ԱՄՆ պաշտոնյաների հետաքրքրությունը, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու՝ Քրիստիննե Գրիգորյանի մղումը և իրավապահներին տրված անգնահատելի օգնությունը

Հունիսի 16-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։

Հետաքրքիր է, որ ամերիկացի արդեն երկրորդ պաշտոնյան է հետաքրքրվում Պաշտպանի առաջնահերթություններից: Այս հանդիպմանը Պետքարտուղարի փոխտեղակալն է հետաքրքրվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից, իսկ դրանից առաջ՝  Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդը:

Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքի հիմնական ուղղությունները, տիկին Օլսոնի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններով, ի թիվս այլնի՝ ներկայացնելով արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսևորումները։

«Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու, ինչպես նաև ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։

Առաջին հայացքից սովորական պաշտոնական հաղորդագրությունն իրականում իր մեջ կարևորագույն մեսիջ է պարունակում, բայց մինչ դրան անդրադառնալը նկատենք՝ Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նաև հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։

Ենթադրաբար խոսքը Պարեկային ծառայության մասին է, որի ներդրման պատասխանատուներից ու ջատագովներից է նաև Քրիստիննե Գրիգորյանը, ով ծառայության ներդրման ակունքներում էր կանգնած դեռ ՀՀ արդարադատության փոխնախարար եղած ժամանակ:

Բայց ԱՄՆ պաշտոնյան վստահաբար Քրիստիննե Գրիգորյանից չի հետաքրքրվել՝ ինչպե՞ս է պատահել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանական գործողությունները, հատուկ միջոցների կիրառումը խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ ավելի ջանասիրաբար է արդարացնում, քան ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները:

«Օրինակ, մարդիկ քորոցներով գալիս են ու աննկատ ծակում են բերետավորներին, պարբերաբար նման բան է լինում։ Դրանից հետո, կարծում եք՝ կարմիր բերետավորը կամ այլ ծառայող կարո՞ղ է իրեն տիրապետել։ Գալիս հայհոյում են, դա նորմա՞լ է»,- փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էր բողոքել ցուցարարներից:

Սա, սակայն, անհամեմատ ավելի անմեղ ձևակերպում է, քան այն, ինչ ասաց Քրիստիննե Գրիգորյանը հունիսի 9-ին՝ լրագրողների հետ զրույցում՝ արդարացնելով հունիսի 3-ին կիրառված ոստիկանական աննախադեպ բռնությունները:

«Մենք միևնույն ժամանակ արձանագրել էինք նաև ոստիկանության ծառայողների կողմից ստացված վնասվածքների բնույթի, դրանց ինտենսիվության ու թվի վերաբերյալ: Եվ մեդիայի ու տեսանյութերի ուսումնասիրությունը մեզ էլ էր համոզել, որ այնտեղ կոնկրետ կար ոչ խաղաղ մոտեցում կամ բռնության նպատակադրում, և որն արտահայտվում էր ոստիկանության ծառայողների կողմից փակված Դեմիրճյան փողոցի կողմ, դեպի ոստիկանության ծառայողներ քարերի ու տարբեր առարկաների նետումներով: Ընդ որում, նետում էին քարեր, շշեր ու մետաղական առարկաներ, բայց նաև տեսել էինք, որ շատ դեպքերում անձանց կողմից, ովքեր ոստիկանական բարիերից այս կողմ էին, նույնպես կային շշերի նետումներ»,- ասել էր ՀՀ ՄԻՊ-ը:

Դժվար է պատկերացնել, որ Պաշտպանը նման պնդում կանի, այս ծավալի անգնահատելի օգնություն ու աջակցություն կտրամադրի նախաքննական մարմնին ու դատախազությանը, բայց փաստը մնում է փաստ:

Այսինքն՝ ՀՀ ՄԻՊ-ն ասում է՝ տեսանյութերը մեզ համոզել են, որ մարդիկ խաղաղ նպատակադրում չեն ունեցել, զինված են եղել քարերով, շշերով ու մետաղական առարկաներով:

Դատախազությունը, ինչպես գիտենք, քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների հանցակազմով, կան մարդիկ, ում մեղադրանք է առաջադրված, կան կալանավորվածներ: Մնում է պատկերացնել, թե նախաքննական մարմինն ինչ հաճույքով կօգտագործի ՄԻՊ «ցուցմունքները»:

Ինչ վերաբերում է կառավարության անդամների խնդրահարույց ձևակերպումներին ոստիկանական գործողություններն արդարացնելու առնչությամբ, Քրիստիննե Գրիգորյանը դրանք չէր լսել ու չէր տեսել, բայց, օրինակ, ոստիկանությանը խորհուրդ էր տալիս ամբոխի կառավարման թրեյնինգներ անցնել:

«Անպայման, բացի անհատական կարգապահական միջոցներից, մենք պետք է նայենք՝ ինչպես չկրկնվեն այս դեպքերը, և պիտի նայենք՝ ինչպիսի մասնագիտական, ամբոխի կառավարման թրեյնինգներ են պետք ոստիկանությանը, որովհետև ժամանակակից ոստիկանությունը պիտի կարողանա ամբոխի կառավարման ճիշտ տակտիկաներ բանեցնի, որովհետև շատ դեպքերում ոստիկանության ծառայողների մեծաթիվությունը նաև վկայում է այն մասին, որ որոշակի տակտիկական հնարքները, դրանց մասին գիտելիքները բավարար չեն»,- ասել էր Պաշտպանը:

Բայց վերադառնանք Պաշտպանի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հանդիպմանը:

Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել էր ԱՄՆ դեսպանատանը Փրայդ փարթիի մասնակցած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ, և տարածվել էր ոչինչ չասող հաղորդագրություն, 168.am-ը գրել էր, որ ըստ ամենայնի կողմերը քննարկել են «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը,  որի՝ 2018թ. նոյեմբերի դրությամբ եղած տարբերակի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միջանկյալ կարծիք էր հրապարակել:

Նշել էինք, որ առաջիկայում նախատեսվում է «Իրավահավասարության մասին» վերոնշյալ օրենքի ընդունումը, և քանի որ իրավահավասարության ապահովման մանդատի վերապահման հարց կա, միգուցե այդ հարցե՞րն են քննարկել ՀՀ ՄԻՊ-ն ու ամերիկացի պաշտոնյան, փորձել հասկանալ՝ օրենքի ընդունման պարագայում ինչ լիազորություններ պետք է ունենա Պաշտպանը, և ամենագլխավորը, ինչ ձևակերպումներով պիտի ընդունվի օրենքը, և կլինե՞ն դրանում «գենդերային ինքնություն», «սեռական կողմնորոշում» բառակապակցությունները:

«Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալը»,- կարդում ենք ՄԻՊ այսօրվա տարածած հաղորդագրության մեջ, ինչը բացատրում է ՄԻՊ առաջնահերթությունների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների հետաքրքրությունը:

Այնպես որ, փաստ է՝ «Իրավահավասարության մասին» օրենքը շուտով կընդունվի, և որ ամենակարևորն է, արևմտյան առաջնահերթությունները հաշվի առնելու համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս