Հայտնի է՝ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եթե անգամ լինում են, ապա օրինաչափությունները հաստատելու համար։ Անպատահականություն քաղաքականությունը նաև խորհրդանիշների զբաղմունք է, իսկ սիմվոլները մեծ նշանակություն ունեն հատկապես արևելյան ժողովուրդների, առանձնապես՝ թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Ահա այս իրողություններում այսօր՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Ասել, որ օրվա ընտրությունը պատահական է, նշանակում է հերքել, որ այդ հանդիպումը քաղաքականության հետ կապ ունի։
ԱԱԾ–ն դեֆորմացվել է այնպես ու այնքան, որ վերածվել է առավելապես Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովող ու նրա ընդդիմախոսներին հետապնդող մարմնի։
Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ներկայումս զբաղված է սեփական երազանքն իրականություն դարձնելով։ Չար լեզուներն ասում են, որ նա երազել է ոչ միայն հասնել իշխանության, այլև դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդը։
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել՝ օգտագործելով մարդկանց ամենաստորին բնազդները՝ ատելությունը, թշնամանքը, նախանձը։ Տարիներ շարունակ գեներացվող այդ բնազդների գագաթնակետը դարձավ 2018-ը, երբ քաղաքացիները պարպեցին ատելությունն ու թշնամանքը՝ ինքնանպատակ մերժման միջոցով։ 2018 թվականի իրադարձությունների հիմքում անթույլատրելի չափաբաժնով բացասական էներգետիկա էր ընկած, որը հետագա չորս տարիներին սուբլիմացվելով ամենատարբեր դրսևորումներով, հանգեցրեց այն աղետալի վիճակին, որում այսօր գտնվում է Հայաստանը։
Հայաստանում հաստատված ճգնաժամը բազմաշերտ է ու բազմամակարդակ։ Ի թիվս կենսական բազմաթիվ ոլորտների՝ պետական կառավարման համակարգ, զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն, ճգնաժամի լրջագույն արտահայտություններ կան նաև հասարակական հարաբերությունների, հանրային բարոյականության, փոխադարձ վստահության հետ կապված հարցերում։
Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինյանը բավական հանգամանորեն անդրադարձել է անբարոյականությանը՝ թեթև վարքի կանանց ու նրանց հոգեբանությանը, իր իսկ կողմից այդ հոգեբանությամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձևակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրություն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտվածք ունեցող մարդու՝ իշխանության գալու դեպքում պետությունը կարող է հայտնվել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եվ հայտնվել է։
Սրանք չոր փաստեր են․ մարդը «Ելք կա» կարգախոսով խցկվել է խորհրդարան, ապա եկել է իշխանության, ինչի արդյունքում տեղի է ունեցել, իր իսկ խոստովանությամբ՝ ՀՀ զինծառայողների ելքն Արցախից և արցախցիների ելքն իրենց բնակավայրերից։ Դա, ի դեպ, կատարվել է ռուս խաղաղապահների և ոչ այնքան խաղաղապահների աչալուրջ հսկողությամբ, որոնք գուցե կռահում են, որ ելքի հաջորդ հրավերը վերաբերելու է Ռուսաստանին։
Նիկոլ Փաշինյանի հաշվարկներն առայժմ իրականանում են։ Բայց նա չգիտի կամ նրան չեն զեկուցել, որ անօգնականությունը՝ թուլացնելով ինչպես մարդուն, այնպես էլ՝ հասարակությանը, իր մեջ նաև ցասում առաջացնելու ներուժ ունի։ Նիկոլ Փաշինյանն ամեն օրվա հետ ավելի է խորացնում մթնոլորտը, որում հասարակությունը կարող է հայտնվել այլևս կորցնելու ոչինչ չունեցողի վիճակում։ Ահա այդ հոգեվիճակը կարող է հանգեցնել հանրային այնպիսի պոռթկման, որի դեպքում Նիկոլ Փաշինյանին չի կարողանա փրկել անգամ Ալիևը՝ Էրդողանի ձեռքը բռնած։
Նիկոլ Փաշինյանի գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում հայ հասարակության առողջության թեստ է։ Այնպես, ինչպես բժշկական ուսումնասիրությունների ժամանակ բացիլի միջոցով փորձում են ստուգել օրգանիզմի դիմադրողականությունը։ Հայ հասարակությունը դեռևս դիմադրում է։ Բայց փորձարկումների ժամանակ պատահում է նաև, որ բացիլը, ի վերջո, սպանում է օրգանիզմը։ Իրադարձություններն առայժմ խոսում են բացիլի՝ Նիկոլ Փաշինյանի հաղթարշավի մասին։
Հայաստանը վերածվել է տարածքի, որտեղ մարդիկ խաղաղ կյանքի պատրանքով ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ հարևանները, ռազմավարական ու սովորական դաշնակիցները, աշխարհը՝ ընդհանուր առմամբ, այլ որոշում չեն կայացրել։ Այդ իներցիայից ամենաշատը շահում է իշխանությունը, որի համար իներցիոն ամեն մի օրը ոչ թե սրճարանում վայելած կապուչինոյի գավաթն է, այլ կոնկրետ փող՝ լազուրյան որևէ բանկային հաշվից հարմար պահի կանխիկացման երաշխավորված հեռանկարով։
Դիակապտողների հասարակության նպատակը մահն է՝ անհատական և հավաքական մահը, որի վերջնարդյունքը լինելու է պետության վախճանը։
Իր վերջին մոնոասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն հայրենիքի դավաճանության շուրջ 50 դեպք է բացահայտել։ Անմիջապես հաջորդ օրը ԱԱԾ-ն հրապարակեց հայրենիքի հերթական դավաճանին բացահայտելու մասին տեսահոլովակը, որում «մեղադրյալը» 2 միլիոն դրամի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Երեկ էլ նույնաբովանդակ մի տեսահոլովակ հրապարակեց արդեն Արցախի ԱԱԾ-ն, որն իբրև թե միանգամից բացահայտել է հայրենիքի ամբողջ 5 դավաճանների։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքն ընթանում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի շուրջ։ Դա միանգամայն հասկանալի է ու տրամաբանական, քանի որ աղետալի պատերազմում կրած պարտությունից հետո այդ պարտության պատասխանատուի ու մեղավորի գտնվելն իշխանության ղեկին հակասում է առողջ բանականությանը։
Հայաստանում առկա է լրջագույն ճգնաժամ, և դա ուղղակի կապ չունի կամ շատ քիչ կապ ունի Երևանի հրապարակներում ընդդիմության կազմակերպած բողոքի գործողություններին մասնակցողների քանակի հետ։ Այդ քանակը ճգնաժամի մակերեսային դրսևորումն է, որն արտահայտվում է ճգնաժամում գտնվող հասարակության համեմատաբար ակտիվ հատվածի ֆիզիկական ներկայությամբ։
Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակության վկայություն է։ Երկրում շարունակում է իշխանություն պահպանել այն ուժը, որի պաշտոնավարման շրջանում հանձնվել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակությունը տվել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիվորեն քննարկվում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը։ Ահա այս իշխանության դեմ պայքարի են դուրս եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնք և որոնց ներկայացուցիչներից ոմանք անբասիր չեն, ունեն ոչ մաքուր անցյալ, կապված են եղել արատավոր երևույթների հետ, և այդպես շարունակ։
Հայաստանում հիմա խառնակ ժամանակներ են, գրեթե ամեն օր տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք նախկինում սենսացիոն կհամարվեին, կարժանանային ամենատարբեր ակտիվիստների, իրավապաշտպանների բողոքի ակցիաներին ու ինքնահրկիզումներին։ Բայց հիմա կատարվող սենսացիաների նկատմամբ ամենատարածված արձագանքը լռությունն է։ Վճարովի լռությունը, ըստ ամենայնի։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Սերժին մերժելու» ալիքով։ Հիմա նա բանականություն ու բարոյականություն ունեցողների կողմից ոչ թե ուղղակի մերժվում է, այլ համարվում է պղծության աղբյուր։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն դալիթ է։ Իսկ Հայաստանի ողբերգությունն այն է, որ, ի տարբերություն Հնդկաստանի, դալիթները ոչ թե արտաքնոցներ են մաքրում, այլ զբաղեցնում են նախարարների, պատգամավորների և այլ պաշտոններ՝ դրանից բխող բոլոր պիղծ հետևանքներով։