Նիկոլ Փաշինյանը մեկնում է զեկուցելու Ալիևին
Հայտնի է՝ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եթե անգամ լինում են, ապա օրինաչափությունները հաստատելու համար։ Անպատահականություն քաղաքականությունը նաև խորհրդանիշների զբաղմունք է, իսկ սիմվոլները մեծ նշանակություն ունեն հատկապես արևելյան ժողովուրդների, առանձնապես՝ թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Ահա այս իրողություններում այսօր՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Ասել, որ օրվա ընտրությունը պատահական է, նշանակում է հերքել, որ այդ հանդիպումը քաղաքականության հետ կապ ունի։
Իրականում, օգոստոսի 31-ը՝ որպես հանդիպման օր, մեծ հավանականությամբ, պահանջվել է Ադրբեջանի կողմից, և նրանից կախված Եվրամիությունը համաձայնել է պահանջին, թեև, իհարկե, պաշտոնապես հայկական կողմը կարող է հայտարարել, որ օրվա ընտրությունը «պայմանավորված է երկու կողմերի աշխատանքային գրաֆիկներով, դիվանագիտական արարողակարգով և այլն»։
Իսկ ինչո՞ւ հենց օգոստոսի 31-ը։ Որովհետև օգոստոսի 30-ին հայկական կողմը կատարել է Ադրբեջանի հերթական պահանջը՝ հանձնել է Բերձորի շրջանը՝ իր երեք գյուղերով։ Ահա, ուրեմն, Ալիևը՝ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ առնվազն ժամկետային առումով, ամռան սկզբին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքն ու Բերձորի շրջանը։ Առաջին օրերին հայկական կողմը ինչ-որ լղոզված ձևակերպումներով խուսափում է ուղիղ պատասխանից, հետո ասուլիս է տալիս Նիկոլ Փաշինյանը ու ասում, որ դրանք, այսպես թե այնպես, հանձնվելու են՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։
Բայց արդյունքում, հայկական կողմը՝ Հայաստանի գլխավորությամբ ու Արայիկ Հարությունյանի ֆունկցիոներությամբ, կատարում է Ալիևի հերթական պահանջը՝ Ալիևի սահմանած ժամկետում, նույնիսկ առանց որևէ դիմադրության փորձի, առանց գոնե իրավիճակը փոխելու ջանքի։ Եվ, ահա, ստացվում է, որ Արդբեջանի պահանջը կատարելու հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ալիևին։ Կարելի է միայն կռահել, թե ինչ ձևաչափով է Նիկոլ Փաշինյանն Ալիևին տեղեկացնելու պահանջի կատարման մասին։ Գուցե զեկույցի։ Հնարավոր է՝ հաշվետվության։ Բացառված չէ՝ կատարողական ակտի ներկայացմամբ։
Ալիևի արձագանքը նույնպես կարելի է ենթադրել։ Նա կարող է ժպտալ ու գլխով հավանության նշան անել, հնարավոր է՝ գոհունակությունն արտահայտի ձեռքի շարժումներով, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի բախտը ժպտա, Ալիևը կարող է նաև բավարարված պատվիրատուի մեծագոհությամբ թփթփացնել նրա ուսին։
Իրականության մեջ Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսել է գնում ոչ թե հավասարը հավասարի հետ Ալիևի հետ հանդիպելու նպատակով, այլ մոտավորապես այնպես, ինչպես ուսանողն է գնում քննության, կամ կապալառուն է ներկայանում պատվիրատուին՝ կատարված աշխատանքի մասին հաշվետվություն տալու։
«Դավաճան» պիտակից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ խոստովանությամբ, զոհեց մի ամբողջ սերնդի, ինչը, իհարկե, նրան չփրկեց «դավաճանի» խարանից։ Նիկոլ Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ նա դավաճանել է պատերազմից առաջ կամ դրա ընթացքում։
Ենթադրենք, բոլոր այդ մեղադրանքները ծայրից ծայր սուտ են, և Նիկոլ Փաշինյանը համայն հայության ամենահայրենասեր առանձնյակն է ու պատերազմի ընթացքում իրեն դրսևորել է անձնուրաց քաջի հանգույն։ Ենթադրենք: Իրականում, եթե անգամ նա դավաճանության փորձ իսկ չի արել պատերազմից առաջ ու դրա ընթացքում, ապա իրական դավաճանություն է նաև այն, ինչ նա անում է արդեն շուրջ երկու տարի՝ հետպատերազմյան շրջանում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանից բացի, ցանկացած մեկը, անգամ նրա թիմակիցներից, Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի ու Արցախի համար կկարողանար պաշտպանել առնվազն պակաս ստորացուցիչ պայմաններ, քան իր նվաստացած կարգավիճակով կարողանում է Նիկոլ Փաշինյանը։ Կառչելով իշխանությունից՝ նա ամեն օր դավաճանում է Արցախի ու Հայաստանի շահերին՝ առնվազն այնքանով, որքանով իրենից բացի ցանկացած մեկը կկարողանար արժանապատվության գոնե նվազագույն նշաձող ապահովել անձամբ Նիկոլ Փաշինյանին ստորացնելուց գերագույն հաճույք ստացող Ալիևի հետ բանակցություններում։
Հարություն Ավետիսյան