Թե ինչպես ՍԴ-ն որակազրկեց ապագա ՄԻՊ, «պոլիգլոտ» Քրիստինե Գրիգորյանի ներկայացրած հայերեն թարգմանությունը

Այսօր ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը ներկայացնում էր Մարդու իրավունքների պաշտպանի՝ (ՄԻՊ) իր թեկնածուին՝ արդարադատության նախարարի ներկայիս առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանին:

Վերջինիս ներկայացնելու  ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ի թիվս թեկնածուի այլ արժանիքների, ասաց նաև, որ Քրիստինե Գրիգորյանը տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին, արաբերենին և գերմաներենին:

«Ես մեկ-մեկ հումորով ասում եմ, որ իսպաներենին և չինարենին էլ որ տիրապետեր, մեր թեկնածուն ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով կխոսեր»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Անշուշտ, անգլերենը ՄԻՊ-ի համար հիմնական աշխատանքային լեզուն է, և ըստ ամենայնի՝ պարտադիր է նաև, որ Պաշտպանը տիրապետի անգլերենին, և առհասարակ որքան շատ լեզու իմանա, այնքան իր և բոլորիս համար լավ:

Բայց Վլադիմիր Վարդանյանի՝ Քրիստինե Գրիգորյանին պոլիգլոտ ներկայացնելու փորձը մեզ հիշեցրեց մի ոչ վաղ անցյալի չափազանց հետաքրքիր դրվագ ՄԻՊ թեկնածուի աշխատանքային կենսագրությունից:

2020թ. փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանը քննում էր՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ ՀՀ Սահմանադրությանը:

Կառավարության ներկայացուցիչն այդ նիստին արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն էր:

Դրանից ուղիղ մեկ ամիս առաջ այդ գործով արդեն իսկ նիստ նշանակված է եղել, և ՍԴ-ն կառավարության ներկայացուցչին ասել էր, որ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության մեջ շատ կոպիտ անճշտություններ կան, թարգմանական սխալներ, ու առաջարկել են փոխել դրանք ու գրավոր ներկայացնել Բարձր դատարանին:

«Հայերեն պաշտոնական թարգմանության մեջ կան ձևակերպումներ, որոնք խեղաթյուրում են պարտավորության իմաստը, և դրա սահմանադրականության գնահատման հետ կապված՝ խնդիրներ են առաջանում»,- ասել էր ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

Չէին ներկայացրել: Ի պատասխան՝ մեկ ամիս անց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասել էր, որ հայերեն տարբերակը համադրել է անգլերեն տարբերակի հետ, և այդ համադրված ընթերցանությունն իրենց հիմք է տվել ասելու, որ թարգմանության փոփոխությունների կարիք իրենք առնվազն չեն տեսնում:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը ստիպված էր ընթերցել այն հոդվածները, որոնցում իրենք թարգմանչական անճշտություններ էին գտել՝ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ կետը, 20, 21-րդ հոդվածները և այլն:

Արդարադատության փոխնախարարը մասնավորապես շփոթել էր «որակազրկել» և «դադարեցնել» բառերը, որոնք իրավաբանության մեջ ծայրահեղ տարբեր բովանդակություն ունեն, իսկ «տիրապետել» բառը թարգմանել էր «տնօրինել»:

Արևիկ Պետրոսյանը հաջորդիվ հառ առ հատ ներկայացրեց անգլերեն ու հայերեն տարբերակների տարբերությունները, մատնանշեց, թե ինչու է հայերենում նախարարության ընտրած տարբերակը սխալ:

Այնուամենայնիվ, անգամ այդ օրինակները Քրիստինե Գրիգորյանին չստիպեցին ընդունել իրենց սխալը, վերջինս նշել էր, որ իրենք փոխելու բան չունեն, խնդրեց տեքստը դիտարկել այն տեսքով, ինչպես որ այն ներկայացվել է:

Ի վերջո, ստիպված եղավ միջամտել ՍԴ նախագահը ու ճշտող հարց ուղղեց՝ ընդունո՞ւմ եք այն, որ այս համաձայնագրի սահմանադրականությունը գնահատելիս պետք է ընդունի հենց հայերեն տեքստը, և դրական պատասխան ստանալուց հետո ընթերցեց Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 3-րդ կետը, ուր ոչ թե մեկ բառը, այլ ամբողջ նախադասությունը և, ուրեմն, բովանդակությունը հայերեն չէր:

Ինչևէ, ՍԴ-ն վերահաստատեց իր դիրքորոշումը՝ ՍԴ-ն չի կարող այս տեքստով ստուգել Կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը, և կառավարությանը, ի դեմս Քրիստինե Գրիգորյանի, 2-րդ հնարավորություն տվեց՝ մինչև ԱԺ ուղարկելը շտկել թարգմանչական սխալները ու հայերեն անխոցելի տեքստ բերել:

 

Տեսանյութեր

Լրահոս