Պետք է նայենք՝ ինչպիսի մասնագիտական, ամբոխի կառավարման թրեյնինգներ են պետք ոստիկանությանը, որովհետև ժամանակակից ոստիկանությունը պիտի կարողանա ամբոխի կառավարման ճիշտ տակտիկաներ բանեցնի. ՀՀ ՄԻՊ
Գործադրի իմ կոլեգաների՝ նախարարների հայտարարություններին ծանոթ չեմ ու ինչին ծանոթ չեմ, չեմ կարող մեկնաբանել:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին ոստիկանների գործողությունների վերաբերյալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը:
Վերջինս ասաց՝ առիթից օգտվելով՝ կներկայացնի ՄԻՊ գնահատականները: Նա հիշեցրեց՝ գրեթե մեկ ամիս շարունակ իրենք ներկայացրել են տվյալ օրվա ամփոփ գնահատականը, և հունիսի 3-ն այդ առումով բացառություն չէ:
«Մենք արձանագրել էինք, որ որոշ դեպքերում ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել էր անհամաչափ, այսինքն՝ դա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ոստիկանի օրինական պահանջը կատարելուց հրաժարված անձին ոստիկանությունը բերման է ենթարկում, և այդ պահին անձը գտնվում է բացարձակ իրենց տիրապետության ներքո, և այդ պահին կիրառված ուժն անհրաժեշտ, պիտանի չէ: Ըստ այդմ դա կոչվում է անհամաչափ ուժ անձանց բերման ենթարկելու»,- ասաց Պաշտպանը:
Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ միևնույն ժամանակ իրենք արձանագրել են, որ բերման ենթարկված անձանց վրա եղած մարմնական վնասվածքի հետքերը նույնպես վկայում էին, որ այդ հրմշտոցի ու բերման ենթարկելու ընթացքում եղել էր ուժի կիրառման անհամաչափություն:
«Մենք միևնույն ժամանակ արձանագրել էինք նաև ոստիկանության ծառայողների կողմից ստացված վնասվածքների բնույթի, դրանց ինտենսիվության ու թվի վերաբերյալ: Եվ մեդիայի ու տեսանյութերի ուսումնասիրությունը մեզ էլ էր համոզել, որ այնտեղ կոնկրետ կար ոչ խաղաղ մոտեցում կամ բռնության նպատակադրում, և որն արտահայտվում էր ոստիկանության ծառայողների կողմից փակված Դեմիրճյան փողոցի կողմ, դեպի ոստիկանության ծառայողներ քարերի ու տարբեր առարկաների նետումներով: Ընդ որում, նետում էին քարեր, շշեր ու մետաղական առարկաներ, բայց նաև տեսել էինք, որ շատ դեպքերում անձանց կողմից, ովքեր ոստիկանական բարիերից այս կողմ էին, նույնպես կային շշերի նետումներ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Ըստ նրա՝ իրենք արձանագրել են նաև սա, որ խաղաղ հավաքի խաղաղ ընթացքը չի ենթադրում նման տեսակ բռնության կիրառում կամ նման տեսակ դիմադրություն ոստիկանության կողմից:
«Միևնույն ժամանակ մենք պահանջել էինք պարզաբանումներ ոստիկանությունից, ըստ Ոստիկանության մասին օրենքի՝ կիրառված հատուկ միջոցների էության մասին: Արդյոք ոստիկանությունն ինչպես էր գնահատել և ինչ չափանիշներով էր գնահատել հատուկ միջոցի կիրառման անհրաժեշտությունը, որովհետև ամեն դեպքում օրենքը պահանջում է, որ ոստիկանության ծառայողը և ոստիկանությունն ինքը բավարար անհրաժեշտ նվազագույնի տրամաբանությամբ գնահատի իրավիճակը և առաջին հերթին նախազգուշացնի կամ բացառիկ դեպքերում հատուկ միջոցի կիրառման մասին նախազգուշացնի, բավարար ժամանակ տա»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքը նաև հնարավորություն է տալիս առանց նախազգուշացնելու կիրառել հատուկ միջոցը, եթե դա ուղղակիորեն անհրաժեշտություն է և բխում է իրավիճակի էությունից:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանությունից նշված հարցերի վերաբերյալ դեռ իրենց ուղղած հարցերի պատասխանները չեն ստացել:
«Բայց ես տեսա ոստիկանության պարզաբանումն այդ առումով, որտեղ որ հիմնավորվում էր՝ որոշակիորեն քարերի, մետաղական առարկաների նետումը ոստիկանության ծառայողների կողմից ստացած վիրավորումներով: Մենք նաև հարցրել էինք՝ արդյո՞ք հունիսի 3-ի իրադարձությունների հետ կապված որևէ ծառայողական քննություն կամ որևէ կարգապահական միջոցառում կամ քրեական գործ հարուցվել է ոստիկանության որևէ ծառայողի նկատմամբ, թե՞ ոչ: Այս առումով սպասում ենք պատասխանների»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Հարցին՝ արդյո՞ք ինչպես նախարարները, ինքն էլ ոստիկանների գործողությունները ժողովրդավար է համարում ու հիացա՞ծ է նրանց գործողություններից, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց՝ իրականում պետք է օբյեկտիվորեն հասկանալ անհնազանդության ակցիաների տևականությունը, ասաց, որ յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, ու պիտի հասկանանք, որ ոստիկանությունը գործում է շատ չափազանց ծայրահեղ, նաև երկուստեք բևեռացված մթնոլորտում՝ թե ընդդիմության կողմից, և թե իշխանական դերակատարների կողմից:
«Ոստիկանության համար մշտապես, և աշխարհում դա կանոն է, որ որևէ նման անհնազանդության ակցիա հեշտ առաջադրանք չէ: Բայց այստեղ ամենակարևորն այն է արձանագրելը, որ որոշ դեպքերում եղել են ոստիկանության ծառայողների կողմից օրենքի խախտումներ: Որոշ դեպքերում հայտարարվեց, որ կարգապահականներ են հարուցվել, կան քրեական վարույթներ հարուցված: Մեր պահանջն է, որ յուրաքանչյուր առանձին դեպք քննվի և պատշաճ իրավական գնահատական տրվի թե ոստիկանության ծառայողի վարքագծին, և թե նաև դրա հետևանքներին: Ու նաև անպայման, բացի անհատական կարգապահական միջոցներից, մենք պետք է նայենք՝ ինչպես չկրկնվեն այս դեպքերը, և պիտի նայենք՝ ինչպիսի մասնագիտական, ամբոխի կառավարման թրեյնինգներ են պետք ոստիկանությանը, որովհետև ժամանակակից ոստիկանությունը պիտի կարողանա ամբոխի կառավարման ճիշտ տակտիկաներ բանեցնի, որովհետև շատ դեպքերում ոստիկանության ծառայողների մեծաթիվությունը նաև վկայում է այն մասին, որ որոշակի տակտիկական հնարքները, դրանց մասին գիտելիքները բավարար չեն»,- ասաց Պաշտպանը:
Քրիստիննե Գրիգորյանը ցանկացավ հատուկ շեշտել, որ ոստիկանության ծառայողի համար, հատկապես նման բևեռացված իրավիճակում, պահանջվում է ծայրահեղ զսպվածություն:
«Եվ, օրինակ, ես մեր պարեկային ծառայության փորձառությունից գիտեմ, որ սրա վրա շատ հատուկ ուշադրություն էինք դարձնում՝ հաղորդակցության, երկխոսության, բնականաբար, ցույցերի դեպքում սա այլ ինտենսիվություն է ենթադրում, և ամենակարևորը, տակտիկաների ու նաև սառնասրտության առումով: Սա նաև ոստիկանի ճիշտ կերպարն է, որովհետև դա մասնագիտական ծառայողի կերպար է»,- ասաց ՄԻՊ-ը՝ նշելով՝ մեր ոստիկաններն այս առումով դեռ անելիք ունեն:
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին հարցրեցին նաև՝ նորմա՞լ է, երբ նախարարները գնահատական են տալիս ոստիկանության ծառայողների աշխատանքին, ասել, որ նրանք փայլուն են աշխատել:
«Իրականում ես նորից կրկնեմ՝ չեմ տեսել, լսել նախարարների գնահատականները ու չէի ցանկանա մեկնաբանել, բայց մի բան պարզ է, որ քաղաքական գործիչները, իսկ նախարարարները քաղաքական գործիչներ են, պիտի անեն քաղաքական հայտարարություններ, ինչը, թերևս, անում են: Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքում այն, որ արդեն ոստիկանության կողմից կարգապահական վարույթներ են հարուցվել, ընթացիկ քրեական գործեր կան, փաստ է, և դրա մասին հայտնել են դատախազությունը, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը: Սրանք այն օրինակներն են, որոնց հետևից պետք է գնանք բոլորս՝ որպես իրավունքի գերակայության երկիր, և հետամուտ լինենք, որ օրինականությունն իրականում կայանա: Դրանով մենք ոստիկանությանը չենք նվաստացնում, հակառակը, օգնում ենք, որպեսզի ոստիկանությունը ռեֆլեկցիա անի իր զարգացման ուղղությամբ: Բնականաբար, ժամանակակից բոլոր պետությունների դեպքում էս արտաքին, էս ամբոխի կառավարումը շատ ծանր բան է»,- եզրափակեց Քրիստիննե Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում