ով սատարում ունի ԱԺ-ում։

Կարդացեք նաև

«Բնականաբար, ամենամեծ սատարումն ուներ Անդրանիկ Մարգարյանը, և մի վստահելի մարդու միջոցով ինձ փոխանցեց, ասաց՝ եթե դու ինձ սատարելու ես, ես հաճույքով կհամաձայնեմ, որովհետև ես երբեք պետական պաշտոն չեմ ունեցել և քո օգնության կարիքն եմ ունենալու։ Ես ասացի՝ միանշանակ սատարելու եմ»,-պատմեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ մի առիթով Տարոն Մարգարյանը պատմել է այս պատմությունը, ուստի, ինքն էլ հիշատակում է, այլապես այդ էպիզոդը չէր պատմի։

Տեսանյութեր

Լրահոս