Քրիստիննե Գրիգորյանի՝ ՄԻՊ դառնալու առաջին բաց թողած հնարավորությունը

Այսօրվա հանրահավաքից առաջ հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):

Սա ՀՀ սահմանադրական անկախ մարմնի հայտարարություն է երկրում ստեղծված բարդագույն իրավիճակի պայմաններում ու այսօրվա հանրահավաքից առաջ, որին ընդառաջ իշխանությունները, մեկը մյուսին հերթ չտալով, առանց իրենց ուղղակի պարտավորությունների գիտակցման ու այդ մասին խոսելու, «սպառնում են» հանրահավաքի կազմակերպիչներին, ոստիկանությունն Արցախից Հայաստան «բերվող» գնդացիրներ է հայտնաբերում, դատախազությունն ու ԱԱԾ-ն էլ իրենց հերթին են ողջ պատասխանատվությունը բարդում ընդդիմության վրա:

Վերադառնանք Քրիստիննե Գրիգորյանի հայտարարությանը:

Նախ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը գրում է.

«Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա»:

Այս տողերով Քրիստիննե Գրիգորյանն ակնհայտորեն ակնարկելով, որ զոհված զինծառայողների հարազատներին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համար, սակայն «մոռանում է» նշել, որ Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն պարտավոր էին անհապաղ ընթացք տալ այդ մարդկանց պահանջներին՝ լարվածությունը մեղմելու համար:

Հաջորդիվ գրում է՝ «Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը»:

Ճիշտ է ասում, իսկ ինչո՞ւ ՄԻՊ-ը չի հիշում, որ նման դեպքերում պատասխանատվության բեռը պետության վրա է, պետությունն ինքը պետք է նախաձեռնի նման քննարկումներ, անձամբ ինքը՝ ՄԻՊ-ը, պետք է նման քննարկումներ կազմակերպեր, իր վրա վերցներ հանրային կոնսոլիդացիա ունենալու ծանր փորձ կատարելու բեռը:

«Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել»,- գրում է ՄԻՊ-ը, և ոչ մի բառ այն մասին, որ ԶԼՄ-ները երեկվանից գրում են, իսկ այսօր արդեն լի են տեսանյութերն այն մասին, որ իշխանությունները մարզերում ոստիկանական տեռոր են իրականացնում՝ խոչընդոտելով մարդկանց ազատ տեղաշարժին, անցակետեր տեղադրելով, փակելով ճանապարհները, որ չգան, չմասնակցեն այսօրվա հանրահավաքին:

Ի վերջո, ո՞վ, եթե ոչ՝ պետությունը, պետք է օգնի քաղաքացիներին իրացնել իրենց քաղաքական իրավունքները:

Եվ վերջում:

«Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք». ՄԻՊ գրառման ավարտն է: Եվ այստեղ մի խորհուրդ Քրիստիննե Գրիգորյանին: Վստահաբար իր ֆեյսբուքյան ընկերների թվում են կառավարող ուժի բոլոր պատգամավորները, բազմաթիվ համակիրներ: Մեծ ցանկության դեպքում կարող է տեսնել՝ ինչ հակաարցախյան թույն ու ատելություն է նրանց էջերից հորդում երեկվանից: Միգուցե այդ ժամանակ հասցեական հայտարարություններ աներ:

Կամ կարող է այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջ, ուր տեղադրված է հավաքական ՔՊ-ականների կարծիքն արցախցիների մասին: Երկրում իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի սցենարներով, իսկ Աստված մի արասցե, վատագույն սցենարների պատասխանատուների թվում կարող է լինել նաև գործող ՄԻՊ-ը՝ իր միակողմանի հայտարարություններով, պահի կարևորությունը չգիտակցելու կամ գիտակցաբար սրելու անհեռանկար քաղաքականությամբ:

Ի վերջո, եզակի ու բացառիկ հնարավորություն ունի ՄԻՊ դառնալու: Կարող է փորձել:

Տեսանյութեր

Լրահոս