Հայաստանը «կոմերցիայով» զբաղվելու իրավունք չունի
«Այս երկիրը գտվում է բավականին բարդ իրավիճակում, և նրան ցանկացած պահի կարող է պետք գալ ռազմական, քաղաքական օգնություն։ Երևանում չպետք է կասկածեն, որ անվտանգության երաշխիքներ տրամադրում է ոչ թե Եվրամիությունը, այլ Ռուսաստանը, այդ թվում` ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունների համատեքստում։ Հայաստանի քաղաքական գործիչները, ովքեր հրաժարվում են լրջորեն դիտարկել եվրասիական ինտեգրացիայի տարբերակը, հնարավոր է` ենթադրում են, որ անվտանգության հարցերում Հայաստանին պետք է օգնի Ռուսաստանը, իսկ ահա տնտեսության առումով` նրանք կարող են գնալ Եվրամիություն։ Ինձ համար հասկանալի չէ` ինչո՞ւ են նրանք կարծում, որ Ռուսաստանում դա մեզ չպետք է անհանգստացնի»։
Հիշո՞ւմ եք` ով է այս խոսքերի հեղինակը։ Այո, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ով 2013 թվականի հուլիսին «Regnum»-ի հետ զրույցում արտահայտել էր այս մտքերն ու այլ ուշագրավ մտքեր։ Իսկ ինչո՞ւ կրկին հիշեցինք Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ համարվող այս մարդու խոսքերը։ Որովհետև այն վերաիմաստավորվում է` հատկապես վերջին օրերին կատարվող իրադարձությունների համատեքստում։
Սակայն ամեն ինչ` հերթով։
Նախ` փորձենք կրկին մարսել Զատուլինի ասածը։ Նա, ըստ էության, պնդում էր, որ տնտեսությունն ու քաղաքականությունը, տնտեսությունն ու անվտանգությունը չի կարելի տարանջատել։ Նա հերքում էր, որ տնտեսական հարաբերությունները կարելի է զարգացնել մեկ այլ երկրի կամ կենտրոնի հետ` միաժամանակ լավ հարաբերություններ պահպանելով մյուսի հետ։ Մինչ այդ ՀՀ իշխանություններն իրար հերթ չտալով` ապացուցում էին, որ «և-և» տարբերակը կենսունակ է. կարելի է տնտեսապես ինտեգրվել Եվրոպային (որովհետև այդպես ավելի ձեռնտու է), և պահպանել դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Զատուլինն ու մյուս միսիոներները, սակայն, հարցը կտրուկ դրեցին` կա՛մ մեզ հետ եք` և՛ տնտեսապես, և՛ քաղաքապես, կա՛մ մեզանից չփոշմանեք (հիշեցնելով նաև ԼՂ հակամարտությունը)։ ՀՀ իշխանությունն, ի վերջո, տեղի տվեց ճնշմանն ու հրաժարվեց Ասոցիացման համաձայնագրից։
Հիմա վերադառնանք մեր օրերը։ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Բաքվին 100 հատ T-90C տանկ է մատակարարել: Երեկ «Հետքը» հարց է ուղղել իր մտածելակերպով և աշխարհայացքով Զատուլինից գրեթե չտարբերվող մեկ այլ մարդու` Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Իվան Վոլինկինին` արդյոք բարեկամ Ռուսաստանը ճի՞շտ է վարվում, երբ այս անգամ էլ տանկ է վաճառում Ադրբեջանին։ Վոլինկինը պատասխանել է. «Դա կոմերցիոն հարց է, քաղաքականություն այստեղ չկա: Եվ պետք չէ այդ հարցերի վրա ուշադրություն սևեռել: Այնպես որգ Ես այստեղ կրիմինալ չեմ տեսնում, վտանգավոր որևէ բան չի կատարվում, դա պարզապես կոմերցիոն գործարք էր, Հայաստանի հետ էլ մեզ կապում են ռազմատեխնիկական հարաբերությունները, զենքի վաճառք կրկին այս դեպքում էլ կա, այնպես որ, որևէ արտառոց բան չկա»:
Զգացի՞ք տարբերությունը։ Հանկարծ պարզվեց, որ կոմերցիան, տնտեսությունն իր տեղն ունի, քաղաքականությունը` իր։ Որ երկիրն իրավունք ունի կոմերցիոն շահեր հետապնդել` անկախ նրանից, դա ում դուր կգա, ում` ոչ։
Իսկ համադրելով այս երկուսի` Զատուլինի և Վոլինիկինի խոսքերը, գալիս ենք մեկ եզրակացության` նման իրավունք ունի միայն Ռուսաստանը։ Այսինքն` տնտեսական շահերն ավելի կարևոր են… եթե դրանք Ռուսաստանի շահերն են։ Հայաստանն իրավունք չունի խորացնել առևտրային հարաբերությունները քաղաքակիրթ Եվրոպայի հետ, անգամ «անշառ» ապրանքների մասով։ Որովհետև ռուսները կվիրավորվեն ու կխանդեն։ Իսկ ահա Ռուսաստանն իրավունք ունի սեփական փողի համար զենք վաճառել Ադրբեջանի պես երկրին։ Սա հիշեցնում է ամերիկյան ֆիլմերում հաճախակի հնչող արտահայտությունը, երբ ֆիլմի հերոսն ասում է` «Ничего личного, просто бизнес»… ու գնդակահարում է հակառակորդին։
Ինչ խոսք, բնական է, որ Ռուսաստանի համար (ինչպես և ցանկացած երկրի) առաջնահերթն իր շահերն են։ Անբնականը մեր արձագանքն է, իսկ ավելի ճիշտ` ադեկվատ արձագանքի բացակայությունը։
Վոլինիկինի արտահայտությունից վիրավորվել կամ նեղանալ չի կարելի, որովհետև ՀՀ իշխանությունները ոչ միայն որևէ հրապարակային բողոք չեն արտահայտում նման «կոմերցիոն գործարքների» դեպքում, այլև ամեն գնով արդարացնում են Ռուսաստանին (հիշենք «Սմերչի» վաճառքը, երբ բողոքելու փոխարեն մեր ռազմական փորձագետներն ապացուցում էին, որ «Սմերչն» այնքան էլ հզոր զենք չէ)։ Թեպետ առողջ տրամաբանությունը պետք է հակազդեցության մղեր, եթե անգամ վաճառվածը պարսատիկ լիներ։
Ընդ որում, հարցը միայն զենքի վաճառքին չի վերաբերում։ Մենք չենք նեղանում` «Գույք պարտքի դիմաց» կոչվող հատուկ օպերացիաներից, չենք խանդում, երբ ուրիշների միլիարդանոց պարտքերը ներվում են, մեր դեպքում` ոչ։ Մենք զիջում ենք «ՀայՌուսգազարդի» 20% բաժնամասը ու դա ներկայացնում` որպես դարի խոշորագույն հաջողություն` փայլուն բանակցությունների արդյունք։ Կիսով չափ դատարկ բաժակը մեզ համար միշտ կիսով չափ լիքն է, եթե բաժակը ռուսական արտադրության է։ «Գազպրոմ Արմենիա», «ԱրմենՏել», «ՎիվաՍել», «ՎՏԲ-Հայաստան բանկ», Հարավկովկասյան երկաթուղի, «Աերոֆլոտ», «ՌոսՏելեկոմ», «Ռուսական ալյումին», «Գեոպրոմայնինգ»…
Այս ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանով սահմանափակվենք։ Ի՞նչն է միավորում այս ընկերություններին։ Ճիշտ գուշակեցիք, սրանք բոլորը պատկանում են ռուսական կապիտալին։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Իհարկե լավ է, դա խոսում է մեր փայլուն հարաբերությունների մասին։
2007 թվականի դրությամբ Հայաստանում գրանցված էին ռուսական կապիտալի մասնակցությամբ 852 ձեռնարկություններ,իսկ 2013-ի դրությամբ Հայաստանում գործում էին ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություններ (երկու թվերն էլ հնչեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը)։ 6 տարվա ընթացքում Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների թիվն ավելացել է 448-ով կամ 1.5 անգամ։ Դժվար է գտնել ուրիշ ուղղություն, որտեղ նման տպավորիչ աճ ունենանք։
Իրականում սա պետք է մեզ մտահոգվելու տեղիք տար, քանի որ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները պատկանում են ոչ թե մեզ, այլ օտարներին, և առաջին հերթին ռուսներին։ Սա ոչ թե համագործակցություն է, այլ ՀՀ տնտեսական տարածքի նվաճում։ Ռուսական կապիտալը դարձել է Հայաստանի ամենախոշոր գործատուն։ Հայաստանի էլեկտրական ցանցերն ունի մոտ 7800 աշխատող, այլևս «Գազպրոմ-Հայաստան» անվանակոչված նախկին «ՀայՌուսգազարդը»` շուրջ 6000, «Հարավկովկասյան երկաթուղին»` 4000 աշխատող։
Խոշոր գործատուների թվում են «ԱրմենՏելը», «ՎիվաՍելը» և այլ ընկերություններ։ Իսկ սա նշանակում է ուղղակի վերահսկողության լծակ մի քանի տասնյակ հազար աշխատակիցների նկատմամբ, որոնք միջին խավի կորիզն են։ Սակայն, իհարկե, մենք խոսում ենք այս ցուցանիշների մասին միայն հիացմունքով ու դրական երանգով, քանի որ դրանով ընդգծվում է հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների դինամիզմն ու խորությունը։
Այս ամենից հետո, հետևելով մեր իշխանության և ընդդիմության հայտարարություններին` հարց է առաջանում` ինչո՞ւ է Ռուսաստանն ընդհանրապես մեր երկրում գումար ծախսում ու դիվանագիտական ներկայացուցչություն պահում։ Չէ՞ որ մենք ինքներս ավելի լավ ենք պաշտպանում ռուսական շահերը։