Բաժիններ՝

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար, ապօրինի որդեգրումներով անցնող Անի Մխիթարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Քիչ առաջ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Վերահաստատվել է, որ մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանի մասին է, ով մինչ ընկերուհու՝ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի կողմից այս պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստանալն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետը:

168.am-ը դեռևս ուղիղ երկու ամիս առաջ էր գրել այն մասին, որ ՄԻՊ բարձրաստիճան պաշտոնյան որպես մեղադրյալ է անցնում երեխաների ապօրինի որդեգրման գործով:

Ի դեպ, ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնից Անի Մխիթարյանն ազատվել էր գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո:

Հատկանշական է, որ պատասխանելով այն հարցին, թե ինքն ի՞նչ առնչություն ունի մանկավաճառության գործի հետ, արդարադատության նախկին փոխնախարար, գործող Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կատեգորիկ հերքել էր իր կապն այդ թեմայի հետ:

Հավանաբար մարդկանց շփոթության մեջ է գցել Անի Մխիթարյանի և Քրիստիննե Գրիգորյանի վաղեմի մտերմությունը և գործընկերությունը:

Հիմա փաստորեն գնդակը դատախազության դաշտում է, և գործը հսկող դատախազը կորոշի՝ գործն ուղարկում է դատարա՞ն, թե՞ հետ է ուղարկում նախաքննության մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս