Մանկավաճառության գործով կազմակերպված խմբի անդամը՝ արդարադատության նախարարի խորհրդական. ո՞րն է լինելու հաջորդ պաշտոնը

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը գրել էր այն մասին, թե ովքեր են ներգրավված նորածինների վաճառքի ու ապօրինի որդեգրումների գործում, և այդ գործով ինչ նոր մանրամասներ է բացահայտել Քննչական կոմիտեն (ՔԿ):

Ըստ ՔԿ-ի՝ Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանի, «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և ևս 9 մեղադրյալների գործի նախաքննությունն ավարտվել է:

Կայքը գրում է, որ նորածինների վաճառքի ու ապօրինի որդեգրումների մասին առաջին անգամ բարձրաձայնվել էր 2019 թվականին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ քաղաքացիները, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում՝ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումներ: Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ և շահադիտական դրդումներով:

Այս հրապարակման մեջ հիշատակված բոլոր մեղադրյալներից 168.am-ի ուշադրությունը գրավեց Անի Մխիթարյանի անձը:

«Կազմակերպված խմբի անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը և նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանը, տեղեկացված լինելով, որ յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Անուշ Գարսանցյանին փոխանցվում է Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրման գործընթացի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի, ինչպես նաև գործընթացների իրականացման համար առաջացած անհրաժեշտ այլ ծախսերի համար պահանջվող գումարների չափերից ակնհայտորեն բարձր գումարներ, գիտակցելով, որ Անուշ Գարսանցյանը ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով վաճառում է երեխաներին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում գործող ՀՀ կենտրոնական մարմնի անունից ստորագրել են Իտալիայի քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման համար էական նշանակություն ունեցող՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին եզրակացություն՝ այդ կերպ վերացնելով կազմակերպված խմբի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն ավարտին հասցնելու խոչընդոտներ՝ ստեղծելով հնարավորություն՝ կազմակերպված խմբի ղեկավար Անուշ Գարսանցյանի կողմից երեխաների վաճառքն ավարտին հասցնելու համար»,- նախաքննական մարմնի քննության արդյունքներն է մեջբերել armtimes.com-ը:

Կայքը նաև գրել էր, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված և խմբի գործունեության ընթացքում պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձինք այլևս չեն զբաղեցնում իրենց զբաղեցրած պաշտոնները:

Իրենց զբաղեցրած պաշտոնները միգուցե չեն զբաղեցնում, բայց ավելի բարձր պաշտոններ զբաղեցնում են:

Մասնավորապես, վերոնշյալ Անի Մխիթարյանը 2021թ. օգոստոսից մինչ այսօր զբաղեցնում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը:

Այս սքրինշոթը միայն շատ մանրամասն ուսումնասիրելու պարագայում է հնարավոր հասկանալ՝ ինչ են ուզել ասել նախարարությունում, սակայն կայքի այս փնթի, թափթփված վիճակը, թերևս, ունի բացատրություն:

Մեր տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանի՝ նախարար դառնալուց հետո վերջինս ցրել է նախարարության տեղեկատվության ու հասարակության հետ կապերի վարչությունը, իսկ խոսնակը միայնակ ֆիզիկապես ի վիճակի չէ մի ամբողջ վարչության գործառույթ իրականացնել:

Ինչևէ, փաստ է, որ Կարեն Անդրեասյանը արդարադատության նախարար է դարձել 2021թ. օգոստոսի 3-ին ու, փաստորեն, ՀՀ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանին անմիջապես դարձրել նախարարի խորհրդական:

Մանկավաճառության գործը հիմա դատարանում է, ու դատարանը կորոշի՝ մեղավո՞ր է ՔԿԱԳ գործակալության նախկին պետը, թե՞ ոչ: Այս պահին չխախտելով Անի Մխիթարյանի անմեղության կանխավարկածը՝ փաստենք, որ մանկավաճառության գործով կազմակերպված խմբի անդամ հանդիսացող անձը ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականն է:

Հ.Գ. Ի դեպ, պատասխանելով այն հարցին, թե ինքն ի՞նչ առնչություն ունի մանկավաճառության գործին, արդարադատության նախկին փոխնախարար, գործող Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կատեգորիկ հերքել էր իր կապն այդ թեմայի հետ:

Հավանաբար մարդկանց շփոթության մեջ է գցել Անի Մխիթարյանի և Քրիստինե Գրիգորյանի վաղեմի մտերմությունը և գործընկերությունը:

Հատկանշական է, որ 168.am-ի տեղեկություններով՝ Քրիստինե Գրիգորյանը ընկերուհուն՝ մանկավաճառության գործով մեղադրյալ Անի Մխիթարյանին կնշանակի ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար:

Տեսանյութեր

Լրահոս