Նիկոլ Փաշինյան․ սատանիստը
Նիկոլ Փաշինյանն ամեն օր, ամեն նոր քայլով ու հայտարարությամբ ապացուցում է, որ բարոյահոգեբանական անկումն անհատակ է, և, որ ինքն ունակ է յուրաքանչյուր նախորդ անգամից ավելի ներքև իջնելու։ Նա դա անում է ցուցադրաբար, տասնյակների ստրկահայացք ներկայությամբ և ուղիղ եթերում։
Բարոյականության անկման մասին որևէ աշխատությունում հնարավոր չէ գտնել ազգակցին սպանողին հյուրընկալելու տեսարանի նկարագրություն։ Նիկոլ Փաշինյանը լրացնում է այդ բացը։ Նա դերասանական սգավորի դիմարտահայտությամբ մեկ րոպե լռությամբ հարգում է նախորդ օրը ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ կողմից սպանված արցախցիների հիշատակը, ապա մի քանի րոպե բարբաջելուց հետո, մի քանի անգամ, մի քանի տարբեր ձևակերպումներով բոլոր հնարավոր ճանապարհներով Հայաստան է հրավիրում ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ։
Նախորդ օրը սպանված հայ զինվորների հիշատակի ավելի մեծ անարգանք դժվար է պատկերացնել անգամ ամենասատանայական երևակայության դեպքում։ Նիկոլ Փաշինյանն ահա լրացնում է նաև այդ բացը՝ հանդես գալով որպես բացառիկ սատանիստ։ Նա անարգում է ոչ միայն դեռ չհուղարկավորված զինվորների հիշատակը, այլև Արցախի ողջ ժողովրդին։
Հրաժարվելով Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունից, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ստանձնում է իր կողմից Հայաստան հրավիրվող ու Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցնել պատրաստվող ադրբեջանցիների անվտանգությունը։ Ուղիղ եթերում։ Կառավարության նիստում: Տասնյակ ձայնազուրկների ներկայությամբ։
Ձայնազորւկներից որևէ մեկի մտքով, բնականաբար, չի անցնում հարցնել՝ մեծարգո ու վսեմաշուք պարոն վարչապետ, իսկ եթե պատահի, որ Հայաստանով անցնելու ձեր հրավերն ընդունի հենց երեկ հայերին սպանած ադրբեջանցի զինծառայողը, ի՞նչ բարոյականությամբ են հայկական իրավապահներն ապահովելու նրա անվտանգությունը։ Նման հարց չի հնչել ոչ միայն հարց հնչեցնելու իրավունքի, այլ նաև բոլորի շրջանում բարոյականության բացակայության պատճառով։
Բարոյականություն չունեցողները նաև հիշողությունից են զուրկ ու չեն զլացել հիշել, որ ժամանակին «վսեմաշուքի» կինն Ալիևի կնոջը հրավիրում էր Շուշի՝ թեյ խմելու, ինչ եղավ Շուշիի հետ, հայտնի է։
Հիմա ահա, Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին հրավիրում է սուրալ Հայաստանի ճամփեքով՝ դրանից բխող բոլոր դժբախտ ու դժգույն հետևանքներով։
Ադրբեջանցիներին Հայաստան հրավիրելու Նիկոլ Փաշինյանի գրկաբացությունը գռեհիկ է հնչում հատկապես վերջին շաբաթներին Հայաստան մուտքի թույլտվությունից զրկելու դեպքերի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս Հայաստան այցելել սփյուռքահայերին և միևնույն ժամանակ՝ Հայաստան է հրավիրում ադրբեջանցիներին։ Իսկ մինչ հրավերի ընդունումը՝ որպես իր խոսքերի առհավատչյա՝ առոք-փառոք վերադարձնում է հայ-ադրբեջանական սահմանը հատած «մոլորված» ադրբեջանցի զինվորին, այն դեպքում, երբ մինչև օրս Ադրբեջանում են գտնվում շուրջ 120 հայ ռազմագերիներ, որոնց թիվը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը՝ հետևելով Ալիևին, նվազեցնում է մինչև 39։ Այս հակադրությունները դավաճանություն կոչելը ժամավաճառություն է։ Սա շատ ավելին է, քան դավաճանությունը, որը երբևէ պետք է ունենա ոչ թե բարոյական, այլ քրեաիրավական հետևանքներ։
Նիկոլ Փաշինյանի գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում հայ հասարակության առողջության թեստ է։ Այնպես, ինչպես բժշկական ուսումնասիրությունների ժամանակ բացիլի միջոցով փորձում են ստուգել օրգանիզմի դիմադրողականությունը։ Հայ հասարակությունը դեռևս դիմադրում է։ Բայց փորձարկումների ժամանակ պատահում է նաև, որ բացիլը, ի վերջո, սպանում է օրգանիզմը։
Իրադարձություններն առայժմ խոսում են բացիլի՝ Նիկոլ Փաշինյանի հաղթարշավի մասին։
Հարություն Ավետիսյան