Ինչո՞ւ է ԱԺ ուղարկվել ՄԻՊ տարեկան հաղորդման սեղմագիրը. Արման Թաթոյանի կազմած ու հրապարակած տարեկան հաղորդումն ԱԺ-ում կներկայացնի Քրիստիննե Գրիգորյանը
Ապրիլի 5-ին 168.am-ը գրել էր Ազգային ժողովում (ԱԺ) սպասվելիք ՀՀ գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) 2021թ. կատարած աշխատանքների տարեկան հաղորդումների քննարկումների մասին:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքն ասում է.
Հոդված 31. Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները
1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՄԻՊ աշխատակազմ՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները:
1. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կազմած և հրապարակած 2021թ. տարեկան հաղորդման ի՞նչ տարբերակ է ուղարկվել Ազգային ժողով՝ զեկույցն ամբողջությա՞մբ, ինչպես հրապարակել է նախկին Պաշտպանը, թե՞ որոշակի կրճատումներով: Եթե կան կրճատված հատվածներ, խնդրում եմ նշել՝ որոնք են դրանք:
Խնդրում եմ տրամադրել 2021թ. տարեկան հաղորդման՝ ԱԺ ուղարկված տարբերակը:
2. Ո՞վ է ներկայացնելու զեկույցն Ազգային ժողովում՝ գործող պաշտպա՞նը, թե՞ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Գործող պաշտպանն արդյո՞ք ԱԺ-ից ստացել է հրավեր՝ ներկայացնելու 2021թ. տարեկան հաղորդումը:
ՄԻՊ աշխատակազմից մեզ պատասխանել են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հասցեագրված 2022 թվականի մարտի 30-ի գրությամբ Ազգային ժողով է ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի տարեկան հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցն ամբողջությամբ՝ կցելով Պաշտպանի հաստատության կայքում արդեն իսկ հրապարակված հաղորդման և զեկույցի հղումները (https://ombuds.am/images/files/022666474d87ff84a86acf39be58bec8.pdf, https://ombuds.am/images/files/8636c95ac7349cbe5d51ff372cbcd8cc.pdf)
«Միևնույն ժամանակ, կցվել են հաղորդման և զեկույցի գործառնական ամփոփագրերը։ Դրանք, ինչպես նաև ամբողջական հաղորդման ու զեկույցի հղումները կարող եք գտնել Ազգային ժողովի կայքում հետևյալ հղումով»,- ասված էր ՄԻՊ պատասխանի մեջ:
Թե ինչու է գործառնական ամփոփագիրը կամ սեղմագիրը ևս ուղարկվել ԱԺ, մեզ չէին ասել, ում համար է դա նախատեսված՝ նույնպես: Գոյություն չունի սեղմագիր ներկայացնելու օրենսդրական մեխանիզմ և Պաշտպանի կողմից Ազգային ժողովին տարեկան հաղորդում և տարեկան զեկույց ուղարկելու միակ ձևը ամբողջական հաղորդումն ուղարկելն է:
1575 էջից բաղկացած տարեկան հաղորդման 287 էջանոց սեղմագիրը ԱԺ պատգամավորներին բաժանելու իմաստը ո՞րն է… Որ կարդան այդ, արդեն իսկ ֆիլտրա՞ծ տարբերակը, եթե, իհարկե, կարդան:
Ինչ վերաբերում է նրան, թե ով է ներկայացնելու հաղորդումն ԱԺ-ում, Պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել էին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է որպես 2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի հիմնական զեկուցող։
Թե ինչ կապ ունի Քրիստիննե Գրիգորյանն Արման Թաթոյանի գրած ու մատնանշած խնդիրների ու դրանց պատճառների հետ, ինքը, թերևս, լավ գիտի, իսկ թե վերջինիս գրած զեկույցի ո՞ր տարբերակը կներկայացնի ԱԺ-ում ու հարցերի ի՞նչ ընդգրկմամբ, կիմանանք շուտով: