ՄԻՊ կառույցի ողնաշարն է կոտրվել, սակայն նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ուշքն ու միտքը ֆեյսբուքյան էջը վերցնելն է
Երեկ Մարդու իրավունքների նոր պաշտպան (ՄԻՊ) Քրիստինե Գրիգորյանն անցավ իր պարտականությունների կատարմանը, թեպետ հարցազրույցներում ասում էր, որ փետրվարի 24-ից է ՄԻՊ գրասենյակում աշխատանքի: 168.am-ի տեղեկություններով, սակայն, Ազգային ժողովում այլ կարծիքի են եղել, և գրությունը ՄԻՊ աշխատակազմ այն բովանդակությամբ, որ այլևս Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ ՄԻՊ-ը, ստացվել է փետրվարի 25-ի ամսաթվով:
Այսինքն՝ բոլոր մեղադրանքները, թե Քրիստինե Գրիգորյանին որևէ մեկը ՄԻՊ-ում չի դիմավորել, իրականում անհիմն են. Պաշտպանի գրասենյակում նրան սպասել են փետրվարի 25-ին, այլ ոչ 24-ին, երբ Քրիստինե Գրիգորյանը միայնակ, առանց որևէ մեկի տեղյակ պահելու՝ ներկայացել է Պուշկինի 56/ա:
Փետրվարի 24-ը ՄԻՊ աշխատակազմի զգալի հատվածի համար աշխատանքային վերջին օրն է եղել, և յուրաքանչյուրը զբաղված է եղել իր իրերը հավաքելով:
Նոր ՄԻՊ-ին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է արդեն երեկ, գրեթե գաղտագողի, առանց լրատվամիջոցների ներկայության:
Ավելի ուշ 7 րոպե տևողությամբ ինչ-որ անհասկանալի տեսանյութ տարածվեց ՄԻՊ-ի նորաբաց յութուբյան ալիքում, որի սկզբի 1.14 րոպե տևողությամբ հատվածը, ըստ երևույթին, «մոռացել էին» մոնտաժի ժամանակ հանել:
Ինչևէ, Հակոբ Արշակյանը նախ նշեց, որ առաջին անգամ է Օմբուդսմանի գրասենյակում, հետո ասաց, որ իր՝ այդտեղ գտնվելու առիթը նոր Օմբուդսմանին ներկայացնելն է, որն ընտրվել է Ազգային ժողովում, փակ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների բարձր վստահությամբ՝ մոռանալով, սակայն, նշել, որ Քրիստինե Գրիգորյանն ընդամենը ՔՊ-ական պատգամավորների բարձր վստահությունն է վայելում, իսկ մյուս երկու ընդդիմադիր խմբակցություններն առհասարակ չեն մասնակցել նրա ընտրությանը:
«Մենք գիտենք, որ հատկապես 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիների ընտրական իրավունքների, կարելի է ասել, համակարգային, հեղափոխական փոփոխություններ են եղել, և ներկա քաղաքական իշխանությունը ջատագովն է Հայաստանում դեմոկրատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, ընտրական համակարգի, ինչպես նաև դատաիրավական համակարգի՝ այս համատեքստում փոփոխություններին և բարեփոխումներին, և այս առումով ՄԻՊ գործունեությունն ու գրասենյակի պրոֆեսիոնալ, անաչառ գործունեությունը չափից դուրս կարևորում ենք»,- Քրիստինե Գրիգորյանին ներկայացնելիս իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխխոսնակը՝ նկատելով, որ այդ առումով ուզում է իր կարծիքն արտահայտել նոր ընտրված Օմբուդսմանի վերաբերյալ:
Հակոբ Արշակյանը նշեց, որ Քրիստինե Գրիգորյանին ճանաչում է՝ որպես մարդկային լավագույն արժեքների կրող, ազնիվ, անաչառ և իր աշխատանքի նկատմամբ խիստ պատասխանատու անձնավորություն:
Իր հերթին՝ Քրիստինե Գրիգորյանը հիշեց, որ նախորդ օրը թեթև առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ, նաև առիթ է ունեցել իրենց աշխատանքը ՄԻՊ գրասենյակում տարբեր պատճառներով դադարեցրած աշխատակիցների հետ շփվել։ Նա ասաց, որ շատ է կարևորում ՄԻՊ ինստիտուտի ամրությունը, ու շնորհակալություն հայտնեց Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին, երբևէ ՄԻՊ-ում աշխատած բոլոր աշխատակիցներին՝ իրեն նախորդած 4 Պաշտպաններին հիշելու համար:
«Այնուամենայնիվ, այս օրերի մեր քննարկումները նաև ցույց են տալիս, որ հաստատության շարունակական կայացման համար դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, և հույս ունեմ, որ միասնական ու համատեղ աշխատանքի միջոցով, մեր բոլոր նվիրումով մենք մեր ինստիտուտը ավելի բարձր պրոֆեսիոնալիզմի, ավելի բարձր հեղինակության ենք հասցնելու»,- ասել է Մարդու իրավունքների նոր Պաշտպանը:
Իր խոսքի ավարտին Քրիստինե Գրիգորյանը կարևորեց Օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցությունը:
Քրիստինե Գրիգորյանի նախընթաց ճանաչողական այցը ՄԻՊ գրասենյակ հաճելիներից չի եղել. Նա շրջել է աշխատասենյակներով, տեսել կիսադատարկ սենյակներ:
Ընդհանուր առմամբ նախկին Պաշտպան Արման Թաթոյանի հետ հեռացել են ՄԻՊ մոտ 25 աշխատակիցներ, առաջիկա շաբաթում ևս 10-ը կլքեն իրենց աշխատավայրը: Միայն թե ոչ թե, ինչպես Քրիստինե Գրիգորյանն է ասում, տարբեր պատճառներով, այլ կոնկրետ մեկ պատճառով:
Մեր տեղեկություններով՝ նախկին ՄԻՊ-ը աշխատակիցներին հորդորել է մնալ, օգտակար լինել կառույցին, սակայն ապարդյուն. Մարդիկ պարզապես չեն ցանկացել աշխատել նոր Պաշտպանի հետ:
Ուշագրավ է, որ բացի բաժինների ու վարչությունների պետերից, գլխավոր քարտուղարից, տեղակալներից ու օգնականներից, նոր ՄԻՊ-ի հետ հրաժարվել են աշխատել նաև բազմաթիվ այլ աշխատակիցներ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բոլորն էլ աշխատանք են գտել, անգործ չեն:
Մարդու իրավունքների պաշտպանի ombuds.am պաշտոնական կայքում այս պահին թափուր են քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության, քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտների ղեկավարների, գլխավոր քարտուղարի, նրա տեղակալի, Պաշտպանի երկու խորհրդականների, 3 օգնականների, ազդարարման մասնագետի, կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի, հանրային կապերի, երեխաների իրավունքների բաժինների պետերի հաստիքները:
ՄԻՊ գրասենյակի կառուցվածքին քիչ թե շատ ծանոթ ցանկացած անձ գիտի, որ սրանք ՄԻՊ գրասենյակի ողնաշարն են, ամենաառանցքային պաշտոնները, որոնց ուսերին է աշխատանքի ծավալի գերակշիռ ու ծանրագույն մասը:
Հասկանալի է, որ Քրիստինե Գրիգորյանը աշխատակազմը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու խնդիր ունի, սակայն այս պահին կարծես թե նրա մտահոգության կարևորագույն առարկան Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը վերադարձնելն է՝ իր շուրջ 54․000 հետևորդներով, ինչը փորձում է անել տարբեր մարդկանց ու կառավարական կազմակերպությունների դիմելով:
«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հարգելի հետևորդներ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան-Human Rights Defender of Armenia) ստեղծվել և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։
Այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։ Հարցն առաջիկա օրերի ընթացքում կփորձենք լուծել, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- Պաշտպանի պաշտոնական կայքում նման իրազեկում էր հրապարակել նոր պաշտպանը:
168.am-ի տեղեկություններով՝ ՄԻՊ ներկայիս ֆեյսբուքյան էջը բացվել է Արման Թաթոյանի պաշտոնավարման օրոք, քանի որ նախորդը նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր հետ տարել էր ու հետագայում դարձրել իր անձնական բիզնեսի՝ «AM» իրավաբանական գրասենյակի էջը:
Մեզ ասացին՝ նոր էջը բացվել ու զարգացվել է գլխավորապես անձնական միջոցներով: Կարծես թե նաև տեխնիկական խնդիր կա, ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում այն չի կարող վերադարձվել:
Բացի դրանից, ՄԻՊ կառույցը Խորհրդարան ու Կառավարություն չէ, այն անձնավորված կառույց է, ու այդպես է ողջ աշխարհում: Տեղեկություն կա, որ այդ էջն առհասարակ կփակվի, այսինքն՝ այն չի ծառայի այլ շահերի, չի օգտագործվի անձնական կամ բիզնես նպատակներով: ՀՀ 4-րդ ՄԻՊ Արման Թաթոյանն այլևս չի պաշտոնավարում, հետևաբար՝ ֆեյսբուքյան էջը ևս դուրս կգա շրջանառությունից:
Բնական է, որ Քրիստինե Գրիգորյանի մոտ անզուսպ մղում կա ձեռքի տակ եղած պատրաստի ռեսուրսով արագ կազմակերպել իր PR-ը, սակայն, թերևս, նոր պաշտպանի առաջնահերթությունների թվում սա չպետք է լիներ, հատկապես որ, թվիթթերյան էջը, օրինակ, ինչպես նաև այլ խմբեր, հանձնվել են իրեն: