«Քֆուրի հոդվածն» ու ապագա ՄԻՊ-ը, կամ ինչո՞ւ էր Քրիստինե Գրիգորյանը սրտիկել Էդմոն Մարուքյանի լայվը
Դեկտեմբերի 3-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Քրիստինե Գրիգորյանը արդարադատության նախարարի առաջին տեղակալն է… Ապրիլի 6-ից… Դրանից առաջ տեղակալ էր: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը շուտով Արման Թաթոյանի փոխարեն իշխող խմբակցության կողմից կներկայացվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
Ի դեպ, Արման Թաթոյանը ևս մինչև ՄԻՊ դառնալն արդարադատության նախարարի տեղակալ էր: Միայն թե արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը չէր հեղինակել կամ զեկուցել այնպիսի օրենքներ, որոնք հետո խնդրահարույց կարող էին լինել իր հետագա պաշտոնավարման համար՝ որպես Օմբուդսման:
Այս տարվա հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գևորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում էր ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 137.1. հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: Որպես հանցակազմի տեսակ՝ նախատեսվել էր նշված արարքը, ինչպես նաև անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, իսկ որպես առավել ծանր որակվող տեսակ՝ նշված արարքներն անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ միևնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը: Նախագծով նախատեսվում էր նաև հստակեցնել «հանրային գործունեություն» հասկացությունը:
Հարակից զեկուցմամբ Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Փոխնախարարը նշել էր, որ փոփոխությամբ կկանխվի մեր հասարակությունում հայհոյանքն ու նաև անձի արժանապատվությանն անպարկեշտ եղանակով վիրավորանք հասցնելը:
Իր խոսքում նա կարևորել էր հատկապես լրագրողական, քաղաքացիական, իրավապաշտպան հասարակության գործունեության իրականացման համար նախագծով առաջարկվող առավել բարձր պաշտպանությունը:
Ըստ Քրիստինե Գրիգորյանի` պետության պոզիտիվ պարտականությունն է բարենպաստ պայմանների ապահովումը նշված խմբերի մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացման համար:
Օրենքը, իհարկե, ընդունվեց: Վիրավորանքը քրեականացնող օրենքով, որը ժողովրդի մեջ արդեն ստացել է սարկաստիկ «քֆուրի հոդված» անվանումը, նախատեսվում էին ծանր տուգանքներ:
Անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում կկիրառվի տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ):
Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի կարծիքով՝ առաջարկվող սանկցիաները կանխարգելիչ նպատակ ունեն:
Փաստենք, որ ազատ խոսքը քրեականացնող հոդվածի ջատագովներից մեկը, որին, ի դեպ, դեմ էր արտահայտվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ապագա ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն է:
Եվ ահա վերջինիս կողմից ողջունված, դրական փոփոխություն համարվող հոդվածով կան առաջին ձերբակալվածներն ու կալանավորվածները՝ Նարեկ Սամսոնյան, Նարեկ Մանթաշյան:
Անշուշտ, Քրիստինե Գրիգորյանի՝ Օմբուդսման ընտրվելուց հետո ևս կլինեն այս հոդվածով ձերբակալվողներ՝ հատկապես, եթե հաշվի առնենք երկրում ստեղծված ու զարգացող իրավիճակը:
Եվ այս համատեքստում մի պահ պատկերացնենք հետևյալ տեսարանը. «քֆուրի հոդվածի» համազեկուցող արդեն մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը այցելում է Ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) կամ քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)՝ հանդիպելու այդ հոդվածով ձերբակալված կամ կալանավորված անձանց, լսելու նրանց խնդիրները:
Եվ ամենազավեշտալին այս իրավիճակում այն է, որ այս օրենքը 137.1 հոդվածով համալրելու հարցը գտնվում է Սահմանադրական դատարանում (ՍԴ), և միայն ՍԴ-ն կարող է որոշել հոդվածի հետագա ճակատագիրը:
Երեկ antifake.am-ը ֆիքսել էր, թե ինչպես է ապագա ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը «սրտիկել» ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա ձերբակալված Նարեկ Սամսոնյանի ու նրա հետ կապված խմորումների առնչությամբ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերը, որում վերջինս արդարացնում էր նրա ձերբակալությունն ու դրա եղանակները:
Շատերը հավանաբար մտածեցին, թե դա կամ պատահականություն է, կամ մեխանիկական, չգիտակցված, ինքնաբերաբար ընտրություն, սակայն Քրիստինե Գրիգորյանն ըստ էության անսահման գոհ է իր իսկ գովերգած օրենքի կիրառությունից ու դրա հետևանքներից. «սրտիկը», ի դեպ, հոդվածը գրելու դրությամբ դեռ առկա էր:
Ամենևին մտադրություն չունենք արդարացնելու հայհոյանքն ու հայհոյողներին, սակայն հետաքրքիր է՝ երբ այդ «մշակույթը» 2018թ. ապրիլին, իրականացվող իշխանափոխությանը համահունչ, ներմուծվեց մեր քաղաքական-հասարակական կյանք, իշխող ուժի ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև Քրիստինե Գրիգորյանը, այն դատապարտող քանի՞ հայտարարություն արեցին կամ ի՞նչ գործողություններ ձեռնարկեցին, որ բացառեն հայհոյանքն ու ծանր վիրավորանքը մեր կենցաղից ու հանապազօրյա կյանքից:
Բացի դրանից, իսկապե՞ս Քրիստինե Գրիգորյանին թվում է, թե իր վերջին 4 տարիների գործունեությունը համատեղելի է ՄԻՊ պաշտոնի ու գործառույթների հետ… Հազիվ թե: